- Главная
- Node
- Կլիմայի, իրավունքների և անվտանգության հիմնահարցերը՝ մեկ հարթակում
Апреля 15, 2026 | 14:20
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Կլիմայի, իրավունքների և անվտանգության հիմնահարցերը՝ մեկ հարթակում
ԵՊՀ-ում մեկնարկեց «Կլիմայի փոփոխություն, արդարություն և մարդու իրավունքներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը համախմբեց ակադեմիական հանրույթի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Եռօրյա միջոցառման ընթացքում կքննարկվեն կլիմայի փոփոխության, արդարության, մարդու իրավունքների և անվտանգության փոխկապակցվածության հիմնահարցերը։
Գիտաժողովի առանցքային թեման կլիմայական արդարությունն է, որի շրջանակում մասնակիցները անդրադարձ են կատարում կլիմայական փոփոխությունների ազդեցությանը մարդու իրավունքների, կառավարման, հաշվետվողականության և անվտանգության վրա։
Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարգինալացված խմբերի, երեխաների և ապագա սերունդների վրա կլիմայի փոփոխության անհամաչափ ազդեցությանը։ Մասնակիցները կարևորում են արդարության վրա հիմնված քաղաքականությունների դերը՝ ուղղված այս անհավասարակշռությունների հաղթահարմանը և կայուն զարգացման ապահովմանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց՝ գիտաժողովը կարևոր հարթակ է, որը մեկտեղում է տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու մեր ժամանակների ամենահրատապ մարտահրավերներից մեկը՝ կլիմայի փոփոխությունը։ Ըստ նրա՝ այսօր կլիմայի փոփոխությունն այլևս չի դիտարկվում միայն որպես բնապահպանական խնդիր, այլ դարձել է գլոբալ քաղաքական, սոցիալական, տնտեսական և հումանիտար օրակարգերի առանցքային բաղադրիչ։ Ռեկտորի խոսքով՝ դրա հետևանքները տարբեր հասարակությունների և սոցիալական խմբերի վրա ունեն անհամաչափ ազդեցություն, հատկապես՝ խոցելի խմբերի, երեխաների, տեղահանված անձանց և աղքատ համայնքների դեպքում, ինչի պատճառով կլիմայական արդարությունը ձեռք է բերում գործնական նշանակություն։
«Գիտաժողովի թեմատիկ լայն շրջանակը հնարավորություն է տալիս ձևավորելու արդյունավետ երկխոսություն, որտեղ գիտությունը, քաղաքականությունը և հանրային պատասխանատվությունը կարող են փոխլրացնել միմյանց։ Այս նախաձեռնությունը կնպաստի ոչ միայն գիտական մտքի փոխանակմանը, այլև նոր համագործակցությունների ձևավորմանը և տարբեր երկրների ու ոլորտների ներկայացուցիչների միջև վստահության ամրապնդմանը»,- կարևորեց ԵՊՀ ռեկտորը։
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը մատնանշեց, որ այս միջոցառումը կենտրոնի և նրա գործընկերների միջև համատեղ գործունեության լավագույն արդյունքներից մեկն է։ Նա հույս հայտնեց, որ այս գիտաժողովը իր արդյունավետությամբ և կիրառական նշանակությամբ օգտակար կլինի հասարակության տարբեր շերտերի, գիտական շրջանակների, ուսանողների, ինչպես նաև երեխաների իրավունքների և կլիմայի փոփոխության խնդիրներով զբաղվողների համար։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբանն ընդգծեց Հայաստանի և հայ ժողովրդի դիմակայունությունը դժվարությունները հաղթահարելու հարցում։
Նա նշեց, որ վերջերս այցելել է սահմանամերձ համայնքներ ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, այդ թվում՝ Խաչիկ գյուղ, որտեղ բնակիչները երկար ժամանակ ապրել են անվտանգության լուրջ մարտահրավերների պայմաններում։ Նրա խոսքով՝ չնայած մարդիկ այսօր ավելի շատ են խոսում խաղաղության մասին, այնուամենայնիվ, նրանց մտահոգությունները փոխվել են՝ կենտրոնանալով սոցիալ-տնտեսական խնդիրների վրա, ինչպիսիք են ջրի պակասը, ոռոգման համակարգերը և կենսապայմանները։
«Չնայած դժվարություններին՝ մարդիկ շարունակում են ապրել իրենց համայնքներում, ինչը վկայում է նրանց ուժեղ կամքի և պատասխանատվության մասին։ Նման օրինակները ցույց են տալիս՝ ինչու է կարևոր Հայաստանում քննարկել կլիմայի փոփոխության, մարդու իրավունքների և անվտանգության փոխկապակցված խնդիրները»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա օրինակ է, և այս հարցերը կարող են վերաբերել նաև այլ համայնքների։
Մարդու իրավունքների գլոբալ կամպուսի գլխավոր քարտուղար Մանֆրեդ Նովակը նշեց, որ այսօր կլիմայի փոփոխությունը, արդարությունը և մարդու իրավունքները դարձել են փոխկապակցված առանցքային թեմաներ։ Նրա խոսքով՝ իրենց կառույցը մարդու իրավունքների կրթության խոշորագույն համալսարանական ցանցերից մեկն է, որը միավորում է ավելի քան 100 համալսարան և տարբեր տարածաշրջաններում կրթում է երիտասարդներին՝ նրանց մասնագիտացնելով մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության և կայուն զարգացման ոլորտներում։
Մ․ Նովակը նաև ընդգծեց երկարամյա համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, ապա կարևորեց երեխաների իրավունքների ընդգրկումը կրթական ծրագրերում՝ նշելով, որ երեխաները ևս ակտիվորեն ներգրավվում են որոշումների կայացման գործընթացներում։
Նրա խոսքով՝ այսօր մարդու իրավունքների և շրջակա միջավայրի թեմաները, որոնք նախկինում դիտարկվում էին առանձին, այժմ միավորվում են՝ ձևավորելով իրավական ու քաղաքական նոր օրակարգ և աստիճանաբար բերելով նաև իրավական պատասխանատվության և հաշվետվողականության մեխանիզմների ձևավորմանը։
Գիտաժողովի ընթացքում մասնակիցները դիտեցին նաև Իռլանդիայի Հանրապետության նախկին նախագահ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնի տեսաուղերձը, որտեղ նա անդրադարձավ կլիմայական արդարության և մարդու իրավունքների փոխկապակցվածությանը՝ ընդգծելով գլոբալ համերաշխության և պատասխանատվության կարևորությունը։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցան մի շարք պանելային քննարկումներ և ներկայացվեցին մասնագիտական զեկուցումներ՝ նվիրված կլիմայական արդարությանը, հաշվետվողականությանը և գլոբալ անհավասարություններին։ Առաջին պանելային քննարկմանը բանախոսները անդրադարձան շրջակա միջավայրի պահպանության, մարդու իրավունքների և կայուն զարգացման փոխկապակցվածությանը։
Հաջորդ հատվածում ներկայացվեցին զեկուցումներ, որոնք վերաբերում էին կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի դեգրադացիայի և մարդու իրավունքների միջև կապին՝ ներառյալ օդի աղտոտվածության, կլիմայական ռիսկերի, «էկոլոգիական վշտի», ինչպես նաև բնապահպանական որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության թեմաներին։
Նշենք, որ ինչպես այսօր, այնպես էլ հաջորդող օրերին միջոցառման ընթացքում կներկայացվեն տեսական, էմպիրիկ և համեմատական հետազոտություններ՝ նվիրված կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների, կլիմայական արդարության, անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցերին։ Քննարկումները կընդգրկեն միջսերնդային արդարության և ապագային միտված կառավարման կարևորությունը։
Մասնակիցների գնահատմամբ՝ գիտաժողովը կարևոր հարթակ է փորձի փոխանակման, նոր համագործակցությունների ձևավորման և կլիմայական արդարության շուրջ գիտական և քաղաքական երկխոսության խթանման համար։
Գիտաժողովը կազմակերպվել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի (Գլոբալ կամպուս Կովկասի), Գլոբալ կամպուս Կենտրոնական Ասիայի և Ժան Մոնեի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն» եվրոպական հետազոտությունների գերազանցության կենտրոնի (DeHuRiS, ԵՈՒԿ) համագործակցությամբ՝ «Right Livelihood» հիմնադրամի «Կլիմա և հակամարտություններ. հատուցում և կանխարգելում» ծրագրի շրջանակում։





