- Главная
- Node
- «Մարդը պետք է ինքն իրեն դիտարկի անկեղծորեն ու արթնանա պատասխանատվության խոր զգացումով». մեկնարկեց «Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը
Сентября 18, 2025 | 15:07
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
«Մարդը պետք է ինքն իրեն դիտարկի անկեղծորեն ու արթնանա պատասխանատվության խոր զգացումով». մեկնարկեց «Գյուրջիևի օրերը Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովը
ԵՊՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ hայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի նախաձեռնությամբ:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ գիտաժողովը գիտելիքի փոխանակման, քննարկումներ ծավալելու և նոր գաղափարներ առաջադրելու հիանալի հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ամրապնդելու փոխշահավետ գործակցային կապերը:

Անդրադառնալով հայազգի մտավորական, միստիկ, փիլիսոփա, կոմպոզիտոր, պարուսույց Գեորգի Գյուրջիևի ուսմունքին՝ ռեկտորը նշեց, որ այն կոչված է արթնացնելու մարդու գիտակցությունը, միտված է մարդու ինքնազարգացմանն ու գիտակցության աճին։
«Ըստ Գյուրջիևի ուսմունքի՝ մարդիկ հաճախ ապրում են, այսպես ասած, «արթմնի քնում»՝ չտիրապետելով մտքի ու մարմնի մեկ միասնական ընկալման»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանն ու հիշատակեց, որ Գյուրջիևի «Չորրորդ ուղու» բացահայտումը մարդու ներքին զարգացման, կատարելագործման ճանապարհն է, պատրանքներից, մեխանիկական վիճակից արթնանալու ուղին՝ միաժամանակ մարդուն ներգրավված պահելով առօրյա կյանքում:
«Արթուն լինելու պատասխանատվությունը ոչ միայն անձնական է, այլև բարոյական ու համընդհանուր: Այս անգիտակից սպառման, կործանվող դարաշրջանում հրատապ է դառնում մարդու գիտակցված ներկայությունը»,- ընդգծեց ռեկտորը՝ հավելելով նաև, որ մարդու բանականության արթնացման Գյուրջիևի մեթոդը, որը կոչվում է «Չորրորդ ուղի», միավորում է մեթոդներ, որոնք օգտագործում են ֆաքիրները, քրմերը, յոգերը և քրիստոնյաները:
Հովհաննես Հովհաննիսյանը շեշտեց, որ Գյուրջիևը բացատրել է նաև երաժշտության ու շարժումների ազդեցությունը մարդու մարմնի, մտքի և զգացողությունների վրա, ինչպես նաև մեկը մյուսին աջակցելու կարևորությունը կատարելագործման ճանապարհին:
«Հուսով եմ, որ այս գիտաժողովը կդառնա ոչ միայն ինտելեկտուալ մտքի փոխանակման, այլև ներշնչվելու, քննարկումներ ունենալու ու կապեր հաստատելու հարթակ և կբացի նոր հեռանկարներ յուրաքանչյուրիս համար»,- եզրափակեց նա:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) տնօրեն Վահրամ Պետրոսյանը, ողջունելով բանախոսներին և ունկնդիրներին, շեշտեց, որ յուրաքանչյուր բանախոսություն ունի իր յուրահատկությունը. «Յուրաքանչյուր մեծ գաղափար ծնվում է փոքր մտքից, և այսօր մենք շրջապատված ենք աշխարհը ավելի լավը դարձնելու գաղափարներով»:
Անդրադառնալով թե՛ ֆիզիկապես, թե՛ մտքով մշտապես ճանապարհորդող Գեորգի Գյուրջիևին՝ Վահրամ Պետրոսյանն ընդգծեց, որ նա փնտրում էր ճշմարտությունն ու ներդաշնակությունը. «Գյուրջիևի գաղափարները մնում են կենդանի, որովհետև նրանք հրավիրում են մեզ անմիջական փորձառության: Նրանք մարտահրավերներ են՝ ուղղված մարդուն, որպեսզի նա դիտարկի ինքն իրեն անկեղծորեն, արթնանա պատասխանատվության խոր զգացումով ինչպես ինքն իր հանդեպ, այնպես էլ հասարակության ու աշխարհի»:
Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Դորնսայֆ հայագիտության ինստիտուտի տնօրեն Շուշան Կարապետյանը, հեռավար ձևաչափով միանալով գիտաժողովին, ողջունեց հյուրերին և նշեց, որ իրենց ինստիտուտը զբաղվում է Հայաստանի ժամանակակից իրողությունների ուսումնասիրությամբ՝ չսահմանափակվելով տարածքային սահմաններով և անդրադառնալով աշխարհագրական բազմազան այն տարածքներին, համայնքներին ու մշակութային շփումներին, որոնք ձևավորում են Հայաստանի ներկայիս կյանքը. «Մենք ուսումնասիրում ենք ոչ միայն քաղաքականություն, պատմություն և լեզու, այլև արվեստ, երաժշտություն, փիլիսոփայություն և այն բազմազան բնագավառները, որոնցով այս իրականություններն ապրվում և մեկնաբանվում են ողջ աշխարհում։ Հետևաբար, մեզ համար չափազանց նշանակալից է համահովանավորել Գ.Ի. Գյուրջիևին նվիրված այս միջոցառումը․ մի գործչի, որի կյանքն ու գործունեությունը անբաժանելիորեն կապված են տարածաշրջանի մշակութային, հոգևոր և մտավոր զարգացումների հետ, և որի ազդեցությունը չի սահմանափակվում այս ոլորտներով»։
Շուշան Կարապետյանն ընդգծեց, որ Գյուրջիևը մարտահրավեր է նետում մարդկությանը՝ մտածել միջգիտակարգային մոտեցմամբ, կապել երաժշտությունը միստիկային, փիլիսոփայությունը՝ գիտությանը, գրականությունը՝ ապրած կյանքին։

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Պիտեր Քաուին հիշատակեց, որ առաջին անգամ Հայաստան է եկել 1980-1981 ուստարում իր ասպիրանտուրայի կապակցությամբ։ Այդ ժամանակ նրա ուսումնասիրությունների տիրույթում էին Մեսրոպ Մաշտոցն ու հայ գրերի գյուտը. «Հիշում եմ այն ծանր խորհուրդները, որոնք Հայաստան գալուց առաջ ստացանք բրիտանական դիվանագետներից, թե ինչքան խիստ օրենքներ են կիրառում խորհրդային չինովնիկները օտարերկրացիների նկատմամբ, թե որքան շատ սահմանափակումներ կան: Սակայն, երբ ԵՊՀ-ում հանդիպեցի իմ բաժնի ղեկավարին, նա ինձ խորհուրդ տվեց հնարավորինս շատ վայրեր այցելել ու որպես հայագետ՝ առավելը քաղել Հայաստանից: Այդ նույն գրկաբաց հյուրընկալությունը տեսնում եմ հիմա այս գիտաժողովի շրջանակում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս անգամ Հայաստան այցելելու առիթը մեկ այլ հայ ականավոր զավակի՝ Գեորգի Գյուրջիևի ուսմունքը ուսումնասիրելն է։
«Գյուրջիևի համբավը և գործերի արդյունքները տարածվել ու ազդեցություն են թողել աշխարհի տարբեր ժողովուրդների վրա: Նրա գործերի փիլիսոփայական ու ստեղծագործական արժեքը մեծ գնահատանքի է արժանացել արտերկրում»,- շեշտեց նա։
Միջազգային գիտաժողովի առաջին օրը զեկուցումներով հանդես եկան գիտնականներ ինչպես ԵՊՀ-ից, ՀՀ տարբեր համալսարաններից ու Գյուրջիևի դպրոցից, այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում՝ Նյու Յորքի «Գյուրջիևի» հիմնադրամից, Սիդնեյի համալսարանից, Հունաստանի «Գյուրջիևի» հիմնադրամից, ՌԴ ԳԱԱ-ից։
Գիտաժողովը կշարունակվի սեպտեմբերի 19-ին ԵՊՀ-ում, որը կմեկնարկի Գյուրջիևի հրատարակությունների ցուցահանդեսի բացմամբ, այնուհետև զեկուցումներով հանդես կգան դոկտորներ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Բեռլինի Ազատ համալսարանից, Վրաստանի արվեստների հետազոտության կենտրոնից, Լոնդոնի «Գյուրջիևի» հիմնադրամից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտից:
Սեպտեմբերի 17-ին մեկնարկած քառօրյա միջոցառումների շարքը կամփոփվի սեպտեմբերի 20-ին Գյումրիում: