- Главная
- Node
- Ինչպես է մամուլը զարգանում և արձագանքում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին. ԵՊՀ ասպիրանտի ուղին դեպի գիտության աշխարհ
Ноября 11, 2025 | 16:10
Գիտություն
Հետազոտություն
Մրցույթներ
Ինչպես է մամուլը զարգանում և արձագանքում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին. ԵՊՀ ասպիրանտի ուղին դեպի գիտության աշխարհ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոնի ասպիրանտ Մարինե Մկրտչյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի հաղթողներից է: Նրա հետազոտությունը նպատակ ունի բացահայտելու մամուլի զարգացման ընթացքի օրինաչափությունները՝ կենտրոնանալով թվային տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի և տեղեկության սպառման մշակույթի ազդեցության վրա։
- Ինչպե՞ս արձագանքեցիք, երբ իմացաք, որ Ձեր հետազոտական նախագիծը հաղթող է ճանաչվել և արժանացել ֆինանսավորման։
- Հաղթանակի մասին իմացել եմ ֆակուլտետի դասախոս Տարոն Դանիելյանից, բայց նույն պահին ինքս էլ թերթում էի հաղթողների անվանացանկը։ Երբ գտա անունս, բարձրաձայն ասացի՝ չեմ հավատում, թեպետ իմ բոլոր հաջողությունների հիմքում հավատն է։ «Հավատը հուսացած բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է» (Եբր․ 11։1)։ Կարելի է ասել՝ հաղթողների շարքում հայտնվելն այս իմաստով սպասելի էր․ ես հավատում էի․․․․
- Ո՞րն է հենց 21-րդ դարասկզբի մամուլի փոխակերպումներն ուսումնասիրելու նպատակը։
- Ինձ հետաքրքրում է, թե ինչպես է մամուլը զարգանում և արձագանքում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին։ Հատկապես 21-րդ դարասկզբին մամուլում տեղի են ունեցել (և այսօր էլ տեղի են ունենում) փոխակերպումներ, որոնք հիմնականում պայմանավորված են թվային տեխնոլոգիաների զարգացմամբ, սոցիալական մեդիայի աննախադեպ վերելքով, տեղեկատվության սպառման մշակույթում առկա փոփոխություններով և այլ գործոններով։ Թեև առկա է առցանց պարբերականների փոխակերպումներն ակնարկող գիտական հարուստ նյութ, այնուամենայնիվ, ամբողջության մեջ թեմայի վերաբերյալ համակողմանի վերլուծություններ առայժմ չկան։
Շատ հաճախ մտածում էի՝ ի՞նչ կլինի, եթե ինքս փորձեմ ուսումնասիրել թեման։ Հետազոտության թեման՝ «Մամուլի փոխակերպումները 21-րդ դարասկզբին (հայկական և բրիտանական առցանց պարբերականների օրինակով)», ընտրել եմ գիտական ղեկավարիս՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ժուռնալիստիկայի պատմության, տեսության ու պրակտիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանի հետ: Նրա հետ էլ որոշեցինք հայկական և բրիտանական առցանց պարբերականների օրինակով ներկայացնել մամուլի զարգացման այդ փոխակերպումները, ուսումնասիրել դրանցում ի հայտ եկած օրինաչափությունները, ընդհանրություններն ու տարբերությունները, բացահայտել մամուլի գործառութային փոփոխությունները ազգային և գլոբալ զարգացումների համատեքստում։
- Ինչո՞ւ եք որպես համեմատության առարկա ընտրել հենց հայկական և բրիտանական առցանց պարբերականները։
- Բրիտանական մամուլը՝ իբրև աշխարհի առաջատար մեդիահամակարգերից մեկը, ունի երկարամյա ավանդույթների, մասնագիտական հմտությունների, նորարարական մոտեցումների հարուստ փորձ։ Դրանց ազդեցությունն ակնհայտ է միջազգային մեդիադաշտում, իսկ առցանց պարբերականները հաճախ են ուղղորդում գլոբալ զարգացման միտումները: Հայ մամուլը լայն առումով անմասն չէ միջազգային մեդիայում տեղի ունեցող այդ գործընթացներից, սակայն այս համատեքստում հայկական առցանց պարբերականների փոխակերպումները համակողմանիորեն չեն ուսումնասիրվել: Այս բացն առավելապես ընդգծվում է, երբ խոսքը վերաբերում է երկու երկրների մեդիադաշտերի համադրական վերլուծությանը: Ուստի այս քննությունը հնարավորություն կտա մշակելու թվային դարաշրջանում մամուլի փոխակերպումների տեսական մոդել, ինչպես նաև կատարված ուսումնասիրությամբ բացահայտել բրիտանական և հայկական առցանց մեդիայի զարգացման առանձնահատկությունները, ձևավորել փոքր շուկաներում թվային մամուլի կայուն զարգացման համար գործնական առաջարկներ:
- Ի՞նչ նշանակություն ունի այս թեման հայ լրագրության զարգացման համար։ Ձեր հետազոտության արդյունքները ինչպե՞ս կարող են օգտակար լինել հայաստանյան մեդիաոլորտի մասնագետների համար։
- Ըստ էության՝ հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել մի քանի ուղղություններով։ Նախ՝ դրանք կլրացնեն և կհարստացնեն մեդիափոխակերպումների ժամանակակից պրակտիկաներին առնչվող գիտական գրականության դաշտը։ Երկրորդ՝ առաջարկելով հարուստ էմպիրիկ նյութ՝ կարող են ձևավորել համագործակցության հարթակ տարբեր ոլորտների մասնագետների համար՝ կատարելու թվային միջավայրում մեդիափոխակերպումների բազմաչափ ուսումնասիրություններ: Ավելի լայն իմաստով՝ նախատեսվում է նաև համագործակցել թեմայով հետաքրքրվող միջազգային հետազոտական խմբ(եր)ի հետ, ինչը կխթանի հայ մեդիաուսումնասիրողների ներգրավումը միջազգային գիտական համայնքում:
Իսկ գործնականում այս արդյունքները կարող են օգնել մեդիաքաղաքականություն մշակողներին և պարբերականների խմբագրություններին՝ ավելի լավ որոշումներ կայացնել նոր ռազմավարություններ մշակելիս և ծրագրային քաղաքականություն իրականացնելիս։
- Ո՞րն է, ըստ Ձեզ, ամենաուշագրավ միտումը համաշխարհային մամուլի փոխակերպման գործընթացում։
- Երբ խոսում ենք համաշխարհային մամուլի մասին, պետք է նկատի ունենանք այն մեդիադաշտը, որը չի սահմանափակվում մեկ երկրով կամ տարածաշրջանով։ Այդ պատճառով համաշխարհային մամուլի փոխակերպումները միակողմանի չեն և միայն մեկ գործոնով պայմանավորված չեն․ թվային տեխնոլոգիաները, սոցիալական մեդիան, ընթերցողի պահանջները, տեղական ու մի շարք այլ գործընթացներ միասին են ձևավորում այն փոփոխությունները, որոնց մենք ականատես ենք լինում։ Ուստի դժվար է առանձնացնել «ամենաուշագրավ» միտումը․ այն գործընթացների խտացում է, բազմաշերտ համակարգ, որտեղ ամեն մի տարր (գործընթաց) թողնում է իր ազդեցությունն ընդհանուր փոխակերպման վրա։
- Ի՞նչ մեթոդներով եք կատարում հետազոտությունը․ բովանդակային վերլուծությո՞ւն, համեմատական մեթոդնե՞ր, թե՞ երկուսի համադրություն։
- Բազմակողմանի վերլուծություն և ստացված արդյունքների հավաստիություն ապահովելու նպատակով հետազոտությունը կատարելու ենք մի քանի մեթոդների համադրությամբ։ Կիրառվելու են համակարգային վերլուծության, պատմական և համեմատական մեթոդներ՝ առցանց պարբերականների կառուցվածքը, զարգացման փուլերը և բրիտանական ու հայկական մեդիադաշտերի առանձնահատկությունները ուսումնասիրելու համար։ Էմպիրիկ մասում կատարելու ենք բովանդակության քանակական և որակական վերլուծություն, դիսկուրս վերլուծություն և փորձագիտական հարցազրույցներ։
Ընդհանուր առմամբ, այս բոլոր մեթոդները միասին հնարավորություն կտան ներկայացնելու ամբողջական պատկեր՝ ինչպես են զարգանում բրիտանական և հայկական առցանց պարբերականները, ինչ փոխակերպումներ են տեղի ունենում և ինչ կարևոր օրինաչափություններ կարելի է նկատել։
- Որքա՞ն ժամանակ է նախատեսված հետազոտության համար, և ի՞նչ փուլում է այն այժմ։
- Հետազոտության համար նախատեսված է երեք տարի։ Այն կատարելու ենք փուլային, համակարգված մոտեցմամբ։ Այժմ կազմվում է հետազոտության տեսամեթոդաբանական հիմքը, ընտրվում են թիրախային պարբերականները։ Հաջորդիվ կատարելու ենք ընտրված բրիտանական և հայկական առցանց պարբերականների բովանդակության վերլուծություն և կառուցվածքային-գործառութային առանձնահատկությունների ուսումնասիրում։ Վերջնական փուլում կատարելու ենք համեմատական և համադրական վերլուծություն, որի արդյունքում արդեն պարզ կդառնա երկու երկրների առցանց մամուլի փոխակերպումների ընդհանուր պատկերը։
- Ինչպե՞ս եք գնահատում այսօրինակ մրցույթների դերը երիտասարդ հետազոտողների խրախուսման գործում։
- Գիտե՞ք, հարցի շուրջ մտածելիս հասկացա, որ իրականում այս մրցույթը միայն շահառուներին չի խրախուսում։ Երբ դեռ երրորդ կուրսի ուսանող էի, որպես համալսարանի անցուդարձը լուսաբանող լրագրող հաճախ հարազրույցներ էի անցկացնում այս մրցույթի նախորդ տարիների հաղթողների հետ։ Չեմ բացառում, որ նաև նրանց հետ զրույցներն ինձ մոտ հետաքրքրություն առաջացրին գիտության հանդեպ։ Պատկերացրեք մարդկանց, որոնք Ձեզանից մեծ են ընդամենը մի քանի տարով, բայց կատարում են հետազոտություններ, հեղինակավոր ամսագրերում տպագրում հոդվածներ ու փայլող աչքերով պատմում այդ ամենի մասին։ Նրանց օրինակը տեսնելով՝ հաճախ ինքս ինձ հարցնում էի՝ ինչո՞ւ չլինել նրանցից մեկը․․․․ (ժպտում է- հեղ․)։
Արդեն որպես մրցույթի հաղթող կարող եմ ասել, որ նման ծրագրերն իսկապես խրախուսում են երիտասարդ հետազոտողներին՝ հավաստիացնելով, որ ներդրված ջանքերն ու հետազոտական գաղափարները կարևոր են։ Դրանց կյանքի կոչման ճանապարհին ֆինանսավորումը հաճելիորեն պարտավորեցնում է աշխատել հստակ ժամկետներում, կենտրոնանալ ուսումնասիրության վրա և գրանցել շոշափելի արդյունքներ։