Պարմա և Միլան քաղաքներում ս․թ․ մարտի 12-14-ը անցկացվեց «Երկլեզվություն և մշակույթների երկխոսություն. 21-րդ դարի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտագործնական տասներորդ հոբելյանական գիտաժողովը, որի կազմակերպիչներն էին Պարմայի պետական համալսարանը և Լև Տոլստոյի անվան երկլեզվության զարգացման ուսումնամեթոդական կենտրոնը (Միլան):
Գիտաժողովը համախմբել էր լեզվաբանության, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի և միջմշակութային հաղորդակցության ոլորտի հետազոտողներին և դասախոսներին: Աշխատանքային լեզուներն էին ռուսերենը, իտալերենը և անգլերենը։
Երեք օրվա ընթացքում մասնակիցները քննարկեցին բազմալեզվության և երկլեզվական կրթության հետ կապված արդիական հարցեր: Ուշադրության կենտրոնում էին ռուսաց լեզուն՝ որպես օտար լեզու դասավանդելու ժամանակակից մոտեցումները, ուսուցման և գնահատման մեջ արհեստական բանականության տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպես նաև մեթոդական նոր լուծումները՝ պատմվածքից մինչև նախագծային և առաջադրանքների վրա հիմնված ուսուցում:
Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել էին վեց թեմատիկ բաժիններով: Պարմայում կայացած նիստերի առաջին երկու օրերին ներկայացվեցին գիտական զեկուցումներ, պաստառներ, անցկացվեցին կլոր սեղան-քննարկումներ: Եզրափակիչ օրը Միլանում անցավ գործնական ուղղվածություն ունեցող միջոցառումների ձևաչափով՝ վարպետության դասեր, աշխատարաններ և բաց դասեր:
Առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացրել ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ոլորտում հետազոտություններ ներկայացրած հայաստանյան մասնակիցների ելույթները:
Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի պրոֆեսսոր, բ․գ․դ․ Լիլիթ Բրուտյանն իր ելույթուն ներկայացրեց ռուսաց լեզվի գործառության առանձնահատկությունները Հայաստանի լեզվական լանդշաֆտում: Ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ, բ․գ․թ․ Կարինա Հովհաննիսյանը զեկույց ներկայացրեց «storytelling»-ի՝ որպես հաղորդակցական իրավասությունների ձևավորման արդյունավետ գործիքի մասին: ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանը կարևորեց ապագա իրավաբաններին ռուսաց լեզվի դասավանդման առանձնահատկությունները:
Գիտաժողովը դարձավ նշանակալի միջազգային հարթակ գիտական և մանկավարժական փորձի փոխանակման, ակադեմիական կապերի ամրապնդման և 21-րդ դարի գլոբալ մարտահրավերների պայմաններում երկլեզու կրթության զարգացման հեռանկարների քննարկման համար:
Գիտաժողովի արդյունքներով նախատեսվում է հրապարակել գիտական հոդվածների ժողովածու:

