- Главная
- Node
- Սոցիոլոգիան և հասարակական զարգացումը․ ԵՊՀ-ում ազդարարվեց ՍԻՓԼաբ-ի գործունեության մեկնարկը
Апрель 03, 2026 | 18:08
Կրթություն
Հասարակություն
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Սոցիոլոգիան և հասարակական զարգացումը․ ԵՊՀ-ում ազդարարվեց ՍԻՓԼաբ-ի գործունեության մեկնարկը
ԵՊՀ-ում կայացավ «Սոցիոլոգիան Հայաստանում այսօր» թեմայով հանրային միջոցառում, որով ազդարարվեց Սոցիալական և ինստիտուցիոնալ փոփոխությունների հետազոտական լաբորատորիայի (ՍԻՓԼաբ) գործունեության պաշտոնական մեկնարկը։ Միջոցառումն անցկացվեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025»-ի շրջանակում։
Սոցիոլոգիան՝ որպես հասարակական զարգացման կարևոր գործիք
Ժամանակակից աշխարհում սոցիոլոգիան հանդես է գալիս ոչ միայն որպես հասարակության ուսումնասիրման գիտություն, այլև որպես հանրային քաղաքականությունների մշակման, կառավարման արդյունավետության բարձրացման և սոցիալական խնդիրների լուծման կարևոր գործիք։ Հայաստանում ևս սոցիոլոգիական գիտելիքը կարող է էական դերակատարում ունենալ կրթական, սոցիալական, տնտեսական և կառավարման ոլորտներում գիտահենք որոշումների ընդունման գործընթացում։
Միևնույն ժամանակ, ինչպես նշվեց միջոցառման ընթացքում, սոցիոլոգիան շարունակում է բախվել այնպիսի մարտահրավերների, որոնք բնորոշ են ընդհանուր առմամբ հայաստանյան գիտական համակարգին, հատկապես՝ հետազոտությունների ֆինանսավորման սահմանափակ հնարավորություններին և սոցիոլոգիական գիտելիքի կիրառական ներուժի թերի ընկալմանը պետական ու հասարակական որոշ շրջանակներում։
Այդուհանդերձ, վերջին տարիներին Հայաստանում ձևավորվում են մասնագիտական հետազոտական խմբեր, զարգանում է կիրառական սոցիոլոգիայի մշակույթը, իսկ ֆակուլտետի շրջանավարտները գնալով ավելի ակտիվ դեր են ստանձնում գիտահետազոտական և փորձագիտական ոլորտներում՝ նպաստելով գիտելիքահենք հանրային քաղաքականությունների ձևավորմանը։
Տեսական քննարկումներ՝ ժամանակակից սոցիոլոգիայի առանցքային խնդիրների շուրջ
Միջոցառման առաջին հատվածում քննարկվեց ժամանակակից սոցիոլոգիայի հիմնարար տեսական բանավեճերից մեկը՝ կառուցվածք-գործնականություն (structure–agency) հարաբերակցության խնդիրը։ Ներկայացվեցին դրա դասական հիմքերը, դիտարկվեցին սահմանափակումները բազմաճգնաժամային (polycrisis) պայմաններում և առաջարկվեց ամրակցվածության հայեցակարգը՝ որպես առավել համարժեք վերլուծական շրջանակ հատկապես այնպիսի հասարակությունների համար, ինչպիսին Հայաստանում է՝ մշտական փոփոխությունների և անկայունության պայմաններում։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը նշեց, որ սոցիոլոգիան Հայաստանում ունի անհրաժեշտ գիտական ներուժը՝ առաջարկելու հանրային կառավարման և սոցիալական զարգացման արդյունավետ լուծումներ։ Նրա խոսքով՝ այսօր արդեն ձևավորվել են գործող հետազոտական խմբեր համալսարանում և պետական ու մասնավոր հատվածներում, և այս գործընթացում կարևոր դեր ունեն Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտները։
