- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում անցկացվեց «Ուսուցչական համաժողով-2026» կրթական ամենամյա միջոցառումը
Մայիս 27, 2026 | 14:57
Կրթություն
Հասարակություն
Միջոցառումներ
ԵՊՀ-ում անցկացվեց «Ուսուցչական համաժողով-2026» կրթական ամենամյա միջոցառումը
Կրթության ոլորտում տեխնոլոգիական նորարարությունների կիրառման, դասավանդման ժամանակակից մեթոդների և հանրակրթական բարեփոխումների արդյունավետության շուրջ քննարկումները մեկ հարթակում համախմբեցին հարյուրավոր ուսուցիչների։ ԵՊՀ-ում կայացավ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով ուսուցչական ամենամյա համաժողովը, որի նպատակն էր արձանագրել հանրակրթության ոլորտում կատարվող լայնածավալ փոփոխությունների ընթացքը, ներկայացնել ոլորտում կիրառվող նորարարական փորձը և խթանել մասնագիտական համագործակցությունը։
Երևանից և ՀՀ մարզերից շուրջ 700 ուսուցչի համախմբած համաժողովի ընթացքում քննարկվեցին կրթական գործընթացում թվային գործիքների կիրառման արդյունավետությունը, արհեստական բանականության հնարավորություններն ուսուցման ոլորտում, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով աշակերտակենտրոն կրթության զարգացման հեռանկարները։ Բանախոսները շեշտեցին, որ կրթական համակարգի շարունակական բարեփոխումների պայմաններում տեխնոլոգիական հմտություններն ու նորարարական մտածողությունը դառնում են ուսուցչի մասնագիտական գործունեության կարևոր բաղադրիչ։
Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտորը՝ ընդգծելով, որ համալսարանը հիմնադրման առաջին իսկ օրվանից եղել է գիտելիքի, գիտության և կրթական առաջընթացի կարևոր կենտրոն։ Նա հատկապես կարևորեց այն, որ այսօր համալսարանում համախմբվեցին Հայաստանի մանկավարժական համայնքի ներկայացուցիչները՝ քննարկելու կրթության զարգացման նոր հնարավորությունները, կիսվելու փորձով և ուղենշելու ապագայի հեռանկարները։
Ռեկտորը նշեց, որ ժամանակակից կրթությունը արագորեն վերափոխվում է, և այդ փոփոխությունների առանցքում են տեխնոլոգիաները։ Նա անդրադարձավ արհեստական բանականության, թվային ուսուցման հարթակների և ինտերակտիվ բովանդակության աճող դերակատարմանը՝ շեշտելով, որ դրանք արդեն կրթական միջավայրի բնական մասն են՝ ստեղծելով նոր հնարավորություններ թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար։ Միևնույն ժամանակ, նա ընդգծեց՝ որքան էլ զարգանան տեխնոլոգիաները, որևէ գործիք չի կարող փոխարինել ուսուցչի ներկայությանը, մասնագիտական պատասխանատվությանն ու ոգեշնչելու կարողությանը։ Սակայն, ըստ նրա, ճիշտ կիրառված տեխնոլոգիան կարող է ընդլայնել ուսուցչի հնարավորությունները, հարստացնել դասավանդման մեթոդները և ուսուցումը դարձնել առավել հասանելի, հետաքրքիր ու արդյունավետ։
«Այս համատեքստում կարևոր է ձևակերպել ճիշտ հարցադրում։ «Արդյո՞ք տեխնոլոգիաները պետք է տեղ գտնեն կրթության գործընթացում» հարցադրմանը պետք է փոխարինի հետևյալը․ «Ինչպե՞ս պետք է դրանք կիրառվեն, որ ծառայեն կրթության որակի բարելավմանը, զարգացնեն մտածողությունը, խրախուսեն ստեղծարարությունը և պահպանեն ուսուցիչ-աշակերտ կենդանի կապը»։ Տեխնոլոգիական նորարարությունը արժեքավոր է այն դեպքում, երբ օգնում է կրթությանը դառնալու ավելի բովանդակային, ներառական և ապագային միտված»,- նշեց ԵՊՀ ռեկտորը՝ կարևորելով դպրոց–համալսարան համագործակցության ամրապնդումը։ Նրա խոսքով՝ այսօրվա աշակերտը վաղվա ուսանողն ու մասնագետն է, իսկ այդ ճանապարհի ամենակարևոր ուղեկիցներից մեկը ուսուցիչն է։
Համաժողովին ուսուցիչների ակտիվ մասնակցությունը կարևորեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մատնանշելով, որ նմանօրինակ ձևաչափի քննարկումները կրթական համայնքի համար դարձել են պահանջված։
«Սա վկայում է այն մասին, որ լսելը, քննարկելը, միասին նոր գաղափարներ գեներացնելն ու լուծումներ գտնելը ուսուցչական համայնքի համար արդիական և կարևոր են։ Այսպիսի քննարկումներն օգնում են բարձրացնելու կրթության որակը և զարգացնելու հանրակրթության համակարգը»,- շեշտեց նախարարի տեղակալը։
Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում վերջին շրջանում դարձել է ակտիվ քննարկումների թեմա՝ առաջ բերելով տարբեր մոտեցումներ ու տեսակետներ։ Այդ պատճառով էլ որոշվել է ամենամյա համաժողովներից մեկը նվիրել հենց տեխնոլոգիական կրթությանը՝ հասկանալու, թե ինչպես պետք է կիրառել տեխնոլոգիաները, որ դրանք լինեն արդյունավետ և չառաջացնեն ռիսկեր սովորողների մտածողության, մոտիվացիայի ու դասապրոցեսում ներգրավվածության առումով։
«Հարցին, թե արդյո՞ք տեխնոլոգիաները պետք է կիրառվեն կրթության ոլորտում, կա միանշանակ պատասխան՝ այո՛, պետք է կիրառվեն։ Սակայն կարևոր է հասկանալ, թե ինչպես կիրառել դրանք և ծառայեցնել կրթության արդյունավետությանը»,- ընդգծեց նա։
Արաքսիա Սվաջյանը կարևորեց նաև կրթության գործընթացում արհեստական բանականության հնարավորությունների կիրառումը և ռիսկերի ճիշտ գնահատումն ու կանխարգելումը: Ըստ նրա՝ տեխնոլոգիաների ընձեռած նոր հնարավորությունները պետք է դարձնել աշակերտների հետ առավել արդյունավետ աշխատելու ձևեր։
«Տեխնոլոգիաներն այնպիսի արագությամբ են զարգանում, որ անհրաժեշտություն է առաջանում հասցնելու ժամանակի հետ համաքայլ առաջ շարժվել։ Մեր աշակերտները տեխնոլոգիաների դարաշրջանի սերունդ են, որոնք ամեն օր հսկայական ծավալի տեղեկություն են ստանում տեխնոլոգիական տարբեր ճանապարհներով: Դպրոցում ակադեմիական կրթությունը պետք է կազմակերպել այնպես, որ այն աշակերտի համար լինի հետաքրքիր, գրավիչ, արդյունավետ՝ հաշվի առնելով այսօրվա սովորողի առանձնահատկությունները»,- ասաց նա:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլաբ Շտերբան ընդգծեց, որ տեխնոլոգիաների և կրթության ոլորտում ընթացող քննարկումները դարձել են կարևոր և համաշխարհային օրակարգի մաս, հատկապես կրթական համակարգերում դրանց կիրառման շուրջ տարբեր մոտեցումների և մտահոգությունների համատեքստում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների և հնարավոր ռիսկերի միջև՝ ապահովելով դրանց արդյունավետ և պատասխանատու կիրառումը կրթության ոլորտում։
ՀՀ-ում ՄԱԿ մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչի ժամանակավոր պարտականությունները կատարող Սիլվիա Մեստրոնին անդրադարձավ կրթության ոլորտում տեխնոլոգիաների արագ զարգացմանն ու դրանց բերած փոփոխություններին՝ մատնանշելով, որ այդ գործընթացը միաժամանակ ստեղծում է թե՛ նոր հնարավորություններ, թե՛ նոր մարտահրավերներ։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիաների և կրթության փոխհարաբերությունը այսօր աշխարհում ամենաքննարկվող թեմաներից է, քանի որ արագ զարգացող տեխնոլոգիական առաջընթացը երբեմն դժվարություններ է ստեղծում ուսուցիչների համար, սակայն այն նաև նոր հնարավորություններ է ստեղծում, և բազմաթիվ մանկավարժներ արդեն վերածվել են այդ փոփոխությունների առաջամարտիկների՝ ուսուցման գործընթացում արդյունավետորեն կիրառելով նոր գործիքներ։
Բացման ելույթներին հաջորդած «Տեխնոլոգիական կրթության դերը արդի դպրոցում» խորագրով պլենար նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդես եկավ «Հանրակրթական դպրոցներում ներդրված տեխնոլոգիական կրթության ծրագրերի ազդեցությունը կրթության որակի բարձրացման վրա» թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով հանրակրթության տեխնոլոգիական բարեփոխումները։ Դրանք են՝
12-րդ դասարաններում դասավանդվում է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան,
ուսուցիչների հերթական ատեստավորման շրջանակում ներդրվել է ՏՀՏ կարողությունների զարգացման մոդուլ ուսուցչի մասնագիտական զարգացման բոլոր մակարդակներում,
ԵՄ ֆինանսական աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից իրականացվում է ՀՀ Կոտայքի մարզի 2706 ԹԳՀԳ դասավանդող ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարելավման ծրագիր,
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից 2025 թ. վերապատրաստվել է 240 ԹԳՀԳ ուսուցիչ Երևանում և ՀՀ 5 մարզերում, 2026 թ. նախատեսվում է ևս 800 ուսուցչի վերապատրաստում:
Համաժողովի շրջանակում կազմակերպվեց նաև «Տեխնոլոգիական կրթության մարտահրավերներ» խորագրով պանելային քննարկում, որը ներառում էր մի շարք թեմատիկ ուղղություններ՝ կապված կրթական համակարգում տեխնոլոգիաների կիրառման արդիական հարցերի հետ։
Մասնակիցները քննարկեցին ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցման ծրագրերի ներդրման հնարավորությունները, դպրոցահասակ երեխաների արտադպրոցական տեխնոլոգիական կրթության զարգացման հեռանկարները, ինչպես նաև ԱԲ-ի կիրառումը ուսուցման և դասավանդման գործընթացում։
Քննարկումների շրջանակում անդրադարձ կատարվեց նաև տեխնոլոգիաների կիրառման ռիսկերին ու էթիկական խնդիրներին՝ շեշտադրելով պատասխանատու մոտեցման անհրաժեշտությունը, ինչպես նաև կիբեռանվտանգության և թվային գրագիտության կարևորությանը՝ որպես ժամանակակից կրթության անբաժանելի բաղադրիչներ։
Նշենք, որ մինչ համաժողովի մեկնարկը ուսուցիչները հնարավորություն ունեցան ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում մասնակցելու դպրոցականների նախագծային աշխատանքների ցուցահանդեսին:






















