- Главная
- Node
- «Yerevan-CHEP-2025». ԵՊՀ-ում մեկնարկած գիտաժողովի քննարկան առանցքում է բարձր էներգիաների ֆիզիկան
Сентября 29, 2025 | 14:25
Գիտություն
Կոնֆերանսներ
Միջազգային համագործակցություն
«Yerevan-CHEP-2025». ԵՊՀ-ում մեկնարկած գիտաժողովի քննարկան առանցքում է բարձր էներգիաների ֆիզիկան
ԵՊՀ-ում մեկնարկեց «Բարձր էներգիաների ֆիզիկա» միջազգային գիտաժողովը («Yerevan-CHEP»), որը սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը միավորելու է ոլորտի առաջատար մասնագետներին։ Երևանի պետական համալսարանի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառման ժամանակ քննարկվելու են ոլորտի արդիական հարցերն ու խնդիրները։

Արդեն երկրորդ անգամ անցկացվող գիտաժողովը նվիրված է բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտում փորձարարական և տեսական վերջին նվաճումներին: Գիտաժողովը հարթակ է դարձել ոլորտի առաջատար մասնագետների, գիտնականների և երիտասարդ հետազոտողների համար՝ քննարկելու ֆիզիկայի տարբեր տեսություններ, մոտեցումներ, մեթոդներ և տեխնիկաներ։

ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը մեծապես արժևորեց այսօրինակ միջազգային գիտաժողովի անցկացումը և ոլորտի անվանի գիտնականների համախմբումը ԵՊՀ-ում։ Նա ընդգծեց համատեղ գիտական աշխատանքի և համագործակցության կարևորությունը՝ մատնանշելով, որ այս միջոցառումը կխթանի գիտելիքների և տեսության, փորձի և կիրառությունների ընդլայնումը բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտում։
«Ինձ համար մեծ պատիվ է Երևանի պետական համալսարանում ողջունել ձեզ «Բարձր էներգիաների ֆիզիկա» («Yerevan-CHEP») միջազգային գիտաժողովի շրջանակում։ Մենք հպարտ ենք ձեզ հյուրընկալելու համալսարանում, որը ունի գիտական հարուստ ավանդույթներ։ Լիահույս եմ, որ առաջիկա օրերին այս գիտաժողովը կմիավորի մեր ջանքերը՝ ամրապնդելով միջազգային համագործակցությունն ու խթանելով ոլորտում նոր հետազոտությունների կատարումը»,- ասաց պրոռեկտորը։

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն Գևորգ Քառյանն ընդգծեց, որ մեծ ուրախությամբ է երկրորդ անգամ ողջունում մասնակիցներին Երևանում՝ բարձր էներգիաների ֆիզիկային նվիրված գիտաժողովի շրջանակում։ Նա հիշեցրեց, որ 2023 թվականին կայացած առաջին հանդիպման ժամանակ կողմերը խոստացել էին շարունակել գիտաժողովների այս ձևաչափը, և այսօր տեղի ունեցող միջոցառումը վկայում է այդ խոստման պահպանման ու նախաձեռնության շարունակականության մասին։
Նա նշեց, որ այսօրվա շատ մասնակիցներ ներկա են եղել նաև 2023 թվականին կայացած առաջին գիտաժողովին, սակայն ուրախալի է տեսնել, որ այս տարի գիտաժողովին մասնակցում են նաև այնպիսի հետազոտողներ, որոնք առաջին անգամ են Հայաստանում։ Այս համատեքստում Գևորգ Քառյանը համառոտ ներկայացրեց Հայաստանը՝ ընդգծելով երկրի աշխարհագրական դիրքը, առանձնահատկությունները, շեշտելով, որ Հայաստանը փոքր երկիր է՝ մոտ 3 միլիոն բնակչությամբ, հարուստ մշակույթով, գիտական ժառանգությամբ և միջազգային գիտական համայնքում ունեցած իր ներդրումներով։

Գիտաժողովին ներկա էր նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի (Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ, Դուբնա) տնօրեն Սերգեյ Շմատովը, որը կարևորեց նմանատիպ գիտաժողովների անցկացումը։ Նա ընդգծեց, որ այս միջոցառումը դարձել է ավանդական ու կարևոր հարթակ՝ գիտական համայնքի ներկայացուցիչների շփման, ինչպես նաև ընթացիկ և ապագա ծրագրերի քննարկման համար։ Շմատովը հատկապես կարևորեց երիտասարդ գիտնականների մասնակցությունը և նման ձևաչափի հանդիպումների միջոցով նրանց հետ անմիջական կապ ստեղծելու հնարավորությունը։
Զեկույցների շարքը սկսեց պրոֆեսոր Դմիտրի Կազակովը, որը խոսեց բարձր էներգիայի ֆիզիկայի ներկայիս վիճակի և ապագա սպասելիքների մասին։
Գիտաժողովի ծրագրում ընդգրկված է մոտ 60 զեկույց, որոնք հնարավորություն կտան մասնակիցներին ունենալու լայն և բազմակողմանի քննարկումներ գիտության վերջին ձեռքբերումների շուրջ:
Մասնակիցների խոսքով՝ «Yerevan-CHEP-2025» գիտաժողովը ոչ միայն ամրապնդում է միջազգային գիտական համագործակցությունը, այլև դառնում կարևոր հարթակ՝ բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտում նոր գիտելիքներ ձեռք բերելու և գիտական համագործակցությունները խթանելու համար։