- Главная
- Node
- «Էրազմուս+»-ից մինչև միջազգային գիտական նոր հորիզոններ․ ԵՊՀ ուսանողի կրթական ճամփորդությունը
Февраля 16, 2026 | 14:58
Կրթություն
Ուսանողական
«Էրազմուս+»-ից մինչև միջազգային գիտական նոր հորիզոններ․ ԵՊՀ ուսանողի կրթական ճամփորդությունը
«Արտասահմանում ուսանելը դարձավ ոչ միայն ակադեմիական նոր հնարավորությունների, այլև անձնական աճի, մշակութային բացահայտումների և ինքնաճանաչման կարևոր փուլ, որը նշանակալի ազդեցություն ունեցավ իմ աշխարհայացքի և ապագա նպատակների ձևավորման վրա»,- ասում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Հասմիկ Դավթյանը, որը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ ուսանել է Գերմանիայում՝ Բեռլինի ազատ համալսարանում։
«Դեռևս դպրոցական տարիներից բազմիցս լսել եմ «Էրազմուս+» ծրագրի մասին և միշտ ցանկացել անձամբ ունենալ ծրագրին մասնակցելու փորձառությունը։ Երբ տեղեկացա, որ ԵՊՀ միջազգային համագործակցության շրջանակում հնարավորություն ունեմ դիմելու ծրագրին, առանց վարանելու մասնակցության հայտ ներկայացրի։ Հարցազրույցի փուլից հետո ընտրվելը մեծ ոգևորություն և պատասխանատվություն էր ինձ համար»,- ասում է «Միջմշակութային հաղորդակցություն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող Հասմիկ Դավթյանը։
Բեռլինի ազատ համալսարանում մեկ կիսամյակ ուսանելու ընթացքում Հասմիկը ծանոթացել է նոր առարկաների, ուսումնառության տարբեր ձևաչափերի և դասավանդման այլ համակարգի։ Նրա խոսքով՝ թեև առարկաների մի մասը թեմատիկ առումով նման էր մայր բուհում ուսումնասիրվող դասընթացներին, սակայն դրանք այլ համալսարանում և ակադեմիական այլ միջավայրում ուսումնասիրելը հնարավորություն է տվել ձեռք բերելու առավել խորքային գիտելիքներ և գործնական հմտություններ։
«Քանի որ իմ մասնագիտությունը սերտորեն կապված է անգլերենի և ﬕջմշակութային հաղորդակցության հետ, այս փորձը հատկապես արժեքավոր էր։ Գերմանիայում հնարավորություն ունեցա ոչ ﬕայն զարգացնելու անգլերենի գիտելիքներս, այլև կիրառելու դրանք իրական, բազմազգ ﬕջավայրում։ Դասընթացները անցկացվում էին օտարերկրյա ուսանողների մասնակցությամբ, ինչը հնարավորություն էր տալիս ուսուﬓասիրելու ﬕջմշակութային հաղորդակցությունը ոչ թե ﬕայն տեսական մակարդակում, այլ անﬕջական շփման ﬕջոցով։ Այս փորձը օգնեց ինձ ավելի լավ հասկանալու տարբեր մշակույթների հաղորդակցման առանձնահատկությունները, մարդկանց մտածելակերպը և կրթական փորձը տարբեր երկրներում»,- նշում է ԵՊՀ ուսանողը, որի հետաքրքրությունների շրջանակը հիմնականում ընդգրկում է անգլերենը, լեզվաբանությունը, միջմշակութային հաղորդակցությունը, ինչպես նաև մշակութային ուսումնասիրությունները՝ ժամանակակից տեխնոլոգիաների համատեքստում։
Բեռլինի ազատ համալսարանում Հասմիկը մասնակցել է իր մասնագիտությանը հարակից դասընթացների, որոնք հնարավորություն են տվել խորացնելու քերականական գիտելիքները, ուսումնասիրելու ժամանակակից տեխնոլոգիաների՝ մշակույթի և հաղորդակցության վրա ազդեցությունը և համեմատական կերպով ուսումնասիրելու տարբեր երկրների թանգարանային փորձը («Թանգարաններ և մշակութային ուսումնասիրություններ» դասընթաց): Այս դասընթացները ամփոփել են նրա հետաքրքրությունները՝ միավորելով լեզուն, մշակույթը և ժամանակակից տեխնոլոգիաները։
- Հասմի՛կ, ծրագրի շրջանակում ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք և ինչպե՞ս հաղթահարեցիք դրանք:
