Июль 14, 2025 | 10:30
Կրթություն
Հասարակություն
Շրջանավարտներ
Հայալեզու գրականությունը փոփոխվող աշխարհում. գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի դիտարկումները
Ժամանակակից աշխարհում գրականության ոլորտում առկա են զարգացման նոր միտումներ և գործոններ։ Այդ զարգացումները նկատելի են նաև Հայաստանում։ Ըստ գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի՝ լավ գրելը կամ որակյալ գրական տեքստ ստեղծելը գրողի համար բավարար պայման չէ հանրայնության հասնելու, ճանաչվելու և գրքեր վաճառելու համար։ ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ժամանակ գրականագետը «Լեզու, պատմություն, մշակույթ և ավանդույթ» սեկցիայի շրջանակում հանդես է եկել բանախոսությամբ՝ անդրադառնալով հայալեզու նոր գրականությանն ու զարգացման միտումներին։

«Եթե Հայաստանում անցկացնենք հարցում՝ պարզելու, թե ովքեր են ցանկանում դառնալ գրող, մեր ունեցած տվյալների և մեզ հասած նամակների համաձայն՝ յուրաքանչյուր երեք հոգուց երկուսը կա՛մ արդեն գրում է, կա՛մ երազում է գրող դառնալ»,- նշեց Արքմենիկ Նիկողոսյանը բանախոսության ընթացքում։
Նրա կարծիքով՝ անկախության շրջանում հայ գրականությունը չմարսվեց, չընթերցվեց և չդարձավ հանրային մտածողության ու գիտակցության մի մաս։ Այդ պատճառով էլ այսօր շարունակվում են հնչել հարցեր՝ արդյո՞ք այսօր կան գրողներ, արդյո՞ք գոյություն ունի հայ գրականություն, ինչի՞ մասին են գրում նրանք և այլն։
«Սրանք հարցեր են, որոնց մենք վաղուց պատասխանել ենք գոնե մասնագիտական շրջանակում»,- ասաց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր նման հանդիպման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գրականության, օրինակ, վերջին 4-5 տարիների ընթացքում կատարված փոփոխություններին և զարգացումներին։
«Այս առումով իսկապես տեղի են ունեցել գլոբալ փոփոխություններ։ Ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մենք գործ ունենք երկու տարբեր ժամանակաշրջանների գրականության հետ։ Եթե համեմատենք միայն երկու ժամանակաշրջան՝ խորհրդահայ գրականությունը և անկախության շրջանի գրականությունը, կտեսնենք, որ դրանք մտքերով, գաղափարներով, թեմաներով, գրական ազատության մակարդակով, ինչպես նաև պոետիկական հնարքներով ու բառապաշարով երբեմն նույնիսկ կատեգորիկ տարբերվում են։ Եվ այս տարբերությունները վերաբերում են թե՛ արձակին, թե՛ պոեզիային»,- նշեց նա։
Գրականագետի կարծիքով՝ կա մի շատ կարևոր հանգամանք, որը պետք է հաշվի առնել ժամանակակից գրականություն ընթերցելիս. դա մեր ապրած օրերի հասարակական և քաղաքական իրադարձությունների արագ և բազմաբնույթ ներգործությունն է գրականության վրա։ Նորագույն տեխնոլոգիաների ու ամենատարբեր PR հնարքների արագ ազդեցությունն էլ դարձնում է գրականությունը ավելի հաճախ ենթարկվող շուկայի պահանջներին և հանրային միտումներին։

«Տարբեր ուսումնասիրությունների արդյունքում մենք կարող ենք բախվել տարբեր խնդիրների՝ սկսած նրանից, որ այն գրքերը կամ գրականությունը, որոնք ավելի հաճախ են գովազդվում, քարոզվում կամ վաճառվում, իրականում մասնագիտական գնահատման տեսանկյունից կարող են չարդարացնել սպասելիքները։ Շատ հաճախ մենք ականատես ենք լինում փաստերի, երբ մարդիկ տարբեր հորդորով ձեռք են բերում ժամանակակից հայ գրողների գրքեր, որին հաջորդում է հիասթափությունը։ Սա արդյունք է այն բանի, որ գրողը ժամանակակից փուլում երբեմն ստիպված դիմում է ամենատարբեր մոտեցումների, հնարքների»,- հավելեց Ա. Նիկողոսյանը։
Բանախոսն ընդգծում է, որ գրելուց զատ՝ շատ կարևոր նախապայմաններ կան՝ սկսած գրողի կերպարից, անհատականությունից, խոսքից, նրա շուրջ տարվող գովազդային արշավներից, որոնք կարող են ամենատարբեր արդյունքներ տալ և պատկերներ ստեղծել։
«Ժամանակակից աշխարհում, այդ թվում` Հայաստանում, շատ լավ գրելն ու որակյալ տեքստ ստեղծելը այլևս բավարար պայմաններ չեն հանրայնության հասնելու, ճանաչվելու և գրքեր վաճառելու համար, քանի որ հիմա նոր միտումներ կան»,- ամփոփեց Ա․ Նիկողոսյանը։
Այս և քննարկված այլ թեմաների մանրամասները՝ տեսանյութում։
Видео