- Главная
- Node
- Հաստատվել են ԵՊՀ ամբիոնների վարիչների ընտրությունների արդյունքները. կայացավ ԵՊՀ ԳԽ հերթական նիստը
Февраля 26, 2026 | 16:06
Գիտություն
Ենթակառուցվածքներ
Կրթություն
Հաստատվել են ԵՊՀ ամբիոնների վարիչների ընտրությունների արդյունքները. կայացավ ԵՊՀ ԳԽ հերթական նիստը
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակում քննարկվեցին օրակարգային և այլ հարցեր: Նիստի ընթացքում հաստատվեցին ԳԽ նիստերի ժամանակացույցի, ամբիոնների վարիչների ընտրության, գիտական կոչումների շնորհման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման և այլ որոշումներ:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը համալսարանականներին շնորհավորեց գրադարանի առաջին հարկի՝ «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական միջոցներով վերանորոգման և վերաբացման կապակցությամբ: ԵՊՀ ռեկտորն անդրադարձավ համալսարանական կրթագիտական միջավայրում հաշվետվողականության, ներքին թափանցիկության և ակադեմիական ազնվության պահպանման տեսանկյուններից կարևոր հարցի․ միջազգային փորձագետ-գործընկերներից մեկի դիմումի համաձայն՝ լույս տեսած հոդվածներից մեկում արձանագրվել են էթիկական խախտումներ, հեղինակային իրավունքի խնդիրներ: Ըստ այդմ՝ դիմում է ներկայացվել էթիկայի հանձնաժողով, որը Ս. Շուքուրյանի գլխավորությամբ կատարել է համապատասխան ուսումնասիրություն և եզրակացություն՝ առաջարկելով երկուստեք դրական և արդյունավետ լուծումներ:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նիստի ընթացքում հանդես եկավ օրակարգային հինգ հարցերի զեկուցումներով՝ համապատասխանաբար անդրադառնալով ԵՊՀ գիտական խորհրդի՝ 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի նիստերի ժամանակացույցի, ԵՊՀ մի քանի ամբիոնների վարիչների ընտրության վերաբերյալ կառուցվածքային ստորաբաժանումների գիտական խորհուրդների որոշումների հաստատման, Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի և Արա Գաբուզյանի անվան կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև ԵՊՀ գիտական խորհրդին կից որակի ապահովման մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու մասին հարցերին:
Ըստ այդմ՝ գիտական խորհուրդը հաստատեց 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի հերթական նիստերի ժամանակացույցը: Այնուհետև հիմք ընդունելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգը՝ կայացած բաց քվեարկությամբ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշում ընդունեց հաստատելու ամբիոնի վարիչ ընտրվելու վերաբերյալ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների գիտական խորհուրդների որոշումներն ու ներքոհիշյալ անձանց համարել ընտրված ամբիոնի վարիչների պաշտոններում 5 տարի ժամկետով.
Աթանեսյան Արթուր Վլադիմիրի - Կիրառական սոցիոլոգիայի ամբիոն
Ալեքսանյան Էդուարդ Մնացականի - Օպտիկայի և ֆոտոնիկայի ամբիոն
Դուրգարյան Նարինե Անժելոյի - Օրգանական քիմիայի ամբիոն
Եսոյան Սյուզաննա Սայաթի - Էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոն
Թումասյան Արմեն Ռաֆիկի - Միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոն
Հովհաննիսյան Անահիտ Մխիթարի - Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոն
Սարգսյան Անժելա Աշոտի - Գենետիկայի և բջջաբանության ամբիոն
Սիմյան Տիգրան Սերժիկի - Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոն
Վարդանյան Նվարդ Խաչատուրի - Ակադեմիկոս Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոն
Փոլադյան Աննա Արշակի - Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոն
Հիմք ընդունելով Ֆիզիկայի ինստիտուտի և Իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդների առաջարկները՝ ԵՊՀ գիտական խորհուրդը սահմանեց և հաստատեց նաև ԵՊՀ ականավոր ֆիզիկոս, ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների պատվավոր դոկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի անվան կրթաթոշակ (ներքին ֆինանսավորմամաբ՝ 20.000 ՀՀ դրամ) և ՀՀ վաստավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանի անվան կրթաթոշակ (արտաքին ֆինանսավորմամբ՝ 40.000 ՀՀ դրամ):
Հետայդու գիտական խորհուրդը, քննարկելով ԵՊՀ գիտական խորհրդին կից որակի ապահովման մշտական հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարելու հարցը և ղեկավարվելով ԵՊՀ կանոնադրությամբ, որոշեց ուսումնառությունն ավարտելու հիմքով դադարեցնել ուսանող Անի Թադևոսյանի անդամակցությունը և նույն հանձնաժողովում նշանակել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Իրինա Թարոյանին:
Հաջորդիվ ԵՊՀ մրցութային հանձնաժողովի նախագահ Պ. Վարդևանյանն իր ելույթում ներկայացրեց դոցենտի գիտական կոչում հայցող ԵՊՀ դասախոսների անվանացանկը.
Սահակյան Նաիրա Ժորայի - ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ
Հակոբյան Տաթևիկ Վասակի - ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ
Խաչատրյան Զարուհի Հրայրի - ԵՊՀ իրանագիտության ասիստենտ
Կուլիկյան Ռուզան Գրիգորի - ԵՊՀ անգլերենի թիվ 1 ամբիոնի ասիստենտ
Սողոմոնյան Ամալյա Արմենի - ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի ասիստենտ
Տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքում որոշվեց ներկայացված հինգ անդամներին շնորհել հայցվող գիտական աստիճանը:
Օրակարգային հարցերի շրջանակում ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը զեկուցեց ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրի 2027 թ. հայտերի հաստատման հարցը: Ռ. Բարխուդարյանն ընդգծեց, որ բարձր արդյունավետության (հոդվածների քանակ, աշխատանքներում ընդգրկված գիտնականներ) շնորհիվ արձանագրվել է բազային ինը լաբորատորիաների ֆինանսավորման աճ:
2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի՝ ԵՊՀ ու արտաքին ֆինանսավորմամբ անվանական կրթաթոշակների հավակնորդների ընտրության վերաբերյալ ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդունած որոշումների հաստատման մասին էր ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Արմեն Սարգսյանի զեկուցումը: 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում կրթաթոշակ ստացողների ընդհանուր թիվը 67 է (50-ը՝ ներքին, 17-ը՝ արտաքին ֆինանսավորմամբ), իսկ կրթաթոշակները՝ 58 (46-ը՝ ներքին, 12-ը՝ արտաքին ֆինանսավորմամբ):
Օրակարգային հերթական հարցի՝ ԵՊՀ գրահրատարակչական խորհրդում քննարկված և դրական եզրակացություն ստացած աշխատությունների հրատարակության երաշխավորման վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը: Ըստ այդմ՝ ԵՊՀ գիտական խորհուրդը տպագրության երաշխավորեց հետևյալ հեղինակների գրքերը.
Ռաֆիկ Նահապետյան. Հայ ազգագրություն. դասախոսություններ (Պատմության ֆակուլտետ)
Մարինե Մինասյան. «Թանգարանագիտություն» դասընթացի ծրագիր-մեթոդական ուղեցույց (Պատմության ֆակուլտետ)
Սերյոժա Մանուկյան. Հայ դիցական ու դիցազնական զորություններ և խորհրդանիշներ. ուսումնական ձեռնարկ (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ)
Карине Мхитарян: По страницам русской литературы ХХ века. Ուսումնական ձեռնարկ օտարերկրյա ուսանողների համար (Ռուս բանասիրության ֆակուլտետ)
Իշխան Դադյան. Գրական երազը անգլիալեզու մանկագրության մեջ. մենագրություն (Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ)
Գուրգեն Մելիքյան. Ֆիրդուսին և «Շահնամեն» հայկական մշակույթում և գրականության մեջ մենագրություն (Արևելագիտության ֆակուլտետ)
Յուլիանա Մելքումյան. Սոցիալական աշխատանքի տնտեսական հիմքերը, դասագիրք (Սոցիոլոգիայի ֆակուլտետ)
Տիգրան Հարությունյան. Մոլեկուլային գենաթունաբանություն. մենագրություն (Կենսաբանության ֆակուլտետ)