- Главная
- Node
- ԵՊՀ-ում կայացավ ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների ներկայացման ԳԽ արտահերթ երկրորդ նիստը
Декабря 12, 2025 | 14:31
Հասարակություն
Քաղաքականություն
ԵՊՀ-ում կայացավ ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների ներկայացման ԳԽ արտահերթ երկրորդ նիստը
ԵՊՀ-ում այսօր շարունակվեց ուսումնական ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների ներկայացման գործընթացը։ Երկրորդ նիստին ֆակուլտետների, ինստիտուտների և կենտրոնների ղեկավարները ներկայացրին տարվա ընթացքում կատարված աշխատանքները, կարևոր ձեռքբերումները, ինչպես նաև զարգացման ու բարելավման ծրագրերը։
Տարեվերջյան ամփոփիչ գործընթացի երկրորդ նիստի շրջանակում իրենց հաշվետվությունները ներկայացրին ուսումնական 11 ստորաբաժանումների ղեկավարները։ Այս նիստի ընթացքում ևս առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ուսումնամեթոդական և գիտական գործունեության արդյունքներին, ինչպես նաև այն հարցերին, որոնք պահանջում են հետագա զարգացում ու նոր նպատակների սահմանում։ Հանդիպումն անցավ գործնական և համագործակցային մթնոլորտում՝ ապահովելով արդյունավետ քննարկումներ և նոր հեռանկարների ձևակերպում։
Օրակարգի հաստատումից հետո ԳԽ անդամները ներկայացրին հաշվետվությունները։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն առանձնացրեց մի քանի առանցքային ուղղություններ՝ դիմորդների հետ տարվող աշխատանքների զարգացում, կրթական ծրագրերի բարելավում և ուսանողների ու դասախոսական կազմի ներգրավվածության բարձրացում։ Դեկանն ընդգծեց ֆակուլտետի ակտիվ համագործակցությունը դպրոցների հետ՝ նշելով 30-ից ավելի այցելություններ, ավագ դպրոցի աշակերտների նախագծային աշխատանքների պաշտպանություններ ու պատմության օլիմպիադայի կազմակերպումը, որն այս տարի ունեցել է աննախադեպ մասնակցություն։ Նա կարևորեց կրթական ծրագրերի վերանայմանն ու արդիականացմանը միտված քայլերը, ինչպես նաև «Կովկասագիտություն» կրթական ծրագրում միաժամանակ վրացերենի ու ադրբեջաներենի դասավանդման ներդրումը․ 2025-2026 ուսումնական տարվանից ուսանողները սովորելու են և՛ վրացերեն, և՛ ադրբեջաներեն, ինչը կմեծացնի մասնագիտության մրցակցային առավելությունները։ Հաշվետվության կարևոր շեշտադրումներից էր ուսանողական կյանքի ակտիվացումը՝ կամավորական խմբերի ձևավորումը, սեմինարների ու գիտաժողովների անցկացումը, քննությունների արդար ու վերահսկելի կազմակերպման նոր մեխանիզմները։
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան անդրադարձավ ֆակուլտետի բազմաճյուղ գործունեությանը՝ ընդգծելով, որ վերանայվել են մագիստրատուրայի կրթական որոշ բաղադրիչներ, կազմակերպվել է նոր ձևաչափով պրակտիկա։ Նա նշեց նաև, որ ուսանողները մասնակցել են միջազգային ամառային դպրոցների, գիտաժողովների ու հետազոտական նախագծերի։ Դեկանն անդրադարձավ նաև գիտահետազոտական ակտիվությանը, արտասահմանյան գործընկեր բուհերի հետ համագործակցության ամրապնդմանը, միջազգային այցելությունների աճին, օտարերկրյա ուսանողների թվի աճին, ինչպես նաև ենթակառուցվածքային բարեփոխումներին։ Դ․ Գազարովայի գնահատմամբ՝ տարին եղել է արդյունավետ, իսկ առաջիկա նպատակներից են դիմորդների հետ տարվող աշխատանքների ակտիվացումը, կրթական ծրագրերի թվային հավատարմագրումը, ուսանողների միջազգային շարժունակության ընդլայնումը և ֆակուլտետի 50-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի կազմակերպումը։
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Արթուր Ավագյանը նշեց, որ 2024–2025 ուսումնական տարին եղել է զարգացման, ինչպես նաև համապարփակ արդիականացման շրջան․ դիմորդների մասնագիտական կողմնորոշման նոր նախաձեռնությունների շնորհիվ դիմորդների թիվն աճել է մոտ 10%-ով, թարմացվել են մի շարք առարկայական ծրագրեր՝ զարգացնելով արդեն իսկ գոյություն ունեցող «AI», «Cloud», «Data Science» և ժամանակակից վեբ տեխնոլոգիաների հետ կապված բովանդակությունը, իսկ ուսանողները պահպանել են 100%-անոց զբաղվածությունը ոլորտի առաջատար ընկերություններում։ Նա առանձնահատուկ կարևորեց ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության ուղղությամբ կատարված աշխատանքները՝ միտված թե՛ թվային կրթական միջավայրի կատարելագործմանը, թե՛ ֆիզիկական աշխատանքային պայմանների բարելավմանը։ Տնօրենն ասաց, որ ստեղծվել են համակարգչային երկու նոր լաբորատորիաներ, կատարելագործվել է «E-learning» հարթակը, արդիականացվել են «Registrar» ու «Supervision» համակարգերը, համալսարանական «Moodle» («E-learning») ուսումնական միջավայրին ամբողջությամբ ինտեգրվել է ակադեմիական ազնվության ապահովման «Turnitin» համակարգը։
Ա․ Ավագյանի խոսքով՝ կենտրոնը շարունակելու է խորացնել համագործակցությունը «MIT»-ի և արտասահմանյան այլ կառույցների հետ, ինչպես նաև ընդլայնելու է ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում՝ ապահովելով ծրագրերի համապատասխանությունը ՏՏ ոլորտի՝ արագ փոփոխվող պահանջներին։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գալստյանը, ներայացնելով ֆակուլտետի գիտակրթական գործունեությունը, նշեց, որ ֆակուլտետում գործող Քիմիայի գիտահետազոտական կենտրոնը շարունակում է ակտիվ գիտական գործունեություն ծավալել իր 37 աշխատակիցներով, որոնցից 23-ը ներգրավված են նաև ուսումնական գործընթացում։ Տարվա ընթացքում կենտրոնի աշխատակիցների 33 գիտական հոդվածներից 30-ը տպագրվել են միջազգային գրախոսվող ամսագրերում։ Ա․ Գալստյանը շեշտեց, որ հետազոտական ծրագրերին մասնակցել են նաև ուսանողները։ Ֆակուլտետն ունեցել է արդյունավետ միջազգային և տեղական համագործակցություններ՝ ապահովելով համատեղ դրամաշնորհներ ու բարձր վարկանիշային հրատարակություններ։
Ա․ Գալստյանի խոսքով՝ առաջիկա ուսումնական տարվա գլխավոր նպատակներն են ֆակուլտետի տարածքների վերանորոգման ու կահավորման ավարտը, բակալավրիատի նորացված կրթական ծրագրերի լիարժեք ներդրումը և դրանց համապատասխանեցումը մագիստրատուրայի կրթական բաղադրիչներին։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է ընդլայնել նյութատեխնիկական բազան, ներգրավել նոր մասնագետներ, ակտիվացնել միջազգային համագործակցությունները, ինչպես նաև ավելի հաճախակի դարձնել ապագա դիմորդների հետ հանդիպումները։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը շեշտեց, որ 2024–2025 ուստարում ֆակուլտետում վերանայվել և արդիականացվել են կրթական ծրագրերը, թարմացվել են բակալավրի և մագիստրոսական մի շարք ծրագրեր, ներդրվել են ժամանակակից պահանջներին համապատասխան դասընթացներ, ինչպես նաև մշակվել են միջազգային գործընկեր հաստատությունների չափանիշներին համահունչ ծրագրեր։ Ֆակուլտետը կարևոր առաջընթաց է արձանագրել ուսանողների առաջադիմության բարելավման, գիտական ակտիվության բարձրացման, ուսանողների միջազգային ներգրավվածության ընդլայնման և կրթաթոշակային հնարավորությունների ավելացման ուղղություններով։ Զուգահեռաբար իրականացվում են աշխատաշուկայի հետ համատեղ նախաձեռնություններ, մի շարք ծրագրերի միջազգային հավատարմագրում, ինչպես նաև մագիստրոսական նոր ծրագրերի լիցենզավորում։
Ֆակուլտետը հաջորդ ուսումնական տարում նպատակ ունի շարունակելու դիմորդների հետ տարվող ակտիվ աշխատանքները, խթանելու գիտահետազոտական գործունեությունը և ընդլայնելու միջազգային կապերը՝ դասախոսների շարժունության ու համագործակցային նախաձեռնությունների միջոցով։ Նախատեսվում է խորացնել գործատուների հետ համագործակցությունը, ինչպես նաև կազմակերպել «Փոխակերպվող տնտեսություն» գիտաժողովը, որի անցկացումը ֆակուլտետում դարձել է ավանդույթ։
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Հակոբյանը նշեց, որ 2024–2025 ուսումնական տարում ֆակուլտետը իրականացրել է «Դեպի ԻԿՄ» իրազեկման ծրագիրը՝ դպրոցներում կազմակերպելով լայնածավալ հանդիպումներ։ Տարվա ընթացքում թարմացվել են կրթական ծրագրերը, ավելացվել են մեքենայական ուսուցման և տվյալագիտության նոր դասընթացներ, ընդլայնվել է ավտոմատացված քննությունների համակարգը, կազմակերպվել են միջմասնագիտական թեզերի պաշտպանություններ։ Ուսանողները արձանագրել են բարձր արդյունքներ, այդ թվում՝ միջազգային ծրագրավորման օլիմպիադաներում։
Նա նշեց, որ 2025–2026 ուսումնական տարում ֆակուլտետը նախատեսում է կատարել մի շարք շարունակական և նպատակային քայլեր։ Մասնավորապես՝ ներդնել և կատարելագործել կրթական ծրագրերը՝ «Ինֆորմատիկա (Համակարգչային գիտություն)» և «Տեղեկատվական անվտանգություն» մասնագիտությունները արդիական պահանջներին համապատասխանեցնելու և հավատարմագրում ստանալու նպատակով։ Նախատեսվում է ակտիվացնել ամբիոններում գիտահետազոտական աշխատանքները և ավելացնել գիտական հրապարակումների թիվը բարձր ազդեցության գործակցով հանդեսներում։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանն ընդգծեց, որ վերջին տարիներին գիտության ֆինանսավորման աճը զգալիորեն ակտիվացրել է ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքները․ ավելացել է դրամաշնորհների թիվը, ձեռք են բերվել ժամանակակից թանկարժեք լաբորատոր սարքավորումներ, հրապարակված գիտական հոդվածների քանակը աճել է ավելի քան 53%-ով, իսկ միջազգային շտեմարաններում («Scopus», «Web of science») հրապարակումները՝ 63%-ով։ Ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվել են մոտ երկու տասնյակ սեմինարներ, կազմակերպվել մի շարք գիտաժողովներ՝ ակտիվ համագործակցելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ու միջազգային կառույցների հետ։ Զարգացվել են ուսանողների պրակտիկաները, ընդլայնվել է գործընկեր կազմակերպությունների շրջանակը, վերանորոգվել և վերազինվել են լաբորատորիաներ։ Դեկանի խոսքով՝ առաջիկա տարիներին նախատեսվում է շարունակել կրթական ծրագրերի արդիականացումը, գիտական ենթակառուցվածքների զարգացումը, աշխատաշուկայի հետ կապերի ամրապնդումը և ԵՊՀ ռազմավարությանը համահունչ բարձրորակ գիտահենք կրթության ապահովումը։
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Աննա Մկրտչյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա գործունեությունն ու արձանագրած արդյունքները, կարևորեց, որ ինստիտուտի գիտահետազոտական և ուսումնական գործունեությունը ուսումնական տարում ակտիվ է եղել․ կատարվել են ասիմետրիկ սինթեզի և կենսաբժշկական սքրինինգի հետազոտություններ, ձեռք է բերվել ֆինանսավորում ազգային ու միջազգային դրամաշնորհների շրջանակում, կազմակերպվել են գիտաժողովներ և սեմինարներ, իսկ ուսանողները ներգրավվել են գիտական աշխատանքներում։ Հաջորդ քայլերի հիմնական ուղղությունները ներառում են՝
կրթական ծրագրերի ընդլայնում (հատկապես՝ կրկնակի դիպլոմով և օտար լեզվով),
գիտական ներուժի ամրապնդում (դրամաշնորհների խթանում և միջազգային համագործակցության խորացում),
Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի կենտրոնի կարողությունների ընդլայնում,
ուսանողների ու շրջանավարտների ակտիվ ներգրավում,
մասնագիտական շարունակական զարգացման ծրագրերի իրականացում, արդյունաբերության ոլորտի կառույցների հետ համագործակցության խթանում և այլն։
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանն ասաց, որ ինստիտուտը համագործակցություն է հաստատել «Grovf» և «Boo Vision» ձեռնարկությունների հետ, որի շրջանակում մի շարք ուսանողներ արդեն պրակտիկա են անցնում կամ աշխատում նշյալ կազմակերպություններում։
Խ. Ներկարարյանը, անդրադառնալով հետագա անելիքներին, նշեց, որ հաջորդ ուսումնական տարում առաջնահերթություն կտրվի ուսանողների տեխնիկական հմտությունների զարգացմանը ֆիզիկատեխնոլոգիական լաբորատորիաների ակտիվացման միջոցով։ Նախատեսվում է շարունակել աշխատանքները՝ ուղղված «Ռադիացիոն բժշկության ֆիզիկա» մագիստրոսական ծրագրի լիցենզավորմանը, ինչպես նաև գործող օրենքին համահունչ, գիտական ինստիտուտների և նախորոշված տեխնոլոգիական կլաստերի հետ ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ներդաշնակ համագործակցության սկզբունքների հստակեցմանը։
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն արձանագրեց, որ հաշվետու տարում ֆակուլտետում շարունակվել են կրթական ծրագրերի արդիականացումը և միջազգային հավատարմագրումը։ Բակալավրի 4 ծրագրերից 3-ը («Մաթեմատիկա», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն») և մագիստրոսական 5 ծրագրերից 3-ը («Մաթեմատիկա և կիրառություններ», «Ֆինանսական մաթեմատիկա», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն») ընթացիկ տարում ստացել են միջազգային հավատարմագրում գերմանական ASIIN գործակալության կողմից։ Ֆակուլտետի ուսանողները հաջողություն են գրանցել Բուլղարիայում կայացած Մաթեմատիկական միջազգային օլիմպիադայում․ ԵՊՀ թիմի 4 մասնակիցներից 2-ը նվաճել են ոսկե, երկուսը՝ բրոնզե մեդալներ։
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, ամփոփելով ֆակուլտետի արձանագրած հաջողությունները, նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ֆակուլտետը ակտիվ մասնակցություն է ունեցել դրամաշնորհային և միջազգային գիտական նախաձեռնություններին։ Կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ, սեմինարներ և պանելային քննարկումներ՝ տեղական և օտարերկրյա մասնագետների մասնակցությամբ։
Գործընկերների հետ համագործակցության շրջանակում կնքվել են հուշագրեր՝ ուսանողական պրակտիկաների, ուսումնական ծրագրերի արդիականացման և գիտակրթական համագործակցության համար։
Հաշվետու ժամանակաշրջանում խորացվել է շրջանավարտների հետ համագործակցությունը․ ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակի միջոցառումներին հրավիրվել են ֆակուլտետի բազմաթիվ շրջանավարտներ, որոնց հետ տարվել են տարբեր աշխատանքներ ֆակուլտետի աշխատանքներին մասնակցելու և աջակցելու համար: Միջոցառումների շրջանակում ստեղծվել է ֆակուլտետին կից խորհրդատվական մարմին, որի կազմում ընդգրկվել են ֆակուլտետի՝ իրենց մասնագիտական գործունեության մեջ զգալի հաջողությունների հասած շրջանավարտներ։
Նիստի ավարտին փակ և գաղտնի քվեարկության արդյունքում հաստատվեցին ԵՊՀ գիտական խորհրդի անդամների ներկայացրած բոլոր հաշվետվությունները։











