- Главная
- Node
- Տեսական և կիրառական հոգեբանության խնդիրները՝ ԵՊՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովի օրակարգում
Октября 10, 2025 | 14:03
Կոնֆերանսներ
Կրթություն
Հետազոտություն
Տեսական և կիրառական հոգեբանության խնդիրները՝ ԵՊՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովի օրակարգում
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում մեկնարկեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 10-րդ գիտաժողովը։ Գիտական թեմատիկ միջոցառմանը մասնակցելու համար Երևանի պետական համալսարան են ժամանել 10 երկրների ավելի քան 50 առաջատար գիտնականներ։

Միջազգային 10-րդ գիտաժողովի շրջանակում աշխարհում հայտնի հոգեբանները համախմբվել են՝ ոլորտի մասնագետներին իրազեկելու ժամանակակից հոգեբանության մարտահրավերների և արդի հիմնախնդիրների մասին, նպաստելու տարբեր երկրներում գործող հոգեբանական դպրոցների ներկայացուցիչների հետ փորձի փոխանակմանը և մասնագիտական, ինչպես նաև գործակցային կապերի ընդլայնմանը: Եռօրյա գիտաժողովի շրջանակում նախատեսվում են պանելային նստաշրջաններ, սեմինարներ, ելույթներ և պաստառային զեկուցումներ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով ԵՊՀ-ում գիտաժողովների անցկացումը, փաստեց, որ այս շաբաթվա ընթացքում սա արդեն համալսարանում անցկացվող 6-րդ միջազգային գիտաժողովն է։ Այս համատեքստում նա ընդգծեց, որ ԵՊՀ-ն դարձել է միջազգային գիտաժողովների և տարատեսակ քննարկումների խոշոր հարթակ։

«Այս կարևորագույն իրադարձությունը վկայում է տասը տարիների արդյունավետ համագործակցության, մտքերի բովանդակալից փոխանակման և հոգեբանական գիտության առաջխաղացմանն ուղղված անսասան նվիրվածության մասին: Գիտաժողովը բացառիկ և արժեքավոր հնարավորություն է տալիս երիտասարդ հոգեբաններին և համալսարանի ուսանողներին ծանոթանալու կիրառական մեթոդներին և ճանաչելու իրենց մասնագիտությունը աշխատանքային միջավայրում։ Տեսության և գործնականի միջև եղած բացը լրացնելը մշտապես մնում է ապագա մասնագետների կրթության և զարգացման գործում ամենակարևոր առաքելություններից մեկը»,- մատնանշեց ԵՊՀ ռեկտորը։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը նշեց, որ առաջին գիտաժողովը տեղի է ունեցել 2007 թվականին, և այդ ժամանակից ի վեր՝ այն դարձել է հրաշալի ավանդույթ։

«Ամեն տարի այս գիտաժողովը համախմբում է տարբեր ոլորտների հոգեբանների՝ քննարկելու նոր գաղափարներ, հետազոտական արդյունքներ և գործնական ձեռքբերումներ։ Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել անվանի գիտնականների և ոլորտում գործող մասնագետների մի շարք երկրներից, որոնք այստեղ են՝ կիսվելու իրենց փորձով ու գիտելիքով։ Միասին մենք շարունակում ենք կամուրջ կառուցել երիտասարդ հոգեբանների, գիտական համայնքի և առաջատար մասնագետների միջև»,- ասաց պրոֆեսորը։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը շեշտադրեց այն փաստը, որ Առողջապահության նախարարությունը մեծ կարևորություն է տալիս և առանձնակի ուշադրություն դարձնում հոգեկան առողջության թեմային։ Նա նշեց, որ ձեռնարկվում են հետևողական քայլեր՝ միտված հոգեկան առողջության ծառայությունների հասանելիությանն ու բարելավմանը։

Ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարվող աշխատանքները՝ ուղղված հոգեբանական ծառայությունների մատուցման կանոնակարգմանը, նա ավելացրեց․ «Ներկայում իրականացվող և առաջիկայում մեկնարկող փորձարարական տարբեր ծրագրերի շրջանակում նախատեսվում է հոգեբանների ներգրավում աշխատանքային թիմերում։ Այս նախաձեռնությունը ոչ միայն կնպաստի հոգեբանական ծառայությունների զարգացմանը, այլև հնարավորություն կտա հոգեբանական ծառայությունները ինտեգրելու առողջապահության առաջնային պահպանման օղակում, ինչը, համոզված ենք, դրական ազդեցություն կունենա բնակչության շրջանում»,- ասաց նա՝ կարևորելով նաև օրենսդրական նախաձեռնությունները։
Ֆորդհեմի համալսարանի (ԱՄՆ) հոգեբան, գիտնական և պրոֆեսոր Հարոլդ Թակուշյանը կարևորեց գիտաժողովի դերը՝ որպես միջազգային համագործակցության, փորձի փոխանակման և գիտական երկխոսության հարթակ։ Նա ընդգծեց նաև սփյուռքահայ մասնագետների ակտիվ մասնակցությունն աշխարհում հոգեբանության զարգացման գործում։
«Հայկական սփյուռքում հոգեբանության ոլորտում հայկական ծագումով բազմաթիվ առաջատար մասնագետներ կան։ Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի 54 ստորաբաժանումների ավելի քան կեսը ղեկավարում են հայեր»,- նշեց նա։

Գիտաժողովի ընթացքում ոլորտում իրենց ներդրումն ունենալու համար Ամերիկայի հայկական վարքաբանական ասոցիացիայի մեդալով պարգևատրվեցին ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի (ՌԴ) պրոֆեսոր Վիկտոր Ալախվերդովը, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Ուրարտուի համալսարանի ռեկտոր, դոկտոր և պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը։ «Հայաստանի հոգեբանության դեսպան» մեդալներ ստացան Վիկտոր Ալախվերդովը և Հարոլդ Թակուշյանը, որոնք իրենց կարևոր ներդրումն ունեն գիտաժողովի կազմակերպական աշխատանքներում։
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի, ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի և «Հայաստանի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ-ի համատեղ ջանքերով: