- Главная
- Node
- ԵՊՀ-ում մեկնարկեց «Մեդիա-Lab» երկշաբաթյա կրթական նախագիծը
Марта 02, 2026 | 18:45
Կրթություն
Մշակույթ
Ուսանողական
ԵՊՀ-ում մեկնարկեց «Մեդիա-Lab» երկշաբաթյա կրթական նախագիծը
ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի և հասարակայնության հետ կապերի ու լրատվության հարցերով հանձնաժողովների նախաձեռնությամբ մեկնարկեց «Մեդիա-Lab» նախագիծը, որի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել մեդիայի գործնական կողմին, օգնել վստահ խոսելու տեսախցիկի առաջ, ձևավորելու անհատական ոճ և գտնելու սեփական տեղը մեդիադաշտում։
Երկշաբաթյա ինտենսիվ նախագիծը ներառում է երկու հիմնական ուղղություն՝ հաղորդավարություն և մեդիա գործիքների կիրառություն։
ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովի նախագահ Էրիկ Բաղդասարյանի խոսքով՝ այսօրինակ նախագիծ սկսելու գաղափարը ծնվել է համատեղ նախաձեռնությամբ և կարճ ժամանակում մեծ արձագանք ստացել։
«Մեդիայով հետաքրքրվող ուսանողների համար նախատեսված այս նախագծի երկու բաղադրիչներն իրականացվելու են շաբաթվա տարբեր օրերի։ Հատկանշական է, որ ընդամենը 24 ժամվա ընթացքում ներկայացված հայտադիմումների թիվը 85-ից հասավ 295-ի»,- նշեց նա։
Էրիկ Բաղդասարյանն ընդգծեց նաև նախաձեռնության գաղափարական կարևորությունը․ որպես ուսանող և կազմակերպիչ՝ նրա համար առաջնային է եղել ստեղծել հարթակ, որտեղ մեդիայի հանդեպ հետաքրքրություն ունեցող ուսանողները՝ անկախ մասնագիտությունից, հնարավորություն կունենան հարստացնելու իրենց գիտելիքները։ Ըստ նրա՝ համալսարանում, բացի Ժուռնալիստիկայի ֆակուլտետից, նման ուղղվածությամբ կրթական ձևաչափ չկա, և «Մեդիա-Lab»-ը կարելի է համարել ոչ ֆորմալ կրթության հաջող օրինակներից մեկը, որը հնարավորություն է տալիս ոլորտի փորձառու մասնագետների հետ անմիջական փորձի փոխանակման։
ԵՊՀ ՈՒԽ հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերով հանձնաժողովի նախագահ Աստղիկ Ավագյանը մատնանշեց ծրագրի գործնական բաղադրիչը՝ շեշտելով, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում մասնակիցները կծանոթանան բրենդինգի վիզուալ հիմունքներին, հաղորդավարության առանձնահատկություններին, ինչպես նաև տեսանկարահանման և մոնտաժի հմտություններին։
«Սովորելու ենք ստեղծել տարբերանշան, կազմել պրոֆեսիոնալ ինքնակենսագրական, այսինքն՝ մուտք գործել աշխատաշուկա արդեն որպես կայացած մասնագետ։ Միասին կերտելու ենք մեր ճանապարհը մեդիա ոլորտում»,- ասաց նա։
Նախագծի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ոլորտի փորձառու մասնագետների և հայտնի հյուրերի հետ։ Առաջին հանդիպման ընթացքում դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը հանդես եկավ «Հաղորդավարությունը Ա-ից մինչև Ֆ» թեմայով դասախոսությամբ։ Ընդգծելով հաղորդավարի մասնագիտության պատասխանատվությունն ու հանրային խոսքի կարևորությունը՝ նա խոսեց գիտելիքի փոխանակման նշանակության մասին։ Նազենի Հովհաննիսյանի խոսքով՝ գիտելիքն ինքնին «մեռած» է, եթե այն չի փոխանցվում և չի դառնում երկխոսության հիմք։ Ժամանակակից աշխարհում ամենակարևոր գործիքը հենց գիտելիքի փոխանակումն է, որը կամուրջ է ստեղծում երիտասարդ և ավագ սերունդների միջև։ Բանախոսի դիտարկմամբ՝ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս զգալու միմյանց «զարկերակը», միավորելու փորձն ու էներգիան, վերաիմաստավորելու համագործակցությունը։
«Առանձին-առանձին գոյությամբ մեծ արդյունքի հասնել հնարավոր չէ։ Երբ գալիս ենք ընդհանուր հայտարարի՝ խոսքի, գրականության, մշակույթի կամ գիտության որևէ ուղղության շուրջ, ձևավորվում է ամբողջական միջավայր, ամբողջական հայկական աշխարհ»,- նշեց նա։
Անդրադառնալով սերունդների փոխհարաբերություններին՝ նա ընդգծեց, որ հաճախ ավագ սերնդին մեղադրում են երիտասարդներին չգնահատելու մեջ, սակայն իրականում նախաձեռնող և ակտիվ երիտասարդներն իրենք են ստեղծում համագործակցության հնարավորություններ։
«Երիտասարդ սերունդը նրանով է առանձնանում, որ գտնում է նախաձեռնելու ձևեր և կազմակերպում է նման գեղեցիկ հանդիպումներ։ Եվ ես՝ որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, հաճախ ավելի շատ բան եմ սովորում, քան փոխանցում»,- հավելեց նա։
Դասախոսությանը հաջորդած հարցուպատասխանի ձևաչափով քննարկման շրջանակում բանախոսը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։