- Главная
- Node
- Մտքեր, գաղափարներ և քննարկումներ․ գիտաժողովի օրակարգում են փիլիսոփայությունն ու արդի մարտահրավերները
Ноября 20, 2025 | 14:23
Կոնֆերանսներ
Կրթություն
Մտքեր, գաղափարներ և քննարկումներ․ գիտաժողովի օրակարգում են փիլիսոփայությունն ու արդի մարտահրավերները
ԵՊՀ-ում մեկնարկեց «Փիլիսոփայությունը և արդի մարտահրավերները։ Մարդը գոյաբանական ծուղակում» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը։ Գիտական այս միջոցառումը նպատակ ունի խթանելու փիլիսոփայական գիտելիքի զարգացումը, առկա հիմնախնդիրների փիլիսոփայական իմաստավորումը, ամրապնդելու տարբեր երկրների ակադեմիական և կրթական հաստատությունների փիլիսոփաների գործակցությունն ու փորձի փոխանակումը, կրթական հաստատություններում ավանդվող փիլիսոփայական գիտելիքների բովանդակային հարստացումը և դասավանդման մեթոդների կատարելագործումը։
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ու Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-22-ը անցկացվում է փիլիսոփայությանը և արդի մարտահրավերների վերլուծությանը նվիրված գիտաժողովը, որտեղ ներկայացվում են սոցիալական, արժեքաբանական, տնտեսական, քաղաքական-քաղաքակրթական, բարոյահոգեբանական, գիտական և կրթական արդի հիմնահարցերի փիլիսոփայական իմաստավորմանը նվիրված զեկուցումներ։
Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ մասնակիցներն այսօր ներկա են երկու կարևոր իրադարձության․ առաջինը գիտաժողովի պաշտոնական բացման արարողությունն է, իսկ երկրորդը՝ Փիլիսոփայության համաշխարհային օրը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ 2002 թվականից ի վեր նշվում է յուրաքանչյուր տարվա նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը։
«Գիտաժողովին մասնակցում են շուրջ չորս տասնյակ հետազոտողներ՝ գիտության ոլորտում ճանաչված և մեծ ավանդ ունեցող գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ, որոնք իրենց առաջին, բայց արդեն բավական կարևոր քայլերն են կատարում գիտության ասպարեզում։ Գիտակրթական այս միջոցառմանը մասնակցում են ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի աշխատակիցներն ու ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ ֆակուլտետների, տարբեր համալսարանների դասախոսներ, գործընկերներ և ներկայացուցիչներ։ Ակնկալում ենք հետաքրքիր զեկուցումներ և բովանդակալից բանավեճեր»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
Գիտաժողովին մասնակցում են մի շարք երկրների հեղինակավոր ակադեմիական և կրթական հաստատություններ ներկայացնող հետազոտողներ Գերմանիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ղազախստանից, Բելառուսից և այլ երկրներից։ Միաժամանակ, առցանց ձևաչափով գիտաժողովին հետևում են նաև հետազոտողներ արտերկրից։
Անդրադառնալով Փիլիսոփայության համաշխարհային օրվան՝ ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը նշեց, որ այս տոնի հանրահռչակման հիմքում են փիլիսոփայության պոպուլյարիզացիան և այն կարողությունների տարածումը, որոնք կարողանում են ստեղծել և զարգացնել փիլիսոփայական միտքը։
«Կարծում եմ, որ եթե պատահական անցորդներին կամ նույն լսարանում նստածներին հարցնենք՝ ինչի մասին է փիլիսոփայությունը, ապա երկու բառ առավել հաճախ կհնչի՝ վերլուծություն և վերացարկման կարողություն։ Ըստ իս՝ հենց այս երկու կարողություններն են, որոնք այսօր ամենից շատ պակասում են մեր հասարակությանը, ինչպես նաև ողջ աշխարհին։ Վերացարկումն է, որ հնարավորություն է տալիս լուծելու ծառացած խնդիրները՝ սկսած գլոբալ տաքացումից մինչև կրթական մի շարք մարտահրավերներ։ Վերլուծությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս այլ դիտանկյունից նայելու այն բոլոր խնդիրներին, որոնք փորձում ենք լուծել գործնական դաշտում»,- ասաց Է․ Ասրիյանը։
Նա առաջարկեց ավելի շատ լինել մտածող, գաղափարներ գեներացնող և ստեղծող՝ սպառող լինելու փոխարեն։
Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Տաթևիկ Կարապետյանը, որը կարդաց նախագահի ուղերձը, որտեղ մասնավորապես ընդգծվում էր, որ «Փիլիսոփայությունը և արդի մարտահրավերները։ Մարդը գոյաբանական ծուղակում» խորագիրը ոչ միայն գիտական թեմա է, այլև մեր առօրյայի, մեր հասարակության և ապագայի մասին անկեղծ ու պատասխանատու մտորումների հրավեր։
«21-րդ դարն իր աննախադեպ արագությամբ վերափոխում է մարդկային կենսակերպի բոլոր շերտերը՝ տեխնոլոգիական զարգացումները, տեղեկատվական հոսքերի անվերջ բազմազանությունը։ Արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները փոխում են մեր մտածելակերպը, հանրային և անձնական փոխհարաբերությունների տրամաբանությունը։ Ինչպե՞ս պահպանել բանականությունը տեղեկատվական ճնշման պայմաններում, ինչպե՞ս կառուցել առողջ հարաբերություններ արագ փոփոխվող սոցիալական շրջանակներում, ինչպե՞ս չկորցնել մարդուն՝ որպես արժեք, տեխնոլոգիական կրիչների, ալգորիթմների, արհեստական բանականության ազդեցության և երբեմն՝ գերակայության պայմաններում։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար փիլիսոփայությունը կրկին ստանձնում է իր հին, բայց երբեք չկորցրած առաքելությունը՝ օգնել մարդուն հասկանալ իր լինելիության հիմքերը, իր ազատության և պատասխանատվության սահմանները, ճշմարտության որոնման բարդ, երբեմն ցավոտ, բայց անխուսափելի ուղին»,- իր ուղերձում նշել է ՀՀ նախագահը։
Գիտաժողովի նշանակությունն ու անցկացումը կարևորեցին Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահ Հասմիկ Հովհաննիսյանն ու ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը։ Վերջինս ընդգծեց, որ այս նստաշրջանների ընթացքում հնարավորություն կունենան ոչ միայն որոնելու կարևոր հարցերի պատասխաններ, այլև բացահայտելու և լուծումներ առաջարկելու նոր խնդիրների համար։
Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնության փոխնախագահ Մարիա Բաղրամյանը շեշտեց, որ այսօրվա գիտաժողովը միավորում է տարբեր ակադեմիական հաստատություններից ժամանած հայ և օտարերկրյա փիլիսոփաներին, որոնք ներկայացնում են ոլորտի մասնագիտացման բազմազան ուղղություններ։ Նման համագործակցությունները կարող են ամրապնդել ոչ միայն փիլիսոփայության ոլորտը, այլև ընդհանրապես ակադեմիական գերազանցությունը Հայաստանում։
Գիտական միջոցառման ընթացքում ֆակուլտետի ուսանողները ներկայացրին «21-րդ դարի թվային քարանձավ» խորագրով թատերական ներկայացումը, որը վերաբերում էր թվային տեխնոլոգիաների բացասական ազդեցությանը մարդու վրա։
Նշենք, որ գիտաժողովի ընթացքում ներկայացվելու են մի շարք զեկուցումներ՝ «Կյանքի իմաստի որոնման փիլիսոփայական վերլուծություն», «Կայուն զարգացման մարտահրավերները և Հայաստանի դիրքորոշումը», «Կարելի՞ է արդյոք իրավունքները հանգեցնել պատճառներին», «Գրիգոր Նարեկացու քրիստոնեական հումանիզմը», «Արդիականության ինքնագիտակցումը Երվանդ Ֆրանգյանի պատմափիլիսոփայության մեջ», «Արհեստական բանականություն. գլխապտույտ հաջողությունից», «Թվային անմահությունը և վշտի վերապրումը արհեստական բանականության դարաշրջանում», «Ոչ դասական տրամաբանությունը և նեոհռետորիկան» և այլն։ Գիտաժողովի ծրագրին հնարավոր է ծանոթանալ՝ այստեղ։
Այս գիտաժողովը կդառնա հարթակ, որը հնարավորություն կընձեռի քննարկելու փիլիսոփայության արդիական խնդիրները։ Նման նախաձեռնությունները ոչ միայն նպաստում են գիտական վերլուծության և մտածողության զարգացմանը, այլև հնարավորություններ ստեղծում գիտական մտքի նոր ուղղությունների զարգացման համար։






