- Главная