- Главная
- Node
- «Եթե մարդիկ ապրեն այն զարմանքը, որը մենք ամեն օր ապրում ենք լաբորատորիայում, նրանք կսիրեն գիտությունը»․ ԵՊՀ գիտաշխատող Վահրամ Գրիգորյան
Октября 03, 2025 | 14:27
Գիտություն
Կրթություն
«Եթե մարդիկ ապրեն այն զարմանքը, որը մենք ամեն օր ապրում ենք լաբորատորիայում, նրանք կսիրեն գիտությունը»․ ԵՊՀ գիտաշխատող Վահրամ Գրիգորյան
ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Վահրամ Գրիգորյանը այն մասնագետներից է, որը գիտությունը դիտարկում է որպես «գործիք»՝ միավորելու գիտական նորարարությունները և դրանց կիրառական նշանակությունը։ Նրա հետ զրուցել ենք գիտական հետազոտությունների, ոլորտի զարգացման և Հայաստանում գիտության դերի մասին։

Հայաստանում գիտական ոլորտի զարգացումը պահանջում է ոչ միայն տեսական գիտելիքների խոր ուսումնասիրություն, այլև դրանց կիրառումն իրական կյանքում: ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի ավագ գիտաշխատող, ինչպես նաև «Լույսի առաջադեմ կառավարում» («Advanced Light Control») գիտական խմբի ղեկավար Վահրամ Գրիգորյանը հենց այդ ուղով է շարժվում՝ ստեղծելով այնպիսի լուծումներ, որոնք համատեղում են գիտության սահմանները և ժամանակակից տեխնոլոգիական պահանջները։
Ի՞նչն է նրան մղել ընտրելու ֆիզիկան՝ որպես մասնագիտական ուղի, ինչպիսի՞ն է եղել նրա ճանապարհը, և ի՞նչ աշխատանքներ են կատարում մերօրյա գիտնականները։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Վահրամ Գրիգորյանի հետ։
- Վահրա՛մ, ինչպե՞ս եք որոշել ընտրել ֆիզիկան՝ որպես մասնագիտություն, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ճանապարհը գիտության ոլորտում։
- Դեռ դպրոցական տարիներից ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչպես է աշխատում աշխարհը խորքային մակարդակով։ Ֆիզիկան այն ոլորտն է, որտեղ կարող ես ոչ միայն դիտել երևույթները, այլև հասկանալ դրանց պատճառահետևանքային կապը։
2001 թվականին ընդունվել եմ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ (այժմ՝ Ֆիզիկայի ինստիտուտ), այնուհետև շարունակել եմ ուսումս նույն ֆակուլտետի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, իսկ 2010 թվականին ստացել եմ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Դրանից հետո սկսել եմ իմ գիտական ուղին Սաուդյան Արաբիայում գործող «KAUST» համալսարանում։ Այնտեղից տեղափոխվել եմ Չինաստան և մոտ 10 տարի աշխատել Չինաստանի տարբեր համալսարաններում, ինչպիսիք են Ֆուդանի (Շանհայ), Պեկինի մանկավարժական, Գիտության և տեխնոլոգիայի հարավային (Շենժեն) համալսարանները և այլն։ Այնուհետև վերադարձել եմ Հայաստան և միացել ԵՊՀ-ին։

- Եղե՞լ են արդյոք մարդիկ կամ իրադարձություններ, որոնք իրենց ազդեցություն են ունեցել Ձեր մասնագիտության ընտրության ու մասնագիտական զարգացման վրա։
