- Главная
- Node
- «Հայոց միջնադարյան համալսարանը» խորագրով բանախոսություն ԵՊՀ-ում
Ноября 20, 2025 | 17:30
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
«Հայոց միջնադարյան համալսարանը» խորագրով բանախոսություն ԵՊՀ-ում
ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում տեղի ունեցած «Հայոց միջնադարյան համալսարանը» խորագրով բանախոսությանը Մատենադարանի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Լուսինե Թումանյանը ներկայացրեց Գլաձորի համալսարանի պատմությունը՝ անդրադառնալով վերջինիս հոգևոր, գիտակրթական և մշակութային հարուստ ժառանգությանը:
Բանախոսը ԵՊՀ ուսանողներին և ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտներին հանգամանորեն ներկայացրեց միջնադարյան կրթօջախների շարքում (բարձր դպրոցներ, վարդապետարաններ, քահանայից լսարաններ) կարևոր դեր ու նշանակություն ունեցած Գլաձորի համալսարանի պատմությունը՝ հիմնադրումից մինչև անկում՝ Գլաձորից մինչև Տաթևի վանք:
Ժամանակի հատկապես կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման գործում անփոխարինելի դերակատարում ունեցող կրթօջախը ժամանակակիցներն անվանել են «Յերկրորդ Աթէնս պանծալի», «Մայրաքաղաք իմաստութեան», «Գերահռչակ համալսարան», «Ի հռչակավոր եւ սուրբ մենաստան համալսարանիս Գլաձորոյ», «Յաթոռ մեծ համալսարանին Եսայեայ եւ րաբունապետ Հայոց Մեծաց»:
13-րդ դարում Սյունիք նահանգի Վայոց ձորի Գլաձորի կամ Աղբերց վանքում հիմնադրված ուսումնական կենտրոնը, որն այդտեղ էր տեղափոխել Ներսես Մշեցին Մշո Առաքելոց վանքից, կոչվեց Գլաձորի համալսարան։ Տեսակով բարձր դպրոցը համալսարան կոչվեց կառուցվածքային առանձնահատկության շնորհիվ, այն է՝ հայ միջնադարի պատմության մեջ առաջին անգամ համատեղվեցին քահանայից և վարդապետաց լսարանները:
Համալսարանի հիմնադիր և ղեկավար (րաբունապետ) Ներսես Մշեցու մահվանից հետո Վայոց ձորի նահանգապետ Պռոշ Իշխան Խաղբակյանի հորդորներով դպրոցի ղեկավարությունը ստանձնում է Եսայի Նչեցին:
Ներկայացնելով համալսարանի կառուցվածքն ու գործունեությունը (եկեղեցական և աշխարհիկ դպրության, գրչության արվեստի և խազագիտության և երաժշտության լսարանները)՝ բանախոսը նշեց Գլաձորի բարձր դպրոցի նպատակները, ուսումնական ծրագրի առանձնահատկությունները: Այնտեղ դասավանդվում էին Աստվածաշունչ, եռյակ (քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն) և քառյակ (թվաբանություն, երաժշտություն, երկրաչափություն, աստղաբաշխություն) գիտություններ:
Հայաստանի քաղաքական և ռազմական իրադրության կտրուկ վատթարացմամբ պայմանավորված՝ գիտական կենտրոնի տեղափոխությունն անհրաժեշտություն է դառնում:
Հոգևոր-մշակութային և գիտակրթական կենտրոնի կաթվածահար գործունեությունը, ձևավորված ավանդույթը շարունակելու, նաև զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ պայմաններով նոր կենտրոն է ընտրվում Տաթևի վանքը (որտեղ աշխատեցին Գլաձորի մեծանուն աշակերտները և մասնավորապես Գրիգոր Տաթևացին): Մինչ Տաթևի վանքում վերջնական և վերջին հանգրվան գտնելը Գլաձորի համալսարանը տեղափոխվում է Հերմոնի վանք, Որոտնավանք, ապա Ապրակունիսի վանք:
Գլաձորի համալսարանի վերջին ականավոր գործիչը Գրիգոր Տաթևացին է: Նրա հաջորդ Առաքել Սյունեցին փորձում է պահպանել համալսարանը (գոյատևում է մինչև 1435 թ.), սակայն Գրիգոր Տաթևացու մահվան տարեթիվը՝ 1410-ը, ընդունված է համարել Գլաձորի համալսարանի անկման տարեթիվ:
Հայկական ձեռագրական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ ունեն Գլաձորի համալսարանում ընդօրինակված և նկարազարդված ձեռագրերը։ Ընդ որում՝ գլաձորյան մանրանկարչությունը կրում է և՛ տեղական, և՛ կիլիկյան մանրանկարչության ազդեցությունը։ Բանախոսության ընթացքում ԵՊՀ ուսանողներն ու ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեցան դիտելու համալսարանի մեծանուն գրիչների և ծաղկողների՝ Թորոս Տարոնացու, Ավագի, Մոմիկի գրած և նկարազարդած ձեռագրերից պատկերներ։
Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով: Հնչած հետաքրքիր հարցերին բանախոսն արձագանքեց բովանդակալից ու սպառիչ պատասխաններով:
Հայոց միջնադարյան համալսարանին նվիրված բանախոսությունն արժեքավոր տեղեկություններ փոխանցեց ուսանողներին ու սթեմականներին ինչպես հումանիտար, այնպես էլ կիրառական գիտությունների ոլորտներ ընդգրկող, բարձրակարգ և բազմաբովանդակ ուսումնահամակարգ ունեցող Գլաձորի համալսարանի մասին:




