- Главная
- Node
- Կարևորելով միջազգային համագործակցությունը․ ԵՊՀ-ում հյուրընկալվեցին ֆրանսիական կրթական հաստատությունների ներկայացուցիչները
Март 31, 2026 | 14:26
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Կարևորելով միջազգային համագործակցությունը․ ԵՊՀ-ում հյուրընկալվեցին ֆրանսիական կրթական հաստատությունների ներկայացուցիչները
Ֆրանսիայի գործընկերների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի զարգացման, պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերի և միջազգային պրակտիկայի նոր հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցում էին Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի տարբեր բուհերի ներկայացուցիչներ, որոնք ընդգծեցին երկկողմ կապերի ամրապնդման կարևորությունը բարձրագույն կրթության ոլորտում։
Ֆրանսիայի տարբեր համալսարանների և կրթական հաստատությունների, բիզնես դպրոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը անդրադարձավ համալսարանի զարգացման հիմնական ուղղություններին, կրթական ծրագրերին, միջազգային համագործակցությանը, այդ թվում՝ ֆրանսիական բուհերի հետ արդեն ձևավորված կապերին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունները, որոնք կարող են նպաստել փորձի փոխանակմանը, կրթության որակի բարձրացմանը և միջազգային միջավայրում ինտեգրմանը։
Կողմերն անդրադարձան նաև համատեղ կրթական ծրագրերի ներդրման հեռանկարներին՝ ներառյալ կրկնակի դիպլոմների (double degree) ծրագրերի ստեղծում, կարճաժամկետ պրատիկայի հնարավորություններ, ինչպես նաև համագործակցություն բիզնեսի, ծառայությունների (սերվիս) և արհեստական բանականության ոլորտներում։
Հանդիպման ավարտին համալսարանականները ներկայացրին իրենց առաջարկները հետագա համագործակցության ընդլայնման համար՝ շարունակելու երկխոսությունը փոխադարձ առաջարկների հիման վրա։
Նշվեց, որ նման նախաձեռնությունները կարող են զգալիորեն ընդլայնել ուսանողների ակադեմիական հնարավորությունները և բարձրացնել նրանց մրցունակությունը միջազգային աշխատաշուկայում։