- Այո՛, իհարկե։ Առհասարակ, գիտության և կրթության հանդեպ սերն ու կարևորության գիտակցումը ստացել եմ ծնողներիցս ու իմ ընտանիքից։ Կոնկրետ ֆիզիկայի հանդեպ սերն առաջացել է՝ շնորհիվ իմ առաջին ուսուցչի և ֆիզիկայի ուսուցչի։ Իսկ կարիերայի վրա ազդեցություն, կարծում եմ, ունեցել են բոլոր նրանք, ովքեր ինձ հանդիպել են թե՛ դպրոցում, թե՛ համալսարանում։
- Երբվանի՞ց եք աշխատում ԵՊՀ-ում։ Ներկայում ի՞նչ գործունեություն եք ծավալում, ի՞նչ հետազոտություններ եք կատարում ԵՊՀ-ում։
- 2022 թվականից աշխատում եմ ԵՊՀ-ում։ Սկզբում միացել եմ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիային՝ որպես ավագ գիտաշխատող։ Ներկայում ղեկավարում եմ «Լույսի առաջադեմ կառավարում» («Advanced Light Control») գիտական խումբը։ Մեր հետազոտության հիմնական ուղղությունը լույսի տարբեր հատկությունների, օրինակ՝ փուլի կամ բևեռացվածության տարածական կառավարման նոր մեթոդների զարգացումն է հաճախությունների տարբեր միջակայքերում։
- Լաբորատորիայում ֆոտոնիկայի և արհեստական բանականության համադրությամբ կոնկրետ ի՞նչ խնդիրներ եք փորձում լուծել։ Գործնական ի՞նչ կիրառություններ կարող են ունենալ Ձեր հետազոտությունները։
- Լույսի տարածական մոդուլյատորները կիրառվում են թե՛ գիտական, թե՛ ռազմական ու կոմերցիոն ոլորտներում։ Դրանց հիմնական նպատակն է տեղեկության «գրումը» տարածվող լույսի վրա, ինչպես նաև լույսի փնջի ձևավորումը։ Հիմնական խնդիրը, որ փորձում ենք լուծել, կապված է ներկայում առկա լույսի տարածական մուդուլյատորների աշխատանքի կախվածության հետ այն ալիքի երկարությունից, որը պետք է մոդուլացվի։ Մեր առաջարկած մոտեցումներում այդ կախվածությունը դուրս է գալիս՝ ընձեռելով կիրառման ավելի լայն հնարավորություններ։
- Վահրա՛մ, ինչպե՞ս է անցնում Ձեր աշխատանքային օրը․ ինչպե՞ս է այն սկսվում և ավարտվում։
- Աշխատանքային օրս սովորաբար սկսվում է նամակներ կարդալուց և դրանց պատասխանելուց։ Այնուհետև խմբի տարբեր անդամների հետ ունենում ենք քննարկումներ։ Մասնավորապես, փորձում ենք հասկանալ՝ ինչ փուլում են կոնկրետ հետազոտությունների փորձնական և տեսական աշխատանքները, ինչ խնդիրներ կան և ինչպես կարելի է դրանք լուծել։ Կան նաև տեխնիկական և վարչարարական աշխատանքներ։ Կարևոր է նաև ժամանակ գտնել նոր և մեր հետազոտություններին առնչվող հոդվածների և այլ աշխատանքների ուսումնասիրության համար, քանի որ գիտությունն այժմ արագ է զարգանում և անհրաժեշտ է հետ չմնալ այդ զարգացումներից։

Գիտական խմբի ղեկավար Վահրամ Գրիգորյանը ոչ միայն զբաղվում է փորձարարական և տեսական հետազոտություններով, այլև ակտիվորեն ներկայացնում է իր աշխատանքների արդյունքները գիտական հանրությանը։ Նրա տպագրած հոդվածներն ընդգրկում են ինչպես ֆունդամենտալ տեսական ուղղություններ, այդ թվում՝ սպինտրոնիկա և պինդմարմնային ֆիզիկա, այնպես էլ օպտիկայի ոլորտում ընթացիկ փորձարարական ուսումնասիրություններ։ Նախկինում նրա ուշադրության կենտրոնում են եղել մագնիսական նյութերն ու դրանց փոխազդեցությունները էլեկտրամագնիսական ալիքների հետ, իսկ այժմ նրա ուսումնասիրությունները փորձնական են օպտիկայի բնագավառում։
Խոսելով ձեռքբերումների մասին՝ Վահրամը նշում է, որ իր թիմը հաղթել է ՀՀ ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր-2023» մրցույթում։ Նույն տարում նրանք հաղթել են նաև «Երկակի նշանակության գիտական նախագծեր-2023» մրցույթում։
Այն հարցին, թե ինչպես են հաղթահարում հետազոտությունների կամ փորձերի ձախողումը, գիտաշխատողը պատասխանում է, որ այդ պահերը գիտության անբաժան մասն են կազմում։ Ըստ նրա՝ երբ ինչ-որ բան չի ստացվում, հարկավոր է փոխել դիտանկյունը, նայել խնդրին այլ տեսանկյունից, լսել այլ կարծիքներ, ավելի լավ ուսումնասիրել գրականությունը։
«Գիտությունը՝ առանց ստեղծագործականության, գոյություն չունի։ Մաթեմատիկան պարզապես լեզու է, որով նկարագրում ենք երևույթը, բայց գաղափարը, նոր մոդելը, փորձարարական նոր հնարքը ծնվում են ստեղծագործական մտածողությունից»,- ասում է Վահրամը։
- Վահրա՛մ, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ վիճակում է ներկայում ֆունդամենտալ գիտությունը Հայաստանում, ի՞նչ մարտահրավերներ ու հնարավորություններ կան երիտասարդ գիտնականների համար։
- Ֆունդամենտալ գիտությունն այսօր Հայաստանում անցնում է տրանսֆորմացիայի փուլ։ Սերնդափոխության խնդիր, անշուշտ, կա, բայց միաժամանակ մեծ ներուժ էլ կա։ Երիտասարդները հետաքրքրված են, իսկ բարելավվող լաբորատոր պայմանները և միջազգային համագործակցությունը կարող են արագ փոխել իրավիճակը։
- Հասարակությունը հաճախ չի պատկերացնում՝ ինչով են զբաղվում գիտնականները։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է ավելի արդյունավետ հանրայնացնել գիտությունը Հայաստանում։ Դրա անհրաժեշտությունը զգացվո՞ւմ է։
- Գիտությունը պետք է ներկայացնել ոչ թե որպես բանաձևերի կամ մաթեմատիկական մոդելների ամբողջություն, այլ որպես հետաքրքիր պատմություն, թե ինչու է աշխարհը այսպես կառուցված։ Անհրաժեշտ է, որ գիտնականներն ավելի հաճախ խոսեն հանրային հարթակներում՝ պարզ, օրինակներով լի լեզվով։ Եթե մարդիկ ապրեն այն զարմանքը, որը մենք ամեն օր ապրում ենք լաբորատորիայում, նրանք կսիրեն գիտությունը։
- Ի՞նչ խորհուրդներ կտաք այն ուսանողներին, որոնք ցանկանում են սկսել գիտական աշխատանքներ կատարել։
- Առաջինը՝ համբերություն։ Գիտությունը արագ արդյունք չի տալիս։ Երկրորդը՝ հետաքրքրասիրություն․ երբ հետաքրքրությունը մարում է, աշխատանքը դառնում է սովորական։ Եվ երրորդը՝ միջազգային համագործակցություն․ պետք է համարձակ լինել՝ դուրս գալ սահմաններից, փորձել, ձախողվել ու կրկին փորձել։
Թեև աշխատանքային առօրյան հագեցած է, այնուամենայնիվ Վահրամ Գրիգորյանն իր համար սահմանել է նոր նպատակներ։ Նա ցանկանում է ընդլայնել համագործակցությունները եվրոպական (և ոչ միայն) լաբորատորիաների հետ և զարգացնել ֆոտոնիկայի բնագավառում նոր տեխնոլոգիաներ, որոնք արդեն մի քանի տարի հետո կարող են իրենց կիրառությունը գտնել գործնական ոլորտներում։