- «Էրազմուս+» ծրագրի ընթացքում իմ հանդիպած խոչընդոտներից մեկը կապված էր ուսուցման կազմակերպման, մասնավորապես՝ դասացուցակի կազմման գործընթացի հետ։ Բեռլինի ազատ համալսարանում ուսանողներն ինքնուրույն են ընտրում առարկաները և ստեղծում դասացուցակը, մինչդեռ ԵՊՀ-ում տրամադրվում է պատրաստի ժամատախտակ՝ նշանակված դասախոսներով և լսարաններով, հստակ ժամանակացույցով։ Սկզբում սա ինձ համար բավական բարդ և սթրեսային էր, քանի որ պետք էր ճիշտ համադրել առարկաները և պահպանել կրեդիտների համապատասխանությունը․ սխալը կարող էր հանգեցնել կրեդիտների կորուստի։ Երբ զգացի շփոթություն և անօգնականություն, որոշեցի օգնություն խնդրել՝ կապ հաստատելով ԵՊՀ անձնակազմի հետ, ինչից հետո նաև Գերմանիայի համալսարանից ստացա աջակցություն։ Նրանց օգնությամբ կարողացա ճիշտ կազմել դասացուցակս և պահպանել անհրաժեշտ կրեդիտները։ Այս փորձը ինձ սովորեցրեց, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում հնարավոր է լուծում գտնել, եթե չվախենաս հարցնելուց, համագործակցելուց և շփվելուց։ Այժմ հետ նայելով՝ ժպիտով հիշում եմ այդ ամենը՝ որպես փոքր, բայց կարևոր փորձ, որը ինձ դարձրեց ավելի ինքնուրույն, վստահ և դիմացկուն։
- Ըստ Ձեզ՝ որո՞նք են Երևանի պետական և Բեռլինի ազատ համալսարանների միջև եղած կրթության կազմակերպման տարբերությունները։
- Կրթության ﬔջ ինձ համար աﬔնակարևորը որակյալ գիտելիքն է, մտածողության ձևավորումը և այն ամուր հիմքը, որի շնորհիվ վստահ առաջ ես շարժվում ապագայում։ Այս տեսանկյունից ԵՊՀ-ն իմ կրթական ճանապարհի աﬔնակարևոր փուլերից ﬔկն է։ ԵՊՀ-ում կրթությունը կազմակերպված է այնպես, որ ոչ ﬕայն ստանանք տեսական գիտելիքներ, այլև ձևավորվի ﬔր մտածողությունը, աշխատելաոճը և պատասխանատվության զգացումը։ Փորձառու և հմուտ դասախոսների փոխանցած գիտելիքները խորքային են և համակարգված, ինչի շնորհիվ կարողացել եմ սովորել բարձր առաջադիմությամբ։ Երբ ուսումս շարունակեցի Գերմանիայում, հասկացա, թե որքան ամուր հիմք է տվել ԵՊՀ-ն։ Տարբերությունն առավելապես կրթության կազմակերպման ﬔթոդների ﬔջ էր, սակայն գիտելիքների որակի և իմ պատրաստվածության առումով ես ինձ լիովին վստահ էի զգում։ ԵՊՀ-ում ստացած կրթությունն ինձ հնարավորություն տվեց արագ հարմարվելու կրթական նոր ﬕջավայրին և հաջողությամբ շարունակելու ուսուﬓառությունս։
- Ի՞նչ ազդեցություն է ունեցել Երևանի պետական համալսարանը Ձեր անձնական և մասնագիտական հաջողությունների վրա։
- ԵՊՀ-ն ինձ տվել է շատ ավելին, քան ես երբևէ կարող էի պատկերացնել․ այն ինձ համար ﬕայն կրթական հաստատություն չէ և ﬔծ դերակատարում ունի իմ անձնական ու մասնագիտական ձևավորման գործում։ Համալսարանի ընձեռած հնարավորությունների շնորհիվ եմ կարողացել պատվով ներկայացնել իմ բուհը ﬕջազգային կրթական ﬕջավայրում և կառուցել ուսուﬓառության հաջող ուղի արտերկրում։
Բազմամշակութային միջավայրում ուսումնառության ընթացքում Հասմիկը ձեռք է բերել եզակի փորձառություն, որը նպաստել է թե՛ մասնագիտական, թե՛ անձնական հմտությունների զարգացմանը։ Շփումները տարբեր երկրների ուսանողների հետ ամրապնդել են նրա միջմշակութային հաղորդակցության կարողությունները և ցույց տվել, թե ինչպես է մշակութային ընկալումն ազդում միջազգային հարաբերությունների արդյունավետության վրա։
Բացի տեսական գիտելիքներ ստանալուց՝ ներկայում նա անցնում է վեցշաբաթյա համալսարանական պրակտիկա ՀՀ Ազգային ժողովում՝ ամրապնդելով ուսումը ԵՊՀ ﬕջազգային հարաբերությունների ֆակուլտետում շարունակելու ցանկությունը։
«Հավատում եմ, որ ստացածս գիտելիքներն ու հմտությունները կարող են ինձ համար հիմք դառնալ ոչ ﬕայն հաջողակ մագիստրոսական կրթության, այլև երկարաժամկետ մասնագիտական աճի համար»,- ամփոփում է ԵՊՀ ուսանող Հասմիկ Դավթյանը։