- Главная
- Node
- Առողջարանային և արկածային զբոսաշրջությունը՝ Լոռու մարզում տուրիզմի զարգացման նոր հեռանկար
Ноября 06, 2025 | 11:05
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մշակույթ
Առողջարանային և արկածային զբոսաշրջությունը՝ Լոռու մարզում տուրիզմի զարգացման նոր հեռանկար
Լոռին իր անկրկնելի հարուստ բնությամբ ու պատմամշակութային հուշարձանների բազմազանությամբ համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը: Մարզում զարգացման մեծ հեռանկարներ ունի նաև առողջարանային-վերականգնողական, ինչպես նաև արկածային զբոսաշրջությունը: Այս մասին նշում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ Մարինե Գևորգյանը։
Մարինե Գևորգյանը և Աստվածաբանության և հայ եկեղեցու պատմության ամբիոնի դոցենտ Գայանե Թովմասյանը, կատարելով համատեղ հետազոտություն, հեղինակել են «Զբոսաշրջության զարգացման հնարավորությունները Լոռու մարզում» վերտառությամբ գիտական հոդվածը:
Լոռու մարզի հիմնական, նոր ու զարգացման անհրաժեշտություն ունեցող զբոսաշրջային ուղիների, իրավասու կառույցներից ակնկալվող գործողությունների մասին պատմել է Մարինե Գևորգյանը:
Տուրիզմի զարգացման նոր ուղիները Լոռու մարզում
Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության մեջ ունի խիստ կարևոր նշանակություն․ այն կարող է նպաստել տնտեսական աճին, բնակչության զբաղվածության ավելացմանը, ուստի կարևոր է Լոռու մարզում պատմամշակութային և զբոսաշրջային այլ ռեսուրսների վերլուծությունը: Հենց դրանց հիման վրա հնարավոր է զարգացնել զբոսաշրջության տարբեր տեսակները:
Լոռու մարզի զբոսաշրջային հիմնական ուղղություններից են Հաղպատը, Սանահինը, Օձունը, Ախթալան, Լոռի բերդը, Դսեղը, Վանաձորը և այլն: Լոռին իր ռեկրեացիոն (հանգստի) պայմաններով, անկրկնելի գեղեցկությամբ, բնության հարստությամբ ու պատմամշակութային հուշարձանների բազմազանությամբ համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը: Եթե խոսում ենք տուրիզմի զարգացման նոր ուղիների մասին, պետք է շեշտենք այն փաստը, որ այստեղ զարգացման մեծ հեռանկարներ ունի առողջարանային վերականգնողական զբոսաշրջությունը, այդուհետ՝ արկածային զբոսաշրջությունը, քանի որ Լոռին հայտնի է իր բարձրաբերձ լեռներով և հիանալի վայր է լեռնագնացության համար: Մարզում զարգացման մեծ հեռանկարներ ունեն նաև պատմամշակութային զբոսաշրջությունը, փառատոնային զբոսաշրջությունը։ Վերջին տարիներին Դսեղում կազմակերպվում են ռաֆթինգի, ուտելի բույսերի փառատոներ, հապալասի փառատոն՝ Մարգահովիտ գյուղում, խորովածի փառատոն՝ Ախթալայում: Իսկ Վանաձորը՝ իր պատմամշակութային հուշարձաններով և թանգարաններով, գրավիչ վայր է դարձել քաղաքային զբոսաշրջության համար:
Մարզի թիրախային ոլորտները
Մեր հոդվածում վեր ենք հանել Լոռու մարզի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու սպառնալիքները: Մարզում առկա են մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնց հիման վրա անհրաժեշտ է մշակել նոր երթուղիներ՝ ներառելով ավելի մեծ թվով տեսարժան վայրեր: Անհրաժեշտ է բարելավել ոլորտի վիճակագրական հաշվառումը, իրականացնել ագրոզբոսաշրջության զարգացման ծրագիր՝ գյուղական համայնքները զարգացնելու նպատակով, կազմակերպել տարբեր փառատոներ՝ ցույց տալով Լոռու գաստրոնոմիական ռեսուրսը, մշակույթն ու ավանդույթները, Հովհաննես Թումանյանի գրական-գեղարվեստական ժառանգությունը: Այնուհետև հարկավոր է արդեն եղած տուրերից բացի՝ կազմակերպել ստեղծարար նոր տուրեր, որոնց ժամանակ զբոսաշրջիկներն ակտիվորեն կներգրավվեն որոշակի աշխատանքներում: Հոդվածում առաջարկել ենք նաև մշակել Լոռու մարզի զբոսաշրջային բրենդ, բարելավել ճանապարհային ենթակառուցվածքները, ավելացնել ճանապարհային ենթակառուցվածքի օբյեկտները և այլն:
Ակնկալիքները իրավասու կառույցներից
Հոդվածում ներկայացրել ենք մարզի զբոսաշրջային հիմնական ռեսուրսները, վերլուծել սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները, զբոսաշրջային ենթակառուցվածքները և մարզում առկա վիճակը: Ըստ այդմ էլ խնդիրների լուծման նպատակով հանդես ենք եկել զբոսաշրջային նոր երթուղիների մշակման առաջարկներով: Իրավասու կառույցներից ակնկալվում է մարքեթինգային գործունեության բարելավում, օրինակ՝ Լոռու մարզպետարանի համապատասխան բաժինը կարող է զբաղվել նոր փառատոների կազմակերպման, սպասարկման որակի բարձրացման, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման և այլ ուղղություններով:
Գիտական հոդվածում տեղ գտած եզրահանգումներն ու առաջարկները կարող են օգտակար լինել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների և ոլորտի փորձագետների համար: