- Главная
- Node
- Երկարամյա նվիրում ու պատասխանատու աշխատանք․ Ալեքսանդր Վիրաբյանն արժանացել է շնորհակալագրի
Март 31, 2026 | 16:14
Միջոցառումներ
Երկարամյա նվիրում ու պատասխանատու աշխատանք․ Ալեքսանդր Վիրաբյանն արժանացել է շնորհակալագրի
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժնի վարիչ Ալեքսանդր Վիրաբյանին հանձնեց շնորհակալագիր՝ ի նշանավորումն համալսարանական աշխատանքային բազմամյա և արդյունավետ գործունեության:
Աշխատանքային պարտականությունների օրինակելի կատարման և անբասիր գործունեության արժևորման համար պարգևատրված Ալեքսանդր Վիրաբյանը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության կազմում իր բազմամյա գործունեության ընթացքում ակտիվորեն մասնակցել է համալսարանի միջազգայնացմանն ուղղված գործընթացներին, փոխանակման բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, արտասահմանյան բուհերում ուսանողների կրթություն ստանալու գործընթացների կազմակերպմանը:
Օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժնի վարիչի պաշտոնում Ա. Վիրաբյանը տարիներ շարունակ արդյունավետ գործունեություն է ծավալել օտարերկրյա քաղաքացիների թե՛ ընդունելության, թե՛ նախապատրաստական դասընթացների կազմակերպման, ուսման ընթացքում ծագող հարցերի համակարգման, տարատեսակ խնդիրների լուծման ուղղությամբ: Նա արդյունավետ և նպատակային գործունեություն է ծավալել նաև օտարերկրյա դիմորդների հավաքագրման նպատակով տեղեկատվության, անհրաժեշտ նյութերի տարածման ուղղությամբ՝ գրանցելով զգալի աճ և նպաստելով համալսարանական գիտակրթական միջավայրի կայացմանն ու զարգացմանը:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով Ալեքսանդր Վիրաբյանին, նշեց, որ համալսարանի պատմությունն ու ձեռքբերումները կերտվում են նաև այն մարդկանց շնորհիվ, որոնք տասնամյակներ շարունակ իրենց աշխատանքով, պատասխանատվությամբ ու նվիրվածությամբ մեծ ներդրում ունեն համալսարանի գործունեության կազմակերպման և զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Ա. Վիրաբյանի երկարամյա ու բարեխիղճ գործունեությունը նշանակալի ներդրում է ունեցել ԵՊՀ միջազգայնացման, օտարերկրյա սովորողների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման և համալսարանի հեղինակության ամրապնդման գործում։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, անդրադառնալով ԵՊՀ ամենաերկարամյա աշխատակից-գործընկերոջ ծավալած բեղմնավոր գործունեությանը, նշեց՝ Ա. Վիրաբյանը ԵՊՀ-ում աշխատում է 1969 թվականից: Ա. Մարգարովը, ներկայացնելով վերջինիս նվիրյալ աշխատանքը, ընդգծեց նաև համալսարանի պատմության մեջ նրա ունեցած նշանակալի ավանդը, աշխատանքային անջնջելի հետքն ու մարդկային բարի համբավը:
Ա. Վիրաբյանն իր երախտագիտությունը հայտնեց ռեկտորին՝ երկար տարիների աշխատանքը կարևորելու համար՝ մատնանշելով, որ տարիների ընթացքում համալսարանն ու համալսարանականները դարձել են իր երկրորդ ընտանիքը:
Շնորհակալագրի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, գիտական քարտուղար Մերի Հովհաննիսյանը:
Հավելենք, որ Ա. Վիրաբյանն արդեն իսկ արժանացել է ԵՊՀ ոսկե մեդալի:



