- Главная
- Node
- Հաջողության բանաձևը՝ գիտելիք, համառություն և ճիշտ ընտրություն. ԵՊՀ շրջանավարտ Վազգեն Միքայելյանի հաջողության պատմությունը
Май 21, 2026 | 12:19
Գիտություն
Կրթություն
Շրջանավարտներ
Հաջողության բանաձևը՝ գիտելիք, համառություն և ճիշտ ընտրություն. ԵՊՀ շրջանավարտ Վազգեն Միքայելյանի հաջողության պատմությունը
Երբ խոսում ենք հաջողության մասին, հաճախ պատկերացնում ենք հստակ նպատակ, համառ աշխատանք և ճիշտ որոշումներ։ Սակայն կան պատմություններ, որտեղ այդ ամենին միանում է նաև գիտության հանդեպ անկեղծ սերը։ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի շրջանավարտ, այսօր արդեն ոլորտում կայացած մասնագետ և դասախոս Վազգեն Միքայելյանի ճանապարհը հենց այդպիսի պատմություն է՝ համալսարանական լսարաններից սկսած և արհեստական բանականության միջազգային մրցունակ միջավայրում շարունակվող։
«Իմ ճանապարհը դեպի ԵՊՀ, կարծես, վաղուց էր որոշված»
Վազգեն Միքայելյանի խոսքով՝ մաթեմատիկան իր կյանքում պատահական չի հայտնվել։ Նա մեծացել է մաթեմատիկոսների ընտանիքում. ծնողներն ավարտել են ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը և երկար տարիներ դասավանդել համալսարանում։
«Մանկուց մաթեմատիկան ինձ համար պարզապես առարկա չէր։ Այն մտածողություն էր, միջավայր, ապրելակերպ։ Ավարտական դասարաններում սովորելուն զուգահեռ՝ ընդունվել էի նաև արտասահմանյան տարբեր բուհեր, սակայն ներքին համոզմունք ունեի, որ կրթությունս պետք է շարունակեմ Հայաստանում։ Իսկ եթե մաթեմատիկա, ապա միայն ԵՊՀ-ում։ Հայտ լրացնելիս նշել էի միայն ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի անվճար և վճարովի տեղերը։ Այլ տարբերակ նույնիսկ չէի դիտարկել»,- ասում է նա։
Դպրոցական տարիներից նա ակտիվ մասնակցել է մաթեմատիկական օլիմպիադաների՝ դառնալով միջազգային մրցույթների մասնակից։ Այդ ճանապարհը շարունակվել է նաև համալսարանում, որտեղ արդեն ԵՊՀ թիմի կազմում բուհը ներկայացրել է մաթեմատիկական տարբեր օլիմպիադաներում։
«Օլիմպիադաները պարզապես մրցույթներ չէին: Դրանք ձևավորեցին մտածելու ձև, աշխատասիրություն, խնդիրներին մոտենալու տրամաբանություն։ Այդ ամբողջ ճանապարհին ինձ համար մեծ դեր են ունեցել և՛ հայրս՝ հայտնի մաթեմատիկոս, դասախոս Գագիկ Միքայելյանը, և՛ դասախոսներս՝ Կարեն Քեռյանն ու Միքայել Պողոսյանը։ Նրանց խորհուրդներն ու մոտեցումները լուրջ ազդեցություն են ունեցել իմ մասնագիտական կայացման վրա»,- շեշտում է Վազգեն Միքայելյանը։
Տեսական մաթեմատիկայից դեպի արհեստական բանականություն
Չնայած մաթեմատիկան շարունակում էր մնալ նրա հիմնական հետաքրքրությունը՝ ժամանակի ընթացքում Վազգեն Միքայելյանը սկսել է մտածել այնպիսի ուղղության մասին, որտեղ հնարավոր կլինի համատեղել խորքային գիտելիքն ու ժամանակակից տեխնոլոգիաները։
«Միշտ տեսել եմ, թե ինչպիսի նվիրվածությամբ են ծնողներս դասավանդում,- անկեղծանում է նա և շարունակում,- սակայն ուզում էի նաև գտնել մի ոլորտ, որտեղ մաթեմատիկան կիրառական մեծ արժեք կունենա։ Այդ ժամանակ Հայաստանում արհեստական բանականության մասին գրեթե չէին խոսում։ 2017 թվականին ընկերներիցս մեկը տեղեկացրեց, որ «Armenian Code Academy»-ում ԱԲ-ի դասընթացներ են մեկնարկում։ Այդ պահից հասկացա՝ սա այն ուղղությունն է, որը փնտրում էի»։
Այդ որոշումը նրա կյանքում դարձավ շրջադարձային։ Դասընթացներն ավարտելուց հետո նա աշխատանքի անցավ «PicsArt»-ում, իսկ ընդամենը կես տարի անց միացավ «Krisp-ին», որտեղ աշխատում է արդեն շուրջ ութ տարի։
«Այն ժամանակ ամեն ինչ նոր էր. շատ բան պետք էր սովորել ինքնուրույն»
Վազգեն Միքայելյանը հիշում է՝ այսօր արհեստական բանականության ոլորտում կրթական հնարավորությունները շատ ավելի զարգացած են, սակայն մի քանի տարի առաջ իրավիճակը բոլորովին այլ էր։
«Այն ժամանակ չկային կայացած ծրագրեր, համալսարանական ուղղություններ կամ բավարար մասնագետներ։ Շատ բան պետք էր սովորել ինքնուրույն։ Ամենամեծ մարտահրավերն ինձ համար տեսական մաթեմատիկայից կիրառական ոլորտ անցումն էր. հասկանալը, թե ինչպես կարելի է մաթեմատիկական մտածողությունը կիրառել իրական խնդիրների լուծման մեջ»,- փաստում է նա։
Նրա խոսքով՝ հաջողության ճանապարհին կարևոր էին մի քանի շրջադարձային փուլեր՝ օլիմպիական շարժման մեջ ակտիվ ներգրավվածությունը, արհեստական բանականության ոլորտ մուտքը և հատկապես «Krisp»-ին միանալը։
««Krisp» տեղափոխվելու պահին կասկածներ կային, որովհետև արդեն աշխատում էի կայացած ընկերությունում, սակայն այդ որոշումը դարձավ իմ ամենաճիշտ քայլերից մեկը։ Այնտեղ ոչ միայն մասնագիտական, այլև մտածողության մեծ աճ ունեցա»,- մատնանշում է նա։
ԵՊՀ-ի հետ կապը երբեք չի ընդհատվել
Չնայած մասնագիտական զբաղվածությանը՝ Վազգեն Միքայելյանը շարունակել է իր կապը համալսարանի հետ՝ ղեկավարելով ավարտական աշխատանքներ և մասնակցելով գիտակրթական տարբեր նախաձեռնությունների։ Այս համատեքստում նա ասաց․ «ԵՊՀ-ից ես երբեք չեմ հեռացել։ Տարիներ շարունակ դասավանդել եմ համալսարանում, մասնակցել գիտաժողովների, աշխատել ուսանողների հետ։ Ինձ համար շատ կարևոր է փորձի փոխանցումը, հատկապես՝ սկսնակ մասնագետներին»։
«ԱԲ-ն չի փոխարինում մարդուն, այլ մեծացնում է նրա հնարավորությունները»
Խոսելով արհեստական բանականության արագ զարգացող աշխարհի մասին՝ Վազգեն Միքայելյանը համոզված է՝ ապագան պատկանում է այն մարդկանց, որոնք կարողանում են ոչ միայն օգտագործել ԱԲ գործիքները, այլև դրանց միջոցով զարգացնել սեփական գիտելիքներն ու հմտությունները. «Այսօր շատերը վախենում են, որ ԱԲ-ն կփոխարինի մարդկանց, բայց իրականում պետք է մտածել ոչ թե փոխարինման, այլ արտադրողականության բարձրացման մասին։ Ամենակարևորը խոր մասնագիտացումն է։ Պետք է ընտրել մեկ ոլորտ և իսկապես խորանալ դրա մեջ, իսկ ԱԲ-ն օգտագործել որպես գործիք՝ գիտելիքները զարգացնելու և ընդլայնելու համար»։
Նրա խոսքով՝ ժամանակակից աշխատաշուկայում միայն լավ ինքնակենսագրական ունենալն այլևս բավարար չէ. «Այսօր ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ի՞նչ ես իրականում կարողանում ստեղծել։ Ինչպիսի՞ նախագծեր ես իրականացրել, ինչպիսի՞ խնդիրներ ես լուծել։ Գործատուները շատ հաճախ հենց դա են գնահատում»։
Վազգեն Միքայելյանի պատմությունը վկայում է, որ հաջողության հիմքում ոչ միայն տաղանդն է, այլև համարձակ որոշումներ կայացնելու պատրաստակամությունը, շարունակաբար սովորելու ձգտումն ու սեփական հետաքրքրություններին հավատարիմ մնալը։ Իսկ այդ ճանապարհի մեկնակետը նրա համար եղել և շարունակում է մնալ Երևանի պետական համալսարանը: