- Главная
- Node
- Թարգմանիչ դառնալու ճանապարհին օտարերկրյա ուսանողի ընտրությունը՝ ԵՊՀ
Апрель 06, 2026 | 12:12
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
Թարգմանիչ դառնալու ճանապարհին օտարերկրյա ուսանողի ընտրությունը՝ ԵՊՀ
Օլոմոուցի Պալացկու անվան համալսարանի (Չեխիա) ռուս բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սառա Սինկովան «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսումը շարունակում է ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում: Պալացկու անվան համալսարանում նրա ուսումնական ծրագիրը ներառում է նաև թարգմանության տեսություն և թարգմանագիտություն, ուստի Սառան նախատեսում է առաջիկա տարիներին կենտրոնանալ հենց թարգմանությունների վրա։
Ռուս բանասիրության ֆակուլտետում Սառան ուսումնասիրում է լեզվի ձևաբանական հատկությունները, հաճախում է «Բառագիտություն», «20-րդ դարի ռուս գրականություն» և «Խոսքի մշակույթ» դասընթացներին:
«Ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսների դասավանդման մեթոդները, ըստ իս, շատ արդյունավետ են։ Ընդհանուր առմամբ, դասախոսություններն այստեղ ավելի ինտերակտիվ են, ինչը ես բարձր եմ գնահատում։ Բացի դրանից՝ ուսումնառության ընթացքում ինձ մեծ օգնություն են ցուցաբերում նաև համակուրսեցիներս, որոնք միշտ պատրաստ են աջակցելու ինձ տարբեր հարցերում»,- նշեց Սառան։
Նա մատնանշեց, որ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները՝ թարգմանիչներն այսօր առավել պահանջված են, քան երբևէ։ Խոսելով իր նախընտրած՝ թարգմանչական ուղղությունից՝ ուսանողն ընդգծեց․ «Այլ ժողովուրդների լեզուն և մտածելակերպը լիարժեք հասկանալը չափազանց կարևոր է միջազգային արդյունավետ հաղորդակցության տեսանկյունից։ Ինձ համար հետաքրքիր ու նաև մի փոքր վախեցնող է այն, թե ինչպես նույնիսկ աննշան սխալը թարգմանության մեջ կարող է ամբողջությամբ փոխել վերջնական իմաստը»։
Ըստ Սառայի՝ թարգմանչական գործը մի կողմից՝ մեծ պատասխանատվություն է, իսկ մյուս կողմից՝ որոշ առումներով կարող է շատ ստեղծագործական լինել։ Այս համատեքստում նա ասաց․ «Ես այն ընկալում եմ որպես մի հավասարում, որը կարելի է լուծել տարբեր ձևերով. լավագույն տարբերակն ընտրելը թարգմանչի ձեռքում է»։
Նրա մեկնաբանմամբ՝ լեզուները մշտապես զարգանում են, հետևաբար թարգմանիչը միշտ սովորելու գործընթացում է։
«Միշտ կա բացահայտելու ինչ-որ նոր բան: Դա էլ այս մասնագիտության մեջ, ըստ իս, մի տեսակ կախարդական է»,- շեշտեց օտարերկրյա ուսանողը։
Սառան առաջին անգամ է Հայաստանում: Նա անկեղծացավ, որ անչափ տպավորված է մարդկանց հյուրընկալ վերաբերմունքով և ժամանցի վայրերի մեծ ընտրությամբ։
«Ամենաշատն ինձ տպավորում է հայերի՝ դիմացինին առանց երկմտելու օգնելու պատրաստակամությունը․ Չեխիայում էլ մարդիկ փորձում են օգնել, սակայն այնքան էլ նախաձեռնող չեն: Այս մշակույթն ամեն անգամ հիացնում է ինձ»,- ասաց ուսանողը:
Հավելենք, որ Սառա Սինկովայի՝ ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ուսումնառությունը կտևի մեկ կիսամյակ:


