- Գլխավոր
- Նորություններ
- Միջազգային ակադեմիական համագործակցություն՝ գիտելիքի և փորձի փոխանակման նոր հնարավորություններով
Սեպտեմբեր 17, 2026 | 10:44
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Միջազգային ակադեմիական համագործակցություն՝ գիտելիքի և փորձի փոխանակման նոր հնարավորություններով
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը շարունակում է զարգացնել համագործակցությունը միջազգային գործընկեր բուհերի և գիտական հաստատությունների հետ՝ կազմակերպելով մասնագիտական դասախոսություններ, փորձի փոխանակման հանդիպումներ, փոխայցելություններ և գիտակրթական համատեղ նախաձեռնություններ։ Համագործակցության շրջանակում ֆակուլտետում պարբերաբար հյուրընկալվում են օտարերկրյա մասնագետներ, որոնք ուսանողներին և դասախոսներին ներկայացնում են իրենց մասնագիտական փորձը և ոլորտի զարգացման արդի միտումները։
Նմանօրինակ վերջին հանդիպումներից երկուսը նվիրված էին ժամանակակից տաքսիդերմիայի և բույսերի մետաբոլոմիկայի թեմաներին։ Գերմանիայից և Լեհաստանից հրավիրված մասնագետներ Ռիկարդա Վիստուբան և Բարբարա Կուշներևիչը ԵՊՀ-ում ներկայացրին իրենց մասնագիտական գործունեությունը, ոլորտում կիրառվող ժամանակակից մոտեցումներն ու հետազոտական մեթոդները։
Տաքսիդերմիա՝ գիտության, ձեռքի աշխատանքի և արվեստի համադրություն
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում «Ժամանակակից տաքսիդերմիա» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Լայբնիցի կենսաբազմազանության վերլուծության ինստիտուտի (Գերմանիա) Քյոնիգի թանգարանի տաքսիդերմիստ Ռիկարդա Վիստուբան։
Ռիկարդա Վիստուբայի հետաքրքրությունը կենդանիների և կենսաբանության նկատմամբ սկսվել է դեռ մանկուց։ Կենդանիների ոսկորներ գտնելը, միջատներ հավաքելն ու ուսումնասիրելը, ինչպես նաև բնության մեջ կենդանիներին դիտելը հետագայում նրան ուղղորդել են դեպի կենսաբանության ոլորտ, իսկ ուսանողական տարիներին՝ Քյոնիգի թանգարանի տաքսիդերմիայի բաժին։
Թանգարանում ստեղծված բնական միջավայրերն են հատկապես գրավել մասնագետի ուշադրությունը։ Ինչպես նշեց Ռիկարդա Վիստուբան, այնտեղ կենդանիները ներկայացված են ամբողջական բնական միջավայրերում՝ բույսերով, հողով, միջատներով և այլ կենդանիներով։ Այսկերպ այցելուն ոչ միայն տեսնում է առանձին նմուշ, այլև պատկերացում կազմում դրա բնական կենսամիջավայրի մասին։
Տաքսիդերմիան, նրա բնորոշմամբ, կենսաբանության, ձեռքի աշխատանքի և արվեստի համադրություն է։ Սակայն թանգարանային միջավայրում դրա նշանակությունը այսքանով չի սահմանափակվում։ Գիտական հավաքածուների համար պատրաստվող նմուշների դեպքում մասնագետները կատարում են կենդանու չափումներ, վերցնում հյուսվածքային նմուշներ և հավաքում գիտական այլ տվյալներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել հետազոտություններում։ Այս դեպքում տաքսիդերմիան դառնում է նաև գիտական աշխատանքի բաղադրիչ։
«Մենք գիտական համակարգի մի մասն ենք»,- ընդգծեց Ռիկարդա Վիստուբան՝ նշելով, որ տաքսիդերմիայի շրջանակում հնարավոր են նաև ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ, մասնավորապես՝ տարբեր նյութերի և մեթոդների ազդեցության ուսումնասիրություն կենդանիների մաշկի պահպանման վրա։
Ժամանակակից թանգարանային տաքսիդերմիայի մեկ այլ կարևոր բաղադրիչ է էթիկան։ Ռիկարդա Վիստուբայի խոսքով՝ կենդանիների հավաքագրման նկատմամբ վերաբերմունքը զգալիորեն փոխվել է։ Այսօր թանգարանային հավաքածուներում ներկայացված կենդանիների մեծ մասը ստացվում է բնական կամ պատահական պատճառներով մահացած կենդանիներից, ինչպես նաև կենդանաբանական այգիներից։ Գիտական նպատակներով հավաքագրումը, երբ անհրաժեշտ է, կատարվում է սահմանափակ քանակով՝ համապատասխան իրավական պահանջների ու թույլտվությունների պահպանմամբ։
Դասախոսությունների ընթացքում մասնագետը անդրադարձավ նաև ոլորտի հնարավորություններին՝ երիտասարդներին խրախուսելով հետաքրքրվել տաքսիդերմիայի տարբեր ուղղություններով։ Նրա խոսքով՝ հնարավոր է մասնագիտանալ գիտական հավաքածուների պահպանման մեթոդների կամ ցուցադրությունների համար նմուշների պատրաստման և բնական միջավայրերի ստեղծման ուղղություններով։
Բույսերի մետաբոլոմիկա՝ քիմիական տվյալների վերլուծությունից դեպի կենսաբանական պատկերացում
Կենսաբանության ուսումնասիրության մեկ այլ՝ տեխնոլոգիապես հագեցած ուղղություն էլ ներկայացրեց Գդանսկի տեխնիկական համալսարանի քիմիայի ֆակուլտետի սննդի քիմիայի, տեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, դոկտոր Բարբարա Կուշներևիչը։
«Բույսերի մետաբոլոմիկա՝ համապարփակ պրոֆիլավորումից մինչև կենսաբանական պատկերացում» թեմայով դասախոսության ընթացքում մասնագետը ներկայացրեց, թե ինչպես կարելի է բույսերի քիմիական կազմի վերաբերյալ մեծածավալ և բարդ տվյալները վերածել կենսաբանորեն իմաստավորված տեղեկության։
Մետաբոլոմիկան ժամանակակից վերլուծական մեթոդների ամբողջություն է, որը հնարավորություն է տալիս տարբեր նմուշներում ստանալու դրանց քիմիական կազմի համապարփակ տվյալներ։ Սակայն տվյալների ստացումը միայն առաջին քայլն է։ Դրանց վիճակագրական և կենսաինֆորմատիկ վերլուծության միջոցով հնարավոր է բացահայտել կենսաբանական նշանակություն ունեցող օրինաչափություններ և ավելի խորությամբ հասկանալ բույսերում տեղի ունեցող գործընթացները։
Դասախոսության շրջանակում անդրադարձ եղավ նաև էֆեկտ-ուղղորդված վերլուծությանը (effect-directed analysis), որը հնարավորություն է տալիս բարդ քիմիական մատրիցներում հայտնաբերելու կենսաբանական ազդեցություն ունեցող միացությունները։
Մետաբոլոմիկայի կարևոր կիրառություններից մեկը բույսերի՝ շրջակա միջավայրի փոփոխություններին արձագանքի ուսումնասիրությունն է։ Այս մեթոդի միջոցով հնարավոր է համեմատել տարբեր բուսատեսակների, զարգացման տարբեր փուլերում գտնվող կամ տարբեր պայմաններում աճող բույսերի նմուշներ և ուսումնասիրել շրջակա միջավայրի ազդեցությունը դրանց քիմիական կազմի վրա։
Հատկապես կարևոր է այս հնարավորությունը բույսերի երաշտի, բարձր ջերմաստիճանի և սթրեսի այլ ձևերի նկատմամբ արձագանքն ուսումնասիրելու համար։ Ժամանակակից վերլուծական տեխնիկաների միջոցով հնարավոր է հետևել մետաբոլոմում տեղի ունեցող փոփոխություններին, իսկ վիճակագրական և կենսաինֆորմատիկ վերլուծությունները հնարավորություն են տալիս հայտնաբերելու կենսացուցիչներ (բիոմարկերներ) և նույնականացնելու դիտարկվող փոփոխությունների համար պատասխանատու միացությունները։
Սակայն, ըստ պրոֆեսոր Կուշներևիչի, ոլորտի հետաքրքրությունը միայն տեխնոլոգիական հնարավորություններով չի սահմանափակվում։ Ըստ նրա՝ բույսերի նկատմամբ մարդկության բազմադարյա վերաբերմունքը նոր հնարավորություններ է ստանում ժամանակակից գիտության միջոցով։ Մարդիկ դեռևս ժամանակակից վերլուծական տեխնիկաների ստեղծումից առաջ ճանաչում էին որոշ բույսերի առողջարար ազդեցությունն ու կենսաբանական ակտիվությունը։
«Այսօր մետաբոլոմիկան հնարավորություն է տալիս գիտականորեն բացահայտելու, թե որ միացություններն են պատասխանատու բույսերի որոշ ազդեցությունների համար»,- ընդգծեց պրոֆեսորը։
Միջազգային համագործակցությունը՝ գիտելիքի փոխանակման հնարավորություն
Ռիկարդա Վիստուբայի և Բարբարա Կուշներևիչի դասախոսություններով ներկայացվեցին կենսաբանության երկու տարբեր ուղղություններ՝ ընդգծելով ինչպես գիտական հավաքածուների, այնպես էլ ժամանակակից վերլուծական մեթոդների կարևորությունը ոլորտում։
Օտարերկրյա մասնագետների շարունակական ներգրավմամբ ֆակուլտետում ձևավորվող այս միջավայրը հնարավորություն է տալիս ուսանողներին և մասնագետներին անմիջականորեն հաղորդակցվելու միջազգային գիտական փորձին, ընդլայնելու մասնագիտական կապերը և ծանոթանալու կենսաբանության ժամանակակից ուղղություններին։