ԵՊՀ պատմության ֆակուլտետում հյուրընկալվեց Թբիլիսիի Իլյա պետական համալսարանի դասախոս և գիտաշխատող, համեմատական գրականագիտության դոկտոր ու մշակութաբան Լուկա Նախուցրիշվիլին։ Մշակութաբանության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում նա ներկայացրեց «Խճճված Թիֆլիս. թատրոն-քարվանսարան և կայսերական արդիականությունը մասնատված պատմությունների արանքում» թեմայով բանախոսություն՝ անդրադառնալով 19-րդ դարի կեսերի Թիֆլիսի բազմազգ մշակութային իրականությանը։
Բանախոսը շեշտեց, որ Թիֆլիսի հայտնի թատրոն-քարվանսարայի շենքը կարելի է դիտարկել որպես բազմաշերտ ուսումնասիրության կենտրոնական կետ: Այստեղ արվեստն ու առևտուրը համատեղվել են հիբրիդային տարածքում, որտեղ տարբեր գործընթացներ էին ծավալվում վրաց, հայ, ռուս և այլ էթնիկ խմբերի միջև՝ կայսերական արդիականության ազդեցության ներքո: 1846-ին նախագծված և 1851-ին բացված շենքն իր գեղեցիկ մավրական ոճի դահլիճով ստեղծել էր բացառիկ միջավայր՝ միաժամանակ ծառայելով որպես մշակութային և առևտրային կենտրոն:
Լ. Նախուցրիշվիլին առանձնացրեց նաև 1874 թվականի հրդեհը, որը ոչնչացրել էր թատրոնի դահլիճը և փաստորեն վերջ դրել արվեստի ու առևտրի համատեղ գոյությանը: Թատրոնի տեղափոխումից հետո շենքը մնաց որպես սովորական քարվանսարա: Դա ցույց է տալիս, թե ինչպես կարող է նյութական միջավայրի փոփոխությունը ազդել մշակութային բազմազանությանը, և թե ինչպես էին կայսերական ազդեցությունները ձևավորում քաղաքային կյանքի բարդ դինամիկան:
Ըստ բանախոսի՝ անցյալը կարևոր է դիտարկել ոչ միայն նեղ ազգային կամ կայսերական տեսանկյունից, այլև համաշխարհային արդիականության և քաղաքային բազմազանության միջոցով։
Թատրոն-քարվանսարայի պատմությունը լավագույնս արտացոլում է 19-րդ դարի Թիֆլիսի բազմաշերտ իրականությունը, որտեղ արվեստը, առևտուրը և տարբեր ազգերի փոխհարաբերությունները ստեղծել էին մի միջավայր, որտեղ համատեղ գոյակցությունն ու հակասությունները միշտ կողք կողքի էին։ Այս օրինակը հիշեցնում է, որ անցյալի լիարժեք ընկալման համար անհրաժեշտ է գնահատել բոլոր շերտերը՝ առանց սահմանափակվելու միայն մեկ դիտանկյունով։
Դասախոսությունն ուսանողների համար կարևոր հնարավորություն էր ծանոթանալու պատմության հետազոտության արդի մոտեցումներին և նոր տեսանկյունից գնահատելու տարածաշրջանի ընդհանուր մշակութային ժառանգությունը։ Այն միաժամանակ միտված էր նպաստելու հայ-վրացական գիտական համագործակցության ամրապնդմանը և քաղաքային բազմաշերտ պատմության համատեղ քննարկմանը: