- Главная
- Node
- «Արտերկրում կրթությունս շարունակելուն նպաստեց իմ մեծ ցանկությունը, իսկ բարձր առաջադիմությունն օգնեց այն իրագործելուն». ԵՊՀ ուսանող Լիա Գրիգորյան
Февраля 03, 2026 | 11:21
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
«Արտերկրում կրթությունս շարունակելուն նպաստեց իմ մեծ ցանկությունը, իսկ բարձր առաջադիմությունն օգնեց այն իրագործելուն». ԵՊՀ ուսանող Լիա Գրիգորյան
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Լիա Գրիգորյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսումը շարունակել է Պալացկու անվան համալսարանում (Օլոմոուց, Չեխիա)։ Արտերկրի բուհում նա ավելի քան չորս ամիս ուսումնասիրել է մի շարք առարկաներ, այդ թվում՝ «20-րդ դարի ռուս գրականություն», «Ռուսաց լեզուն՝ որպես հաղորդակցման միջոց», «Անգլերենը՝ որպես շփման միջոց», ինչպես նաև մասնակցել է «Չեխերենը՝ օտարերկրյա ուսանողների համար» դասընթացին, ծանոթացել ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու նոր հմտություններին և մեթոդներին։
Լիան վստահ է, որ արտերկրում կրթությունը շարունակելուն նպաստել է նախ և առաջ իր մեծ ցանկությունը, իսկ բարձր առաջադիմությունն օգնել է այն իրագործելուն։
«Արտերկրում սովորելու ընթացքում գրականություն ուսումնասիրելիս հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու նույն գրական ստեղծագործությունը տարբեր ձևերով ընկալելու և մեկնաբանելու մեթոդներին, ինչը նպաստել է գրական տեքստի ավելի խորքային վերլուծությանը և բազմակողմանի ընկալմանը»,- պատմում է Լիան և ընդգծում, որ ուսումնասիրվող առարկաների շնորհիվ շարունակել է ամրապնդել չեխերենի իմացությունը, քանի որ այն՝ որպես սլավոնական լեզու, մասնագիտական առումով ևս կարևոր նշանակություն ունի իր համար։
Անդրադառնալով չեխերեն սովորելուն՝ Լիան նշում է․ «Կարևոր էր այն հանգամանքը, որ 3-րդ կուրսում ֆակուլտետում ներկայացված կամընտրական առարկաների շարքում կար նաև չեխերենը, որն ընտրելուց և ուսումնասիրելուց հետո է՛լ ավելի մեծացավ լեզվակիրների միջավայրում չեխերեն սովորելու ցանկությունս»։
Պալացկու անվան համալսարանում Լիային հատկապես գրավել է առարկաներ ընտրելու և սեփական դասացուցակը որոշակի չափով ինքնուրույն կազմելու ու կարգավորելու հնարավորությունը։ Նա լիահույս է, որ նման հնարավորություն ապագայում կընձեռվի նաև ԵՊՀ ուսանողներին։
Համեմատելով ԵՊՀ և Պալացկու անվան համալսարանի դասախոսների մոտեցումները՝ Լիան ասում է․ «Պալացկու անվան համալսարանում դասախոսները ցուցաբերում էին բավականին ջերմ և կամեցող վերաբերմունք, պատրաստ էին օգնելու յուրաքանչյուր հարցում, նույնիսկ պատրաստակամություն էին հայտնում աջակցելու ավարտական աշխատանքի հետ կապված հարցերում։ Այս տեսանկյունից Երևանի պետական համալսարանի և արտերկրի դասախոսների միջև նկատելի տարբերություն չզգացի»։
Անդրադառնալով բազմամշակութային միջավայրում ուսումնառելու փորձառությանը՝ նա ընդգծում է, որ այն հնարավորություն էր անմիջական շփման շնորհիվ ավելի լավ ծանոթանալու այլ մշակույթների։
«Շփման ընթացքում ծանոթացա այլ ազգերի սովորույթներին, մշակույթին և աշխարհայացքին։ Սկզբնական շրջանում մշակութային տարբերությունները անսովոր և որոշ չափով տարօրինակ էին թվում, սակայն հետագա շփման ընթացքում դրանք բացահայտեցի այլ տեսանկյունից»,- մատնանշում է ԵՊՀ ուսանողը։
Նա ընկերություն է արել չեխերի, լատվիացիների, իսպանացիների, իտալացիների և այլ երկրների ներկայացուցիչների հետ և ներկայում էլ փորձում է պահել շփումը առցանց ձևաչափով։
Լիան ավարտական աշխատանքի շրջանակում ուսումնասիրում է, թե ինչպես է ապրումակցումն արտահայտվում ռուսաց լեզվում։ Նա պլանավորում է ապագայում խորացնել չեխերենի գիտելիքները, ինչպես նաև շարունակել մասնագիտական կրթությունը։ Լիային մասնավորապես գրավում է դասախոսի, թարգմանչի աշխատանքը:
Նշենք, որ թեև ԵՊՀ-ն «Էրազմուս+» ծրագրի շրջանակում երկար տարիների համագործակցություն ունի եվրոպական տարբեր բուհերի հետ, և համալսարանի տարբեր ֆակուլտետներից բազմաթիվ ուսանողներ մեկնում են արտերկիր՝ ուսումնառելու, այնուամենայնիվ Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողներին այս հնարավորությունը ընձեռվում է առաջին անգամ։
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան նշում է, որ եվրոպական բուհերում բավականին դժվար էր գտնել այնպիսի կրթական ծրագրեր, որոնք համահունչ կլինեին ֆակուլտետի կրթական ծրագրերին։
«Ուսանողները խնդիր ունեին հավաքելու մասնագիտական առումով անհրաժեշտ կրեդիտներ։ Ռուս բանասիրության ֆակուլտետում ռուսերենով ուսուցանվում է ռուսագիտություն, մինչդեռ արտերկրի բուհերում չկային անհրաժեշտ քանակի դասընթացներ, որոնք կանցկացվեին ռուսերենով և կվերաբերեին ռուսագիտությանը»,- ասում է նա։
Մշտադիտարկման արդյունքում ընտրվել է Պալացկու անվան համալսարանը, որտեղ առկա համապատասխան կրթական ծրագիրը, ըստ Դիանա Գազարովայի, բովանդակալից է և շատ մոտ Ռուս բանասիրության ֆակուլտետի համապատասխան կրթական ծրագրին։
«Պալացկու անվան համալսարանի հետ գտանք համագործակցության ուղիներ․ նախ՝ չեխ գործընկերներն այցելեցին ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ՝ դասախոսություններ կարդալու, այնուհետև ես դասախոսություններով հանդես եկա Պալացկու անվան համալսարանում, իսկ մեր ուսանողները մեկ կիսամյակ սովորեցին այնտեղ։ Այս համագործակցությունը կարող ենք համարել հաջողված, քանի որ գարնանը մեր ուսանողների երկրորդ խումբը կմեկնի Չեխիա։ Նշեմ նաև, որ այս կիսամյակ սպասում ենք Չեխիայից ուսանողների, որոնք կսովորեն մեր ֆակուլտետում»,- շեշտում է Դիանա Գազարովան։
Ռուս բանասիրության ֆակուլտետում ուսանողները սլավոնական լեզուների շարքում ուսումնասիրում են նաև չեխերեն։ Դիանա Գազարովան ընդգծում է, որ Պալացկու անվան համալսարանի կրթական ծրագրերը համահունչ էին Ռուս բանասիրության ֆակուլտետի կրթական ծրագրերին նաև այս տեսանկյունից։