- Գլխավոր
- Նորություններ
- ԱԲ-ն՝ կենսական ենթակառուցվածքների պաշտպանության և վաղ ազդարարման գործիք. ԵՊՀ-ում անցկացվում է միջազգային աշխատաժողով
Սեպտեմբեր 17, 2026 | 14:30
Գիտություն
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
ԱԲ-ն՝ կենսական ենթակառուցվածքների պաշտպանության և վաղ ազդարարման գործիք. ԵՊՀ-ում անցկացվում է միջազգային աշխատաժողով
Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունը նպաստել էներգետիկ, ջրային և տրանսպորտային ենթակառուցվածքների մշտադիտարկմանը, ռիսկերի վաղ հայտնաբերմանն ու աղետների կանխարգելմանը։ Այս հարցերն են քննարկվում ԵՊՀ-ում ընթացող միջազգային գիտական աշխատաժողովում, որն անցկացվում է ՆԱՏՕ-ի «Գիտություն՝ հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի աջակցությամբ։
«Արհեստական բանականությամբ օժտված մշտադիտարկման համակարգերը, տարածաշրջանային տվյալների փոխանակումը և վաղ ազդարարման համակարգերը կենսական նշանակության ծառայություններում և ենթակառուցվածքներում» վերտառությամբ աշխատաժողովի օրակարգում ներառված է երեք հիմնական ուղղություն՝ էներգետիկ, ջրային և տրանսպորտային ցանցերի մշտադիտարկում, տվյալների անվտանգ փոխանակում հաստատությունների և սահմանների միջև, ինչպես նաև կանխատեսող մոդելներ՝ վաղ ազդարարման և ռիսկերի կանխատեսման նպատակով։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ աշխարհն այսօր բախվում է բնական աղետների, հիվանդությունների և կիբեռհարձակումների աճող սպառնալիքներին, մինչդեռ առանձին երկրներ կամ կազմակերպություններ ի վիճակի չեն միայնակ դիմակայելու այդ մարտահրավերներին։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է տարածաշրջանային տվյալների փոխանակում և համատեղ համագործակցություն։
«Արհեստական բանականությունը կարող է օգնել ստեղծելու մշտադիտարկման առավել արդյունավետ համակարգեր և կատարելագործելու տվյալների վերլուծությունը: Կարևոր է նաև, որ համագործակցությունը լինի տարածաշրջանային մակարդակում։ Իհարկե, կան տվյալների պահպանման և դրանց ինքնիշխանության հետ կապված խնդիրներ, սակայն, միևնույն ժամանակ, տվյալների փոխանակումն անհրաժեշտ է՝ համատեղ ջանքերով նման իրադարձությունները կանխելու համար»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ կարևորելով Հայաստանում ընթացող արհեստական բանականության ծրագրերը, հատկապես՝ «Firebird», «Eleveight AI» նախագծերը, ինչպես նաև համալսարանում գիտական նպատակներով կիրառվող գերհամակարգիչը:
Կալաբրիայի համալսարանի (Իտալիա) ռեկտոր Ջանլուիջի Գրեկոն իր առցանց ելույթում կարևորեց «գիտական դիվանագիտության» դերը՝ որպես գործիք, որն ամրապնդում է Իտալիայի և Հայաստանի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների միջև կապերը։
«Այս թեման ինձ համար ևս առանձնահատուկ հետաքրքիր է, քանի որ ես արհեստական բանականության ոլորտի հետազոտող եմ։ Կրիտիկական ենթակառուցվածքները գնալով ավելի փոխկապակցված են դառնում, սակայն դրանք միևնույն ժամանակ ենթարկվում են բնական վտանգների, տեխնածին վթարների և հատկապես կիբեռհարձակումների ու բարդ կասկադային ռիսկերի ազդեցությանը։ Ուստի կարծում եմ, որ առաջիկա տարվա մեր նպատակներից մեկը պետք է լինի այս ոլորտում մեր մասնագիտական կարողությունների ամրապնդումը»,- մատնանշեց Կալաբրիայի համալսարանի ռեկտորը:
Նրա խոսքով՝ նման միջոցառումները հնարավորություն են տալիս գործընկեր երկրների միջև ձևավորելու համագործակցային ցանց այն ընդհանուր մարտահրավերների շուրջ, որոնք ազդում են երկրների կայունության և հասարակությունների դիմակայունության վրա։
«Վստահ եմ, որ այս քննարկումները ոչ միայն կտան գիտական արդյունքներ, այլև կհանգեցնեն կոնկրետ առաջարկների, նոր գործընկերությունների և հատկապես կծառայեն որպես հիմք՝ ապագա համատեղ նախաձեռնությունների ձևավորման համար»,- ասաց նա։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթևիկ Ասլանյանը անդրադարձավ Հայաստանի՝ որպես տարածաշրջանային ԱԲ և բարձր հաշվողական կարողությունների կենտրոնի ձևավորման հնարավորություններին և այդ ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։ Նախարարի տեղակալը մասնավորապես անդրադարձավ «NVIDIA»-ի հետ համագործակցության շրջանակում ստեղծված «Firebird AI» և «Eleveight AI» տվյալների կենտրոններին՝ ընդգծելով դրանց նշանակությունը Հայաստանի բարձր հաշվողական կարողությունների զարգացման գործում։ Նա նշեց, որ նշված ենթակառուցվածքները, ԵՊՀ-ի և Ինֆորմատիկայի ու ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի առկա գիտահետազոտական և հաշվողական կարողությունների հետ մեկտեղ, ձևավորում են Հայաստանի՝ բարձր հաշվողական ռեսուրսների զարգացման կարևոր հիմքը և նպաստում են երկիրը որպես տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական և արհեստական բանականության կենտրոն դիրքավորելու գործընթացին։
Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև պետական կառավարման համակարգում որդեգրված «ԱԲ-ն առաջինը» (AI-first) սկզբունքին ու Արհեստական բանականության գրասենյակի ձևավորմանն ուղղված քայլերին։ Կարևորելով 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ում կնքված՝ արհեստական բանականության և կիսահաղորդիչների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև «Mistral AI»-ի, «Google»-ի և «OpenAI»-ի հետ միջազգային համագործակցությունը՝ Տաթև Ասլանյանն ընդգծեց, որ այս գործընկերությունները պետության հստակ հանձնառությունն են՝ աջակցելու ազգային տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, ենթակառուցվածքների ընդլայնմանն ու տաղանդների իրացմանը։
Վկայակոչելով Սպիտակի երկրաշարժի փորձն ու տարածաշրջանային ռիսկերը՝ նա շեշտեց ԱԲ-ի վրա հիմնված վաղ նախազգուշացման և ենթակառուցվածքների մշտադիտարկման համակարգերի կենսական նշանակությունը։
Եզրափակիչ խոսքում նախարարի տեղակալը վերահաստատեց, որ Հայաստանը ձգտում է լինելու ԱԲ ոլորտի վստահելի և լիարժեք գործընկեր՝ ստեղծելով միջավայր, որտեղ նորարարությունը զարգանում է անվտանգության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքներին համահունչ։
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին հիշեցրեց «արհեստական» բառի լատիներեն ծագումը՝ «artificialis», որը նշանակում է «արվեստով և հմտությամբ ստեղծված»։
«Հետևաբար, կարելի է ասել, որ այս հասկացության առանցքում մշտապես մարդն է։ Հենց մարդն է իր գործունեությամբ փոխում շրջակա միջավայրը և օրեցօր նոր ձեռքբերումներ արձանագրում, այդ թվում՝ տեխնոլոգիական զարգացման ոլորտում»,- ընդգծեց նա:
ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն նշեց, որ Կովկասի սեյսմիկ և կլիմայական ռիսկերը (ջրհեղեղներ, սողանքներ) պահանջում են անհապաղ տարածաշրջանային տվյալների փոխանակում և գիտական համագործակցություն։
«Չմոռանանք, որ մենք ապրում ենք Կովկասում՝ սեյսմիկ գոտում, և վերջին շրջանում բախվում ենք նաև շրջակա միջավայրի փոփոխությունների հետևանքներին՝ ջրհեղեղների, ձնահյուսերի և այլ երևույթների։ Համոզված եմ, որ առանց գիտության ոլորտում համագործակցության՝ չենք կարող հասնել անհրաժեշտ արդյունքների»,- ասաց նա։
ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենը բարձր գնահատեց Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և կանանց բարձր ներգրավվածությունը ՏՏ ոլորտում՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը։ Նրա խոսքով՝ ԱԲ-ն պետք է լինի «ծառա», այլ ոչ թե «տեր»:
«Կարծում եմ՝ շատ կարևոր է գտնել այն կոնկրետ ոլորտները, որտեղ Ֆինլանդիայի և Հայաստանի նման փոքր երկրները կարող են համագործակցել։ Կարելի է ունենալ գիտական հետազոտություններ, քաղաքականություններ և ռազմավարություններ, սակայն անհրաժեշտ են նաև մասնագետներ, որոնք կկարողանան այդ ամենը բերել գործնական դաշտ»,- նշեց նա։
ՀՀ-ում Կանադայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աարոն Քոն ողջունեց աշխատաժողովի ուղղվածությունը՝ ընդգծելով ԱԲ-ի դրական կիրառությունը աղետների կանխարգելման գործում։
«Ուրախ եմ, որ ծրագրի գրեթե ամբողջ ընթացքում քննարկվելու են արհեստական բանականության դրական կիրառությունները՝ վաղ նախազգուշացման համակարգերը, աղետների կանխարգելումը և բարդ իրավիճակներին արձագանքելու հնարավորությունները։ Հուսով եմ՝ արհեստական բանականության զարգացումը հենց այս ուղղությամբ կընթանա, այլ ոչ թե այն աղետալի զարգացումների ուղղությամբ, որոնց մասին լրատվամիջոցներում ավելի ու ավելի հաճախ է խոսվում»,- ընդգծեց նա։
Աշխատաժողովի ընթացքում 14 երկրների մասնագետներ կներկայացնեն 37 զեկուցումներ, որոնցից հինգը՝ առցանց։ Նախատեսված են նաև կլոր սեղան-քննարկումներ, տեխնիկական այցեր ԵՊՀ գերհամակարգչային և «YSU-Krisp AI Lab» գիտահետազոտական կենտրոններ, ինչպես նաև եզրափակիչ նիստ՝ առաջարկների ընդունման համար։ Եզրակացությունները կհրապարակվեն ՆԱՏՕ-ի «Գիտություն՝ հանուն խաղաղության և անվտանգության» մատենաշարում՝ բաց հասանելիությամբ:
Աշխատաժողովի համակազմակերպիչներն են երևանյան «Տեխնոլոգիաների և ռիսկերի ուսումնասիրության կենտրոն» (CenTRiS) հիմնադրամը և Կալաբրիայի համալսարանը (Իտալիա)։
Աշխատաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 18-ը:




















