- Главная
- Node
- Կանայք պատերազմի մթնոլորտում. պատմություններ, որոնք անհրաժեշտ է կարդալ
Сентября 05, 2025 | 15:51
Գրադարան
Կրթություն
Հասարակություն
Կանայք պատերազմի մթնոլորտում. պատմություններ, որոնք անհրաժեշտ է կարդալ
Պայքար, կորուստներ, տոկունություն, հիշողություններ... Պատերազմը նաև միլիոնավոր կանանց լուռ պայքարն է, նրանց անմար ուժը, մարդկային զգացմունքներն ու անհատական պատմությունները, որոնք հաճախ մնում են անտեսանելի։ Պատերազմներում կանանց ունեցած դերին անդրադարձ կատարվեց ԵՊՀ-ում տեղի ունեցած «Կանայք և պատերազմը. գրքերի ներկայացում և քննարկում» խորագրով միջոցառման ժամանակ։ Հետաքրքիր զրույց ծավալվեց երկու գրքերի շուրջ՝ «Ասելուկ» (հեղինակ՝ Թամթա Մելաշվիլի, Վրաստան) և «Փողեր Հիտլերից» (հեղինակ՝ Ռադկա Դենեմարկովա, Չեխիա)։

Միջոցառումը կազմակերպվել էր ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի, Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի, «ՓԵՆ-Հայաստան» ՀԿ-ի, «ԱՐԻ» գրականության հիմնադրամի և «ԷՋ» հրատարակչության համատեղ ջանքերով։ Միջոցառման նպատակն էր ուշադրություն հրավիրել կանանց դերին պատերազմական իրավիճակներում՝ գրականության միջոցով բացահայտելով նրանց փորձառությունն ու պատմությունները։
ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը, ներկայացնելով հեղինակներին և նրանց ստեղծագործությունները, կարևորեց բարձրաձայնված թեման։ Նա նշեց, որ այսօրինակ թեմաներով քննարկումները նպաստում են հասարակության շրջանում միշտ արդիական խնդիրների վերհանմանը, գրականության միջոցով դրանց շուրջ քննարկումների խթանմանը, ինչպես նաև ստեղծագործողների և ընթերցողների միջև նոր կամուրջների ձևավորմանը։
Վերոնշյալ գրքերի հեղինակները՝ Թամթա Մելաշվիլին և Ռադկա Դենեմարկովան, միջոցառման ժամանակ խոսեցին իրենց գրքերի ստեղծման մասին, պատմեցին պատմություններ, իրադարձություններ, ինչպես նաև անդրադարձան նշյալ թեմաների շուրջ իրենց հետազոտություններին։
«Ասելուկ»-ը վրացի գրող Թամթա Մելաշվիլիի ստեղծագործությունն է (թարգմանությունը վրացերենից կատարել է Ասյա Դարբինյանը, խմբագիրն է Արմեն Օհանյանը), որը պատմություն է մի գյուղաքաղաքում շրջափակման մեջ հայտնված երկու դեռահաս ընկերուհիների մասին։ Գրողը առօրյա խոսքերի ու պատմությունների միջոցով ցույց է տալիս պատերազմի իրական «դեմքը»։ Այս վեպը ոչ միայն «պատմում է» պատերազմի պատմությունը, այլև հիշեցնում է, որ կանայք ամենադժվարին պահերին չեն լռում․ նրանք շարունակում են պայքարել, արտահայտվել և իրենց սրտով ու մտքով ձևավորել շրջապատող իրականությունը։

«Ես այդ գիրքը գրել եմ 2010 թվականին՝ փորձելով արտահայտել իմ զգացումները Ռուսաստան-Գերմանիա պատերազմի վերաբերյալ։ Թեպետ այն ժամանակ ես գրքեր չէի գրում և անգամ մտադիր չէի գրող դառնալ, սակայն դա միակ բանն էր, որ մենք կարող էինք անել։ Այդպիսով ես ցանկանում էի արտահայտել իմ բողոքը և զայրույթը հենց այդ և առահասարակ պատերազմների դեմ»,- ասաց Թամթա Մելաշվիլին։
«Ասելուկ»-ն արժանացել է Վրաստանի ամենահեղինակավոր «Սաբա» մրցանակին, թարգմանվել ավելի քան վեց լեզուներով, բեմադրվել։
«Փողեր Հիտլերից» ստեղծագործության հեղինակն է չեխ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Ռադկա Դենեմարկովան, որը չորս անգամ արժանացել է չեխական հեղինակավոր «Մագնեզիա Լիտերա» մրցանակին։ Հեղինակի ստեղծագործությունները թարգմանվել են 23 լեզուներով։
Գիրքը 16-ամյա Գիտա Լաուշմանովայի մասին է, որը վերապրում է ցեղասպանությունը և համակենտրոնացման ճամբարում կորցնում ծնողներին ու քրոջը։ Հեղինակը նրա միջոցով ներկայացնում է Երկրորդ աշխարհամարտից հետո՝ մինչև 21-րդ դարասկիզբ տեղի ունեցած իրադարձությունները։ Սկզբում՝ դեռատի աղջկա, այնուհետև՝ տարեց կնոջ պատմությունները պատմվում են յուրահատուկ ոճով։ Հերոսուհին 1945 թվականին վերադառնում է ծննդավայր՝ չեխական Պուկլիցե գյուղ՝ հույս ունենալով նոր կյանք կառուցելու, սակայն իրադարձությունների ընթացքը փոխվում է։

Դենեմարկովայի վեպը և՛ անձնական, և՛ քաղաքական ողբերգություն է։ Այն պատմում է, թե ինչպես է տրավման փոխանցվում սերնդեսերունդ, և թե ինչպես կարող է արդարությունն ուշանալ։ Գիրքը ներկայացնում է ոչ միայն ցավն ու կորուստը, այլև հույսի և միասնականության խորհրդանիշը՝ մեծացնելով պատերազմի դեմ պայքարում կանանց դերը։
«Գիրքը գրելիս իմ մտքում մեկ հարց էր՝ ինչպես է մտածում Կենտրոնական Եվրոպան։ Թեպետ այսօր աշխարհն ազատորեն խոսում է տարբեր թեմաների մասին, օրինակ՝ սեռական խտրականություն, բռնություն, սակայն դեռևս կան թեմաներ, որոնց մասին խոսելուց մարդիկ խուսափում են։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի անդրադառնալ Չեխոսլովակիայի (ներկայիս Չեխիա և Սլովակիա պետությունները) գերմանախոս հրեական ընտանիքներին, որոնց հետ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անարդար էին վարվում միայն այն պատճառով, որ նրանք գերմաներեն էին խոսում»,- ասաց հեղինակը։
Նշենք, որ «Ասելուկ» և «Փողեր Հիտլերից» գրքերը հրատարակվել են «Էջ» հրատարակչության նախաձեռնությամբ և ԵՄ համաֆինանսավորմամբ։

Հանդիպման ժամանակ քննարկվեցին պատերազմին, տրավմաներին, հիշողությանը և արդարության վերականգնմանն առնչվող մի շարք հարցեր։
«Ասելուկ» գրքի թարգամանիչ Ասյա Դարբինյանը և խմբագիր Արմեն Օհանյանը (Արմեն Հայաստանցի) անդրադարձան թարգմանության և խմբագրման խնդիրներին, ստեղծագործական մոտեցումներին։
Քննարկման մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հեղինակներին, կիսվելու իրենց տպավորություններով, խոսելու պատերազմի ազդեցության մասին, անդրադառնալու կանանց ներգրավվածության տարբեր ձևերին և քննարկելու գրականության կարևորությունը պատմական հիշողության պահպանման գործում։ Մասնակիցները կարևորեցին պատերազմում կանանց ձայնի հնչեցման անհրաժեշտությունը և գրականության դերը այդ ձայնը փոխանցելու գործում։
Միջոցառումը եզրափակվեց այն շեշտադրմամբ, որ «Կանայք և պատերազմը» թեման կարևոր է ոչ միայն գրական, այլև սոցիալական և քաղաքական հարթակներում՝ հիշեցնելով, որ պատերազմն ունի բազմաթիվ «դեմքեր», և կանայք հաճախ լինում են այն անմիջական վկաները, որոնք իրենց պատմությունը պետք է պատմեն աշխարհին։