- Գլխավոր
- Նորություններ
- Վարպետի գրական ժառանգությունը՝ նոր լույսի ներքո․ ԵՊՀ-ում կայացավ Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված գիտաժողով
Հոկտեմբեր 23, 2025 | 15:53
Գիտություն
Հասարակություն
Միջոցառումներ
Վարպետի գրական ժառանգությունը՝ նոր լույսի ներքո․ ԵՊՀ-ում կայացավ Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված գիտաժողով
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային քառօրյա գիտաժողովի երկրորդ նիստը՝ վերարժևորելու և վերհանելու Վարպետի գրական ժառանգությունը, անդրադառնալու նրա ստեղծագործությունների գաղափարներին և սերնդեսերունդ փոխանցվող պատգամներին։


ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդգծելով մեծանուն բանաստեղծի՝ գրական մտքի նվիրյալ Ավ․ Իսահակյանի վաստակն ու դերակատարումը հայ ժողովրդի կյանքում, ասաց․ «Հայ գրականության բազմադարյա ընթացքի մեջ կան մարդիկ, որոնց կատարած գործը, ծավալած գործունեությունն ու թողած գրական ժառանգությունը ոչ միայն կարևոր հետք են թողել իրենց սերնդի վաստակի գնահատման ու արժևորման իմաստով, այլև կարևոր ուղենիշ են հայ գրական մտքի զարգացման համար։ Նշյալն իրավացիորեն վերաբերում է նաև Վարպետին, որը շարունակում է ապրել բոլորիս մտքերում և սրտերում»։
ԵՊՀ ռեկտորը հույս հայտնեց, որ քննարկումները կլինեն արդյունավետ և շահեկան՝ մատնանշելով, որ գրականագետների, պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների մասնակցությունն արդեն իսկ ապացուցում է, որ իսահակյանագիտությունը մայր բուհում այսօր էլ արդիական է ու պահանջված։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը կարևորեց այն հանգամանքը, որ տարին ֆակուլտետում հռչակվել է իսահակյանական, և բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում։
«150-ամյա բանաստեղծը՝ մեծ Վարպետը, այսօր էլ ապրում է բոլորիս սրտերում․ նա մեզ հետ է՝ փոքր երեխայից մինչև ծերունի։ Այս միջազգային քառօրյա գիտաժողովը կարծես ամփոփումն է այն միջոցառումների, որոնք կազմակերպվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Գրականության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Ավ․ Իսահակյանի անվան տուն-թանգարանի, Մխիթարյան միաբանության, Ավ․ Իսահակյանի անվան գրադարանի և Մ․ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ջանքերով։ Այսօր համալսարանում անցկացվում է գիտաժողովի երկրորդ նիստը, որի շրջանակում ներկայացվող զեկուցումների միջոցով վեր են հանվելու Իսահակյանի գրականության ամենատարբեր կողմերը»,- ասաց Ա․ Գալստյանը։
Գիտաժողովի հատուկ հյուրն էր Ավ․ Իսահակյանի թոռը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Ավետիք Իսահակյանը։

«Թումանյանի ու Իսահակյանի համար 150 տարին գուցեև հավերժության փուլեր են, սակայն որքան ապրում է հայ ժողովուրդը, հայ դասականները միշտ մեզ հետ կլինեն։ Առանց բանաստեղծության ու արվեստի կյանքը դժվար է․ ժողովրդի համար այն ուժ է, որն օգնում է ապրել և մաքառել»,- ասաց գրականագետը և հավելեց, որ ուրախալի է տեսնել, թե ինչպես է հայ բանաստեղծը մեծարվում ոչ միայն մայր հայրենիքում, այլև տարբեր երկրներում։
«Իսահակյանն ուր էլ որ լիներ, ինչ էլ որ գրեր, ամեն ինչի հիմքում Հայաստանն էր, և նրա համար աշխարհը գոյություն չուներ առանց Հայաստանի»,- փաստեց նա։
Նշենք, որ գիտաժողովին ներկա էին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի, Մխիթարյան միաբանության, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենները, ականավոր գիտնականներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և այլ հյուրեր։