- Главная
- Node
- Միջազգային իրավունքի ճանապարհով․ Լայդենի համալսարանի պրոֆեսոր Լարիսա վան դեն Հերիքի դասախոսությունը ԵՊՀ-ում
Ноября 25, 2025 | 12:39
Կրթություն
Մարդու իրավունքներ
Միջազգային իրավունքի ճանապարհով․ Լայդենի համալսարանի պրոֆեսոր Լարիսա վան դեն Հերիքի դասախոսությունը ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացավ «Համընդհանուր իրավասության համընդհանրացում» խորագրով դասախոսություն, որը կազմակերպվել էր «Cleveringa Meetings» միջազգային նախաձեռնության շրջանակում։ Դասախոսությունն անցկացրեց Լայդենի համալսարանի (Նիդեռլանդներ) պրոֆեսոր, միջազգային հանրային իրավունքի մասնագետ, դատավոր Լարիսա վան դեն Հերիքը։
«Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ նախաձեռնության շրջանակում դասախոսությունների շարքեր են կազմակերպվում ամբողջ աշխարհում, և այս տարի այդ շարքի դասախոսություններից մեկը տեղի է ունենում ԵՊՀ-ում։
«Լարիսա վան դեն Հերիքի դասախոսությունն էլ վերաբերում է Միջազգային քրեական դատարանին և միջազգային քրեական արդարադատությանն առհասարակ»,- ասաց նա։
Մինչ դասախոսությունը ուսանողները դիտեցին կարճամետրաժ ֆիլմ, որտեղ ներկայացվում էին պրոֆեսոր Քլևերինգայի գաղափարները և նշանակալից դերը Նիդեռլանդների օկուպացիայի տարիներին։
Դասախոսության մեկնարկին պրոֆեսոր Լարիսա վան դեն Հերիքը նշեց, որ մեծապես գնահատում է ընձեռված հնարավորությունը և ուրախ է գտնվելու Երևանում՝ ընդգծելով, որ երկրների միջև համագործակցությունն այսօր առավել, քան երբևէ, կարևոր է։
Մասնագետն իր ելույթում մատնանշեց, որ աշխարհում աճող անորոշությունների և միջազգային իրավունքի նահանջի պայմաններում անհրաժեշտ է պահպանել հույսը, «վերակառուցել» և «ցանել ավելի լուսավոր ապագայի սերմերը»։ Նա բարձր գնահատեց հայ իրավաբանների և Հայաստանի փորձառությունը՝ ընդգծելով, որ երկրի պատմական ու աշխարհագրական դիրքի շնորհիվ հայերն ունեն յուրահատուկ ըմբռնում միջազգային հարաբերությունների ու աշխարհաքաղաքականության վերաբերյալ։
«Այսպիսով, այն հարցերից մեկը, որին ես՝ որպես միջազգային իրավունքի պրոֆեսոր, այս օրերին անդրադառնում եմ, այն է, թե ինչ դեր ունի միջազգային իրավունքը մի աշխարհում, որտեղ գերակշռում է աշխարհաքաղաքական ու կոպիտ ուժերի կիրառումը։ Ինքս ինձ հարցնում եմ՝ ինչ եմ ես սովորեցնում, ինչ է միջազգային իրավունքը, որն է դրա նպատակը: Ասեմ, որ ես լիարժեք և վերջնական պատասխան չունեմ այս հարցերի համար, սակայն հուսով եմ, որ միասին կարող ենք գտնել այդ հարցերի պատասխանները: Ես, իհարկե, ունեմ նախնական որոշ մտքեր և կցանկանայի անդրադառնալ «լույսի որոշ կետերի», որոնք շարունակում են փայլել այս պահին, երբ աշխարհը մթնում է։ Մենք չգիտենք՝ արդյո՞ք նրանք կշարունակեն իրենց լույսը ճառագել։ Դասախոսության գաղափարն այն է, որ մատնանշեմ, թե որոնք են լույսի և հույսի այդ մնայուն կետերը: Եվ ես դա կանեմ՝ կենտրոնանալով միջազգային արդարադատության, քրեական արդարադատության և միջազգային դատարանների, բայց նաև ներպետական շատ դատարանների դերի վրա»,- նշեց նա:
Միջազգային իրավունքի մասնագետն իր ելույթում անդրադարձավ աշխարհում աշխարհաքաղաքական աճող լարվածություններին և դրանց ազդեցությանը միջազգային հարաբերությունների վրա, խոսեց միջազգային իրավունքի մարտահրավերների մասին՝ անդրադառնալով միջազգային դատարանների դերին, ինչպես նաև մի շարք այլ հարցերի։
Դասախոսության ընթացքում Լարիսա վան դեն Հերիքն ընդգծեց ակադեմիական համագործակցության կարևորությունը՝ տարբեր երկրների և մշակույթների փորձառությունները համադրելու, համատեղ քննարկումներ անցկացնելու և փոխադարձ ներշնչում ստանալու տեսանկյունից։
Դասախոսությանը ներկա ուսանողները, ոլորտի փորձագետները և հետաքրքրված մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու ներկայացված թեմաների վերաբերյալ հարցեր։
Նշենք, որ «Cleveringa Meetings» նախաձեռնությունը անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում՝ ի հիշատակ Լայդենի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Ռուդոլֆ Քլևերինգայի 1940 թ․ պատմական ելույթի, որով նա հրապարակայնորեն հանդես եկավ իր երկու հրեա գործընկերների՝ աշխատանքից ազատման դեմ՝ պաշտպանելով միջազգային իրավունքի պահպանումը։ Արժևորելով պրոֆեսոր Քլևերինգայի ելույթը՝ տասնյակ «Քլևերինգա» կոմիտեներ, համագործակցելով Լայդենի համալսարանի հիմնադրամի հետ, կազմակերպում են թեմատիկ դասախոսություններ ամբողջ աշխարհում, որոնք նպատակ ունեն խթանելու ակադեմիական քննարկումները իրավական, հասարակական, ինչպես նաև քաղաքական խնդիրների շուրջ։







