- Главная
- Node
- Գիտությունից դեպի գործնական կիրառություն․ ԵՊՀ մագիստրանտի հաջողությունը «Mini MBA» ծրագրում
Января 23, 2026 | 11:31
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
Գիտությունից դեպի գործնական կիրառություն․ ԵՊՀ մագիստրանտի հաջողությունը «Mini MBA» ծրագրում
ԵՊՀ բիզնես ինկուբատորի «Mini MBA» հինգշաբաթյա ծրագրի հաղթողներից է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրի մագիստրանտ Լիանա Խաչատրյանը։ Նրա համար ծրագիրն առանձնացել է իր գործնական ուղղվածությամբ, ինտենսիվ ձևաչափով և ակադեմիական գիտելիքը իրական բիզնես միջավայրին կապելու հնարավորությամբ։
Լիանան նշում է, որ իր մոտիվացիան գիտական և նորարարական գաղափարները կառուցվածքային մտածողությամբ գործնական, շուկայում կիրառելի մոդելի վերափոխելն էր։ Նա ցանկություն ունի խորացնելու ռազմավարական մտածողությունը, ստանալու գործիքներ, որոնք հնարավորություն կտան գաղափարը զարգացնելու ոչ միայն որպես հետազոտություն, այլև որպես կենսունակ նախագիծ։
«Այս նախագիծը հնարավորություն ընձեռեց ոչ միայն առանձին հմտություններ ձեռք բերելու, այլև հասկանալու, թե ինչպես են դրանք գործնականում աշխատում մեկ ամբողջական համակարգում»։
Լիանան կարծում է, որ ծրագիրը արժեքավոր փորձ էր, որը կարելի է արդյունավետորեն կիրառել մասնագիտական և գիտահետազոտական հետագա գործունեության մեջ՝ ապահովելով համակարգված մոտեցում գիտական աշխատանքների և գործնական նախագծերի մշակման ու իրականացման ընթացքում։
««Mini MBA»-ն առանձնանում է իր կարճ, սակայն խիստ կենտրոնացած ձևաչափով։ Այն չի ծանրաբեռնում տեսությամբ, այլ ստիպում է մտածել, վերլուծել և անմիջապես կիրառել։ Բացի դրանից՝ ծրագրի ընթացքում առկա էր անհատական մենթորություն և կառուցողական հետադարձ կապ, ինչը միշտ չէ, որ հանդիպում է նմանօրինակ ծրագրերում»,- ընդգծում է նա։
ԵՊՀ մագիստրանտի նախագիծը․ արդյունքները և գործնական կիրառելիությունը
– Լիա՛նա, «W2D» խորագրով Ձեր նախագիծն առանձնանում է իր գաղափարական մոտեցմամբ։ Կարո՞ղ եք ներկայացնել դրա հիմնական գաղափարը՝ նշելով, թե ինչ խնդիր է այն փորձում լուծել, որն է հիմնական նպատակը և գործնական ինչ կիրառություն կարող է ունենալ իրական միջավայրում։
– «W2D»-ն ջրի որակի գիտահենք և տվյալահենք մշտադիտարկման նախագիծ է, որը հիմնված է չափելի ցուցանիշների, տվյալների հավաքագրման և վերլուծության վրա։ Հիմնական նպատակն է ապահովել ջրային ռեսուրսների վիճակի շարունակական վերահսկում, վաղ փուլում խնդիրների բացահայտում և տվյալների վրա հիմնված որոշումների կայացում։ Այն ունի լայն կիրառություն տարբեր ոլորտներում՝ ներառյալ շրջակա միջավայրի պաշտպանությունը, գյուղատնտեսությունը, առողջապահությունը, քաղաքային կառավարման համակարգերը և գիտահետազոտական աշխատանքները։
«W2D»-ն հնարավորություն է տալիս ոչ միայն արձանագրելու ջրի որակի փոփոխությունները, այլև կանխատեսելու ռիսկերն ու առաջարկելու արդյունավետ կառավարման լուծումներ։
- Ծրագրին մասնակցել եք արդեն ձևավորված թիմով և մշակվող նախագծով։ Ի՞նչ փուլում էր նախագիծը մասնակցության պահին, ինչպե՞ս «Mini MBA»-ը նպաստեց Ձեր նախագծի կատարելագործմանը, մասնավորապես արժեքային առաջարկի, թիրախային լսարանի և զարգացման ռազմավարության հստակեցման հարցում։
- Ծրագրին մասնակցել եմ արդեն ձևավորված նախագծով, որի մշակմամբ զբաղվում էր թիմը՝ Աննա Պողոսյանի, Արմեն Երանոսյանի և Դիանա Խաչատրյանի մասնակցությամբ։ «Mini MBA» ծրագրի ընթացքում մեզ հաջողվեց էականորեն զարգացնել և լավարկել մեր «Minimum Viable Product»-ը («MVP»՝ նվազագույն կենսունակ արտադրանք)՝ հստակեցնելով արժեքային առաջարկը, թիրախային լսարանը և զարգացման փուլային ռազմավարությունը։ Թիմային աշխատանքը առանցքային դեր ունեցավ թե՛ ռազմավարական որոշումների կայացման, թե՛ գաղափարի գործնական կիրառելիության բարձրացման գործընթացում՝ միավորելով մասնագիտական տարբեր դիտակետերն ու փորձառությունները։
– «Mini MBA» ծրագրի ընթացքում ծանոթացաք գործնական տարբեր գործիքների և բիզնես մոդելների։ Կա՞ն մոտեցումներ, որոնք արդեն հասցրել եք կիրառել Ձեր գիտական նախագծում, և ինչպե՞ս են դրանք ազդել աշխատանքի կառուցվածքի ու զարգացման տրամաբանության վրա։
- Ծրագրի ընթացքում ներկայացված գործնական մոտեցումներն ու մտածողության մոդելները էականորեն փոխեցին նախագծին մոտենալու ձևը՝ դարձնելով այն ավելի համակարգված և նպատակային։ Դրանք հնարավորություն տվեցին հստակ կառուցելու աշխատանքային փուլերը, գնահատելու զարգացման հնարավոր սցենարները և գիտական գաղափարը կապելու դրա կիրառական ուղղությունների հետ։ Այս մոտեցումները կարևոր հիմք են ստեղծում նախագծի հետագա զարգացման և արդյունավետ իրականացման համար։
- Լիա՛նա, ի՞նչ քայլեր եք նախատեսում ծրագրի արդյունքները հետազոտական դաշտ տեղափոխելու և կիրառելու համար։ Արդյո՞ք նախատեսում եք Ձեր նախագիծը զարգացնել նաև որպես բիզնես նպատակ՝ մոնետիզացնելու հնարավորությամբ։
- Ծրագրի ընթացքում ստացած արդյունքները նախատեսում ենք օգտագործել որպես հիմք՝ նախագծի հետագա փորձարկման և մասշտաբավորման համար։ Զուգահեռաբար զարգացնում ենք նաև թե՛ հետազոտական, թե՛ ստարտափային տրամաբանությամբ՝ նպատակ ունենալով ձևավորելու կայուն և շուկայում կիրառելի լուծում՝ մոնետիզացման հստակ հեռանկարով։ Ներկայում թիմով ակտիվ աշխատում ենք արտադրանքի կատարելագործման ուղղությամբ և պատրաստվում ենք մի շարք հանդիպումներ անցկացնել ներդրողների և «բիզնես հրեշտակների» հետ՝ զարգացման հաջորդ փուլերի, ներդրումային հնարավորությունների և շուկա դուրս գալու ռազմավարության շուրջ։
Ստորև՝ բլից հարցեր, որոնք ամփոփում են ծրագրի հաղթողի փորձը և «Mini MBA»-ի ընթացքում գրանցած բացահայտումները։
- «Mini MBA»-ը մեկ բառով։
- Հնարավորություն։
- Գիտություն + բիզնես = ․․․
- Նորարարություն։
- Հինգ շաբաթ՝ արա՞գ, թե՞ արդյունավետ։
- Արդյունավետ։
- Տեսությո՞ւն, թե՞ պրակտիկա։
- Պրակտիկա։
- Թիմային աշխատա՞նք, թե՞ անհատական մոտեցում։
- Երկուսն էլ։
- Հաջորդ քայլը «Mini MBA»-ից հետո։
- Ծրագրերի իրագործում։
Նշենք, որ Լիանա Խաչատրյանը շարունակաբար զարգացնում է իր մասնագիտական հմտությունները՝ կարևորելով ակադեմիական կրթության և գործնական փորձի համադրումը։