ԵՊՀ պատմության ֆակուլտետում հյուրընկալվել են օտարերկրյա բուհերի ուսանողներ, որոնց թվում են Սինա Հոսնան (Սայնս Պո համալսարան, Ֆրանսիա) և Մարիդա Դ՛Ալիին (Բոլոնիայի համալսարան, Իտալիա), ովքեր հնարավորություն են ստացել ուսումնասիրելու Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական զարգացումներն ու էթնոքաղաքական հակամարտությունները։
Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Մարինե Գևորգյանը, ներկայացնելով կրթական ծրագրերի բովանդակային առանձնահատկությունները և միջազգային լսարանի հետաքրքրությունները, նշեց, որ օտարալեզու դասընթացները հնարավորություն են ընձեռում ուսանողներին վերլուծելու հետխորհրդային տրանսֆորմացիոն գործընթացները և Հայաստանի պետականաշինության առանձնահատկությունները։
«Կրթական ծրագրերի հիմքում դրված է համեմատական վերլուծության մեթոդաբանությունը։ Ուսանողները, հիմնվելով հետխորհրդային այլ տարածաշրջաններում ստացած նախնական գիտելիքների և փորձառության վրա, իրականացնում են քաղաքական ու տնտեսական անցումային մոդելների զուգահեռ հետազոտություններ»,- ընդգծեց Մարինե Գևորգյանը:
Սույն մոտեցումը նպաստում է վերլուծական հմտությունների կատարելագործմանը և քննադատական մտածողության ձևավորմանը՝ հնարավորություն տալով համադրելու տեսական դրույթները տարածաշրջանային իրողությունների հետ։
«Դասընթացների շրջանակում հատուկ շեշտադրում է կատարվում միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներին՝ ազգերի ինքնորոշման իրավունքին և տարածքային ամբողջականության հիմնախնդրին։ Էթնոքաղաքական հակամարտությունների ուսումնասիրությունը դիտարկվում է համեմատական կոնֆլիկտաբանության գործիքակազմով՝ զուգահեռներ անցկացնելով Բալկանյան թերակղզու և Մերձավոր Արևելքի նմանատիպ գործընթացների հետ»- ընդգծում է ԵՊՀ դոցենտը։
Տեսական գիտելիքների ամրապնդումն ուղեկցվում է արտալսարանային այցելություններով։ Սումգայիթյան իրադարձությունների և Ցեղասպանության հիմնահարցերի ուսումնասիրության շրջանակում կազմակերպվող այցելությունները, օրինակ, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ուսանողներին հնարավորություն են տալիս պատմական իրողությունների վերաբերյալ ստանալու փաստագրական տեղեկություններ։
Օտարերկրյա ուսանողների ներգրավվածությունը վկայում է ֆակուլտետի միջազգային կրթական համագործակցության շրջանակների ընդլայնման և այդ համատեքստում գիտական քննարկումների բաց միջավայրի մասին։ Պատմության ֆակուլտետի օտարալեզու դասընթացները ծառայում են որպես հարթակ ապագա կադրերի մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման համար։