- Главная
- Node
- Տեսությունն ու պրակտիկան՝ մեկ հարթակում․ ակադեմիական և իրավակիրառ ոլորտների իրավաբանները մասնակցեցին քննարկման
Октября 23, 2025 | 14:24
Գործընկերներ
Կրթություն
Տեսությունն ու պրակտիկան՝ մեկ հարթակում․ ակադեմիական և իրավակիրառ ոլորտների իրավաբանները մասնակցեցին քննարկման
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի, քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնների նախաձեռնությամբ ԵՊՀ-ում անցկացվեց կլոր սեղան-քննարկում, որին մասնակցեցին ակադեմիական և իրավակիրառ ոլորտների իրավաբաններ՝ քննարկելով Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հասանելիություն՝ արդարադատությանը. նորարարության կիրառում կրթության գործընթացում» ծրագրի շրջանակում նոր մշակված և Իրավագիտության ֆակուլտետի կրթական ծրագրերում ներդրման ենթակա մոդուլներ, ինչպես նաև իրավական ոլորտին առնչվող արդիական հարցեր։

Քննարկման առանցքում էին «Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու տեսական և գործնական հիմնախնդիրները» և «Խոշտանգումների արգելք. միջազգային ստանդարտներ և ներպետական պրակտիկա» նոր մշակված մոդուլները:

Իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը ողջույնի խոսքում առանձնահատուկ ընդգծեց քննարկման կարևորությունը ինչպես ընտրված թեմաների, այնպես էլ տեսություն-պրակտիկա կապն ամրապնդելու տեսանկյունից:
ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ Ժենյա Ստեփանյանը ներկայացրեց պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջազգային չափանիշները, ՄԻԵԴ նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշումները, դրանց լույսի ներքո շեշտադրեց ներպետական օրենսդրության առկա բացերն ու թերությունները, գործնական նշանակություն ունեցող խնդիրները:
ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Տաթևիկ Սուջյանը անդրադարձավ խոշտանգման բնորոշմանը, վատ վերաբերմունքի այլ ձևերից այն տարանջատելու չափանիշներին, խոշտանգման դեմ պայքարի համատեքստում պետության պարտականություններին՝ ներկայացնելով ներպետական պրակտիկան և միջազգային չափանիշները:

Միջոցառման մասնակիցները ակտիվ քննարկում ծավալեցին ներկայացված, ինչպես նաև իրենց աշխատանքային գործունեության ընթացքում վեր հանված, խնդրո առարկային առնչվող օրենսդրական և գործնական խնդիրների վերաբերյալ: Իրավակիրառ գործունեությամբ զբաղվող իրավաբաններն ընդգծեցին նման հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ շեշտելով դրանց կարևորությունն իրենց աշխատանքի համար:
Նշենք, որ կլոր սեղան-քննարկմանը մասնակցեցին Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ արդարադատության նախարարության, ՆԳՆ-ի, ՀՀ Վճռաբեկ դատարանի, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՄԻՊ աշխատակազմի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։