
Աիդա Բ. Ավանեսյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում։ Իրավաբանական կրթությունը ստացել է Թեհրանի համալսարանում՝ ավարտելով մասնավոր իրավունքի բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերը, այնուհետև ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան Լոնդոնի թագավորական քոլեջից։
Արբիտրաժի ոլորտում գործունեությունը սկսել է որպես իրավաբանական խորհրդատու Իրանի և ԱՄՆ-ի պահանջների տրիբունալում անցկացվող արբիտրաժային գործընթացներում, իսկ հետո աշխատել որպես մասնավոր իրավաբան՝ զբաղվելով նաև նախագծային համաձայնագրերի և միջազգային ֆինանսավորման աշխատանքներով։
Նրա հեղինակությամբ բազմաթիվ գրքեր են հրատարակվել, այդ թվում՝ «Iran-United States Claims Tribunal in Action» («Իրանի և ԱՄՆ-ի պահանջների տրիբունալի գործունեությունը գործնականում») (անգլերեն, 1993 թվական, Լոնդոն, Անգլիա), «Ծրագրային ֆինանսավորում» (հայերեն, 2019 թվական, Երևան, Հայաստան), «Արբիտրաժ (ազգային և միջազգային)» (հայերեն, 2021 թվական, Երևան, Հայաստան)։
2013 թվականից տեղափոխվել է Հայաստան՝ մշտական բնակության։ Այժմ Հայաստանի արբիտորների ասոցիացիայի անդամ է, Հայաստանի ամերիկյան համալսարանի Վեճերի այլընտրանքային լուծման կլինիկայի ամենամյա «Արբիտրաժի խաղ-մրցույթի» համահիմնադիրներից է, ինչպես նաև իրականացնում է մի շարք վերապատրաստման ծրագրեր՝ ներառյալ արբիտորների համար նախատեսված դասընթացներ արբիտրաժային վարույթներ վարելու, ինչպես նաև դատավորի թեկնածուների համար՝ արբիտրաժի սկզբունքների վերաբերյալ։
2015 թվականից դասավանդում է «Նախագծերի ֆինանսավորում» և «Ալտերնատիվ վեճերի լուծում և արբիտրաժ» առարկաները Հայաստանի ամերիկյան համալսարանում, 2016–2018 թթ-ին դասախոսել է «Արբիտրաժ» և «Մասնավոր միջազգային իրավունք» առարկաները Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում, 2018 թվականից դասավանդում է «Ալտերնատիվ վեճերի լուծում – Մեդիացիա և արբիտրաժ» առարկան Հայաստանի ֆրանսիական համալսարանում և 2023 թվականից՝ «Առևտրային արբիտրաժ» առարկան Երևանի պետական համալսարանում։