- Главная
- Node
- ԵՊՀ կենսաբանները միջազգային գիտական հարթակներում․ նոր գիտելիք, նոր համագործակցություններ և նոր հնարավորություններ
Сентября 11, 2025 | 10:50
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ կենսաբանները միջազգային գիտական հարթակներում․ նոր գիտելիք, նոր համագործակցություններ և նոր հնարավորություններ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը շարունակաբար ամրապնդում է իր դիրքերը միջազգային գիտական ասպարեզում։ Ուսանողների, երիտասարդ հետազոտողների և փորձառու մասնագետների ներգրավումը միջազգային ծրագրերում ու համաժողովներում ոչ միայն հարստացնում է մասնագիտական գիտելիքները, այլև բարձրացնում համալսարանի՝ որպես ժամանակակից հետազոտական կենտրոնի հեղինակությունը։

Վերջերս Կենսաբանության ֆակուլտետի ներկայացուցիչները մասնակցել են գիտահետազոտական ծրագրերի, իրենց հետազոտություններն են ներկայացրել միջազգային գիտաժողովների շրջանակում՝ ընդգրկվելով միջազգային գիտական հարթակներում, ինչն ուղենշում է Հայաստանում ոլորտի զարգացման նոր հեռանկարներ։
ԵՊՀ գիտաշխատողի փորձառությունը Բելգիայում
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Լիանա Վանյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Մասնագիտական վերապատրաստում-2025» ծրագրի շրջանակում եռամսյա այցով մեկնել էր Լյուվենի կաթոլիկ համալսարան (Բելգիա)։ Նրա հիմնական նպատակն էր խորությամբ ուսումնասիրել գենետիկական ինժեներիայի արդի մեթոդները, հատկապես CRISPR տեխնոլոգիայի կիրառությունները։

Լաբորատորիան, որտեղ նա աշխատել է պրոֆեսոր Յան Միշելի ղեկավարությամբ, ճանաչված է իր նորարարական մոտեցումներով։ Այստեղ մշակված մեթոդաբանության շնորհիվ հնարավոր է կարճ ժամանակում ստանալ աղիքային ցուպիկի տարբեր մուտացիաներ։ Դա պայմանավորված է հատուկ հավաքածուով, որն արդեն ներառում է անհրաժեշտ բոլոր պլազմիդներն ու նյութերը։
«Լյուվենում ես ոչ միայն յուրացրի մեթոդը, այլև կարողացա ստանալ հենց այն մուտացիաները, որոնք նախատեսել էի։ Ավելին՝ Հայաստան բերեցի ստացված մուտանտ շտամներն ու անհրաժեշտ պլազմիդները։ Այժմ դրանք արդեն կիրառվում են մեր լաբորատորիայում հետազոտություններ կատարելիս»,- նշում է Լիանա Վանյանը։
Նրա խոսքով՝ ամենամեծ արժեքը ոչ միայն տեխնիկական գիտելիքներն էին, այլև միջավայրի փոփոխությունը։
«Մեր լաբորատորիայի հիմնական ուղղվածությունը կենսաքիմիան ու կենսաէներգետիկան են, մինչդեռ այնտեղ ամբողջությամբ կենտրոնացած են մոլեկուլային կենսաբանության վրա։ Դա ինձ հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր գիտելիքներ, տեսնելու տարբեր մոտեցումներ և համադրելու դրանք մեր իրականության հետ»,- ասում է նա։
Այժմ ԵՊՀ-ում արդեն ընթանում են ստացված մուտանտ շտամներով կենսաքիմիական ու կենսաէներգետիկական հետազոտությունները։ Փորձարարական փուլից հետո արդյունքները կներկայացվեն համատեղ գիտական հոդվածում՝ Լյուվենի համալսարանի գործընկերների հետ համահեղինակությամբ։
«FEBS» 49-րդ գիտաժողով․ ԵՊՀ-ն միջազգային հարթակում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը մեկ այլ կարևոր ներգրավվածություն է ունեցել միջազգային հարթակում․ ֆակուլտետի յոթ աշխատակիցներ, այդ թվում՝ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի հիմնարար և ախտաբանական կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ Նիկոլայ Ավթանդիլյանը, մասնակցել են Ստամբուլում (Թուրքիա) կայացած «FEBS» (Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիա) 49-րդ գիտաժողովին։

Մասնակիցները հանդես են եկել պաստառային զեկուցումներով, որոնց ամփոփագրերը հրապարակվել են «FEBS Open Bio» (Q2) հանդեսում։ Սա լավ հնարավորություն էր ոչ միայն ներկայացնելու Հայաստանում կատարվող հետազոտական աշխատանքները, այլև լսելու ոլորտի առաջատար գիտնականների արձագանքները և ձևավորելու նոր համագործակցությունների հիմքեր։
«Գիտաժողովը հնարավորություն տվեց մեր աշխատանքները ներկայացնելու միջազգային լսարանին։ Երբ մասնակիցներն իմանում էին, որ ԵՊՀ-ից ենք, զարմանում էին, թե կարճ ժամանակամիջոցում ինչ առաջընթաց ենք գրանցել ոլորտում։ Եթե համեմատենք հինգ տարի առաջվա մեր լաբորատորիաներն ու սարքավորումներն այժմյան վիճակի հետ, ապա հստակ կարող ենք արձանագրել, որ այժմ մեր գործունեությունն արմատապես փոխվել է՝ դառնալով միջազգային չափանիշներին համապատասխան»,- պատմում է Ն․ Ավթանդիլյանը։
Նա ընդգծում է նաև միջոցառման կառուցվածքի կարևորությունը․ գիտաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել լսելու ոլորտի առաջատարների դասախոսությունները, մասնակցելու թեմատիկ բաժինների աշխատանքներին և ստանալու մասնագիտական նոր հմտություններ։