- Главная
- Node
- Քաղաքների կայուն զարգացումը՝ մարդու իրավունքների համատեքստում․ աշխատաժողով ԵՊՀ-ում
Ноября 20, 2025 | 16:41
Մարդու իրավունքներ
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Քաղաքների կայուն զարգացումը՝ մարդու իրավունքների համատեքստում․ աշխատաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ-ում անցկացվեց «Քաղաքային կայուն զարգացում և մարդու իրավունքներ» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, ինչպես նաև Կայուն զարգացման կենտրոնի համագործակցությամբ` «Եվրոպական ուսումնասիրությունների «Ժան Մոնե» գերազանցության կենտրոն. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն («DeHuRiS»)» ծրագրի շրջանակում։
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ, «DeHuRiS» ծրագրի համակարգող Լուսինե Գևորգյանի խոսքով՝ կարևոր է այն, որ քաղաքային զարգացումը ոչ միայն դիտարկման է արժանանում որպես քաղաքաշինությանը կամ միայն երկրաբանությանը, շրջակա միջավայրին, մարդու իրավունքներին առնչվող խնդիր, այլև ներկայացվում է համապարփակ ձևով՝ միջգիտակարգային տեսանկյունից:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Գոռ Ալեքսանյանն էլ ընդգծեց, որ երբ քաղաքը դիտարկում ենք ոչ միայն որպես բնակության վայր, այլև «օրգանիզմ», ապա շատ կարևոր է կայուն զարգացման երեք հայեցակետերի (սոցիալական, տնտեսական, բնապահպանական) շրջանակում դիտարկել քաղաքի զարգացման ամբողջ ընթացքը:
«Աշխարհի բնակչության թիվը հատել է 8 մլրդ-ը, այդ բնակչության 50%-ն ապրում է քաղաքներում, սակայն այդ քաղաքները երկրագնդի ցամաքային տարածքի մոտ 3.5%-ն են զբաղեցնում: Եթե զուգահեռներ անցկացնենք ՀՀ օրինակով, որտեղ կա 49 քաղաքային բնակավայր, ապա կտեսնենք, որ բոլոր քաղաքներում միասին վերցրած ապրում է Հայաստանի բնակչության ավելի քան 64%-ը: Այս քաղաքները միասին կազմում են ՀՀ տարածքի մոտ 3%-ը: Այսինքն՝ աշխարհում ամբողջ բնակչության 50%-ն ապրում է իր 3%-ի վրա, իսկ Հայաստանում ավելի քան 64%-ն է ապրում իր 3%-ի վրա»,- ասաց Գոռ Ալեքսանյանը՝ նշելով, որ զուտ տոկոսային համամասնությամբ այս թիվը մեր երկրում շատ ավելի կարևոր ցուցանիշ է դիտարկվում քաղաքների կայուն զարգացումը և մարդու իրավունքները քննարկելու համար:
Նա նաև հավելեց, որ Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, որտեղ ապրում է ՀՀ բնակչության մոտ 37%-ը, զբաղեցնում է ՀՀ տարածքի ընդամենը 0.75%-ը։
«Եթե մենք ուզում ենք ունենալ կայուն հասարակություն և կայուն զարգացող գործընթացներ, առաջին նպատակը, որին պետք է ուշադրություն դարձնենք, կայուն համայնքներն ու կայուն քաղաքներն են: Այս աշխատաժողովը կարևոր է նրանով, որ այստեղ խոսում ենք մեկ ընդհանուր թեմայի՝ կայուն քաղաքի մասին՝ ընդգծելով երկու կարևոր հայեցակետ՝ քաղաքի կայուն զարգացում, հատկապես՝ մարդու իրավունքների տեսանկյունից»,- ասաց Գոռ Ալեքսանյանն ու շեշտեց, որ գիտականորեն հիմնավորված մոտեցումները պրակտիկ խնդիրների գրեթե չեն հանդիպում:
Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ավագ հետազոտող Աննա Բրուսը ներկայացրեց «Քաղաքային պլանավորումն ու զարգացումը՝ որպես հավասարության և մարդու իրավունքների իրականացման գործիք՝ Շվեդիայի օրինակով» զեկուցումը:
«Իմ աշխատանքի հիմքում ընկած է այն մոտեցումը, որ տարբեր մասնագետների հետ համագործակցության միջոցով հասկանանք, թե ինչպես կարելի է մարդու իրավունքների սկզբունքները և մեթոդները ներդնել նրանց առօրյա կյանքում այնպես, որ դրանք լրացուցիչ ծանրաբեռնվածություն չստեղծեն, այլ բնականորեն համընկնեն արդեն գոյություն ունեցող ընթացակարգերի հետ։ Մարդու իրավունքների ոլորտում ես հիմնականում զբաղվում եմ հավասարության ու հաշմանդամության խնդիրներով։ Հաշմանդամության դեպքում նկատի ունենք միջավայրային խնդիրները՝ կառուցված միջավայրի խոչընդոտները, ինչպես նաև հասարակության վերաբերմունքը»,- ասաց Աննա Բրուսը՝ ընդգծելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հիմնական խտրականության պատճառը հենց ոչ հարմար կառուցված միջավայրն է։
Նրա խոսքով՝ վերջին տասը տարիների ընթացքում մարդու իրավունքների մասնագետները սկսել են դիտարկել կառուցված միջավայրը՝ մտածելով, թե արդյոք այն կարող է ծառայել որպես մարդու իրավունքների պաշտպանության ևս մեկ գործիք կամ մեթոդ՝ ի հավելումն սոցիալական քաղաքականությունների, օրենսդրությունների և այլնի։
«Իրավունքներին վերաբերող հարցերն առաջանում են ոչ միայն ժամանակի, այլև տարածության մեջ, ուստի էական նշանակություն ունի, թե ինչպես է նախագծված այդ տարածությունը։ Օրինակ՝ որքա՞ն հեռու է դպրոցը, եթե դուք ապրում եք գյուղական տարածքում, արդյո՞ք այդ շենքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար և նման շատ այլ հարցեր, որոնք վերաբերում են բոլորիս համար այդքան կարևոր մարդկային իրավունքների պաշտպանությանը»,- մատնանշեց նա:
Աննա Բրուսը նշեց, որ կայուն զարգացող քաղաքներ ունենալու համար պետք է կարողանալ պատասխանել մի շարք հարցերի, այդ թվում՝ ինչպիսի կարողություններ, մտածելակերպ և գիտելիք պետք է ունենա մարդը, որ կարողանա օգտագործել այն, ինչ ստեղծվում է։
«Այն, թե ինչպես ենք մենք մտածում մարդկանց մասին, որոշում է, թե ինչ իրավունքներ կարող են ունենալ նրանք՝ ըստ մեզ, և ինչ լուծումներ պետք է ստեղծվեն այդ իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար։ Հետևաբար՝ մարդկանց մեկուսացումը հասարակությունից տեղի չի ունենում պարզապես սխալների պատճառով, այլ հետևանք է այն բանի, որ մենք նրանց ավելի քիչ դեր ու նշանակություն ենք տալիս»։
Օտարերկրյա հետազոտողն ընդգծեց, որ ուշադրությունը պետք է հատկապես կենտրոնացնել այն խմբերի վրա, որոնք նախկինում ուշադրության կենտրոնում չեն եղել, ինչն էլ հենց հավասարությունն է։
«Հավասարություն չի նշանակում պարզապես բոլորի հետ նույն կերպ վարվել»,- եզրափակեց Աննա Բրուսը։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ Տիգրան Սարգսյանը խոսեց «Քաղաքների կայուն կառավարման փորձը և հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայից, քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արտակ Փիլոյանը ներկայացրեց «Թվային երկիր և տարածական արդարություն․ գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների դերը կայուն և մարդակենտրոն քաղաքային կառավարման մեջ» ուսումնասիրությունը: Իսկ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Հարություն Վերմիշյանը ներկայացրեց «Իրավունք քաղաքի նկատմամբ․ վերաիմաստավորելով հայաստանյան հետարդյունաբերական քաղաքների կայուն զարգացումը» թեմայով զեկուցում: Ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը (թեմա՝ «Շրջակա միջավայրի գիտությունները կայուն քաղաքների համար. օրինակներ և գիտական վկայություններ»), նույն կենտրոնի ԱՏՀ և հեռազննման բաժնի ղեկավար և գիտական գծով փոխտնօրեն Շուշանիկ Ասմարյանը (թեմա՝ «Հեռազննման հնարավորությունները քաղաքային տարածքներում շրջակա միջավայրի խնդիրների հետազոտության համար»):