Դեկանի համոզմամբ՝ ՍԻՓԼաբ-ի ստեղծումը ևս մեկ վկայություն է այն բանի, որ սոցիոլոգիական հետազոտությունները Հայաստանում աստիճանաբար անցնում են զարգացման նոր փուլ։
Նա նաև ընդգծեց, որ 2025 թվականի տվյալներով ԵՊՀ գիտական ստորաբաժանումների շարքում Սոցիոլոգիայի ֆակուլտետում գործող Կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիան եղել է առաջին տեղում, ինչը կարևոր ցուցիչ է ոլորտի զարգացման ընթացքը գնահատելու տեսանկյունից։
ՍԻՓԼաբ․ հետազոտություններ սոցիալական վստահության և ինստիտուցիոնալ զարգացման շուրջ
Սոցիալական և ինստիտուցիոնալ փոփոխությունների հետազոտական լաբորատորիայի գործունեությունն ուղղված է մի շարք փոխկապակցված խնդիրների ուսումնասիրմանը։
Լաբորատորիան նպատակ ունի լուծելու մի քանի փոխկապակցված խնդիրներ։ Նախ՝ վերլուծել անհատների և կառույցների միջև վստահության ճգնաժամի պատճառները, ապա՝ այդ ճգնաժամը դիտարկել կոնկրետ ոլորտների սոցիալական քաղաքականությունների՝ կրթության, առողջապահության, զբաղվածության համատեքստում։ Լաբորատորիան նպատակ ունի առաջարկելու ինստիտուցիոնալ զարգացման այնպիսի մոտեցումներ, որոնք կնպաստեն հանրային մասնակցության բարձրացմանը որոշումների կայացման գործընթացներում։
Լաբորատորիայի տեսամեթոդաբանական հիմքերը և հետագա ծրագրերը
ՍԻՓԼաբ-ի ղեկավար Արմինե Իշխանյանը ներկայացրեց լաբորատորիայի տեսամեթոդաբանական հիմքերը և գործունեության հիմնական ուղղությունները՝ անդրադառնալով սոցիալական փոփոխությունների, սոցիալական ինստիտուտների և գործնականության փոխկապակցվածությանը ժամանակակից սոցիոլոգիական հետազոտություններում։
Նրա խոսքով՝ լաբորատորիայի աշխատանքները նպատակ ունեն հասկանալու, թե ինչպես կարող են ժամանակակից սոցիոլոգիական տեսությունները կիրառվել Հայաստանի հասարակական իրականության վերլուծության և խնդիրների հասցեագրման գործում։
ՍԻՓԼաբ-ի համաղեկավար, Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող Սոնա Բալասանյանը ներկայացրեց լաբորատորիայի գործունեության առաջին տարվա արդյունքները։
Նա նշեց, որ արդեն մշակվել է լաբորատորիայի տեսամեթոդաբանական շրջանակը, անցկացվել են հարցազրույցներ փորձագետների և պրակտիկ սոցիոլոգների հետ, շարունակվում են կրթության ոլորտին առնչվող հետազոտությունները, ինչպես նաև մեկնարկել են խորհրդակցություններ երիտասարդների հետ՝ թեմատիկ զեկույցների պատրաստման նպատակով։
Ըստ նրա՝ «Սոցիոլոգիան Հայաստանում այսօր» խորագրով միջոցառումը նպատակ ուներ նաև ձևավորելու մասնագիտական քննարկման հարթակ՝ հասկանալու, թե ինչպիսի սոցիոլոգիական գիտելիք է անհրաժեշտ Հայաստանի հասարակության արդի խնդիրներին արձագանքելու համար։
ՍԻՓԼաբ-ի նախաձեռնությունները միտված են ոչ միայն սոցիոլոգիական տեսության զարգացմանը, այլև գիտական արդյունքների կիրառմանը հանրային քաղաքականությունների մշակման և հասարակական զարգացման գործընթացներում։


