- Գլխավոր
- Նորություններ
- Ազդարարվեց «Տարածական ուսումնասիրությունների և քաղաքային ինֆորմատիկայի կենտրոն» հայ-ճապոնական ծրագրի մեկնարկը
Սեպտեմբեր 11, 2025 | 16:58
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Ազդարարվեց «Տարածական ուսումնասիրությունների և քաղաքային ինֆորմատիկայի կենտրոն» հայ-ճապոնական ծրագրի մեկնարկը
ԵՊՀ-ում այսօր պաշտոնապես ազդարարվեց «Տարածական ուսումնասիրությունների և քաղաքային ինֆորմատիկայի կենտրոն» հայ-ճապոնական ծրագրի մեկնարկը: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ասիստենտ Արտակ Փիլոյանի և գործընկերների հեղինակած այս նախագիծը երաշխավորվել է ֆինանսավորման ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում-2025» մրցույթում։

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մասնագետները, համագործակցելով Տոկիոյի համալսարանի (Ճապոնիա) գիտաշխատողների հետ, նախագծի շրջանակում կիրականացնեն մի շարք կիրառական և գիտական ուսումնասիրություններ՝ ուղղված Երևանի թվայնացմանը, քաղաքային միջավայրի կայուն զարգացմանը, սեյսմիկ դիմացկունության գնահատմանը, ինչպես նաև մարդկանց և քաղաքային միջավայրի փոխազդեցության բացահայտմանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ կենտրոնի բացումը միտված է արդիականացնելու Հայաստանի գիտակրթական համակարգը: Նա նշեց, որ տարածական ուսումնասիրությունները և քաղաքային ինֆորմատիկան գիտության, տեխնոլոգիայի և հասարակության խաչմերուկում են և տալիս են մեզ գործիքներ՝ ավելի լավ հասկանալու, թե ինչպես է մեր քաղաքը գործում, հասկանալու մարդկանց և միջավայրի փոխազդեցությունը, ինչպես նաև ավելի լավ մարդակենտրոն համայնքներ կառուցելու հնարավորություն:
Ռեկտորն ընդգծեց, որ այս նախագիծը ԵՊՀ գիտական թիմի նվիրվածության արդյունքն է. «Ոգեշնչող է, որ ԵՊՀ հետազոտողները նախաձեռնողներն են այս բարդ նախագծի, նրանք չեն ընկրկել մարտահրավերների առջև և կառուցել են միջազգային ամուր համագործակցություն»:
Հովհաննես Հովհաննիսյանը կարևորեց նաև ԵՊՀ հետազոտողների համագործակցությունը Տոկիոյի համալսարանի պրոֆեսորներ Յոշիհիդե Սեկիմոտոյի և պրոֆեսոր Կոտարո Իզուկայի հետ՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքները կտան սպասված արդյունքը:
Ռեկտորը վստահ է, որ կենտրոնի բացումը ուսանողներին, երիտասարդ գիտնականներին ու գործընկերներին նոր հնարավորություններ կընձեռի, կամրապնդվի միջգիտակարգային համագործակցությունը ու համալսարանի տեխնոլոգիական բազան, և Հայաստանի գիտությունը կշարունակի հասանելի ու մրցունակ մնալ միջազգային ասպարեզում:

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յուտակա Աոկին հիշատակեց, որ անցած շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ այցելեց Ճապոնիա, որտեղ անցկացվեց գագաթնաժողով, և որի ընթացքում հաստատվեց երկկողմ համաձայնություն՝ խորացնելու երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և աղետների կանխարգելման բնագավառներում։
«Ես Հայաստանում կատարում եմ դեսպանի պարտականությունները արդեն մեկուկես տարի և այս ընթացքում հասցրել եմ ձեռք բերել շատ ընկերներ թե՛ հայերի և թե՛ ճապոնացիների շրջանում, որոնք միասին աշխատում են մեր երկկողմ հարաբերությունները ամրապնդելու ուղղությամբ։ Վստահ եմ, որ «Տարածական ուսումնասիրությունների և քաղաքային ինֆորմատիկայի կենտրոն»-ը կմշակի սեյսմիկ խոցելիության գնահատման առաջադեմ մեթոդաբանություն՝ տվյալների վրա հիմնված մոդելավորման և որոշումների կայացման գործընթացները բարելավելու համար։ Ես մեծ սպասում ունեմ, որ կենտրոնը նոր էջ կբացի Ճապոնիայի և Հայաստանի համագործակցության պատմության մեջ»,- ասաց դեսպանը։

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավար Սարգիս Հայոցյանը նշեց, որ հպարտ են աջակցելու այս նորարարական նախաձեռնությանը, քանի որ այն ներդրում է ոչ միայն գիտության ու կրթության ոլորտում, այլև ի նպաստ Հայաստանի դիմակայունության և երկարաժամկետ բարգավաճման։
«Այս նախաձեռնությունը Հայաստանի և Ճապոնիայի օրինակելի համագործակցության արդյունքն է։ Մենք ուրախ ենք հյուրընկալել նման հեղինակավոր գործընկերների և վստահ ենք, որ այս համագործակցությամբ կհզորանան թե՛ մեր երկրները, թե՛ մեր երկրների գիտական ոլորտները։ Այս նախաձեռնությունը իրականում արտացոլում է մեր տեսլականը՝ Հայաստանը դարձնելու նորարարության և գիտելիքի խոշոր հարթակ տարածաշրջանում՝ զարգացնելով երկրաշարժերի ժամանակ քաղաքային շարժունակության ուսումնասիրությունները, ստեղծելով Երևանի թվային երկվորյակը և խթանելով մարդակենտրոն քաղաքների հետազոտությունները։ Համոզված եմ, որ այս կենտրոնը կծառայի որպես համագործակցության կամուրջ»,- հավելեց ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավարը:

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, նախագծի ղեկավար Արտակ Փիլոյանը ներկայացրեց կենտրոնի տեսլականն ու ապագա ուղղությունները՝ ընդգծելով, որ նպատակ ունեն խթանելու քաղաքային ինֆորմատիկան Հայաստանում, զարգացնելու քաղաքային գիտությունը որպես նոր ճյուղ, իրականացնելու մարդակենտրոն պլանավորում կայուն զարգացման համար, ստեղծելու արհեստական բանականության վրա հիմնված մոդելներ՝ սեյսմիկ ռիսկերը հաղթահարելու համար, ինչպես նաև աջակցելու ապացույցների վրա հիմնված քաղաքային կառավարմանը:
Միջոցառման ընթացքում ծրագրի արտասահմանյան ղեկավար, Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Յոշիհիդե Սեկիմոտոն ներկայացրեց Տոկիոյի համալսարանի CSIS կենտրոնի «Human-Centered Urban Informatics» լաբորատորիան: Նույն համալսարանի պրոֆեսոր Կոտարո Իզուկան էլ անդրադարձավ «Տարածական տեղեկատվական գիտությունը աղետների ռիսկերը նվազեցնելու համար» թեմային:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև Տոկիոյի համալսարանի գիտաշխատող Արթուր Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Քաղաքային միջավայրում մարդկային վարքագծի ուսումնասիրություններ և անուղղակի մասնակցային պլանավորում քաղաքային ինֆորմատիկայի միջոցով» թեման, իսկ Տոկիոյի համալսարանի ուսանողներն ու ասպիրանտները ներկայացրին Երևան քաղաքի տրանսպորտային լուծումների վերաբերյալ հետազոտական զեկույցներ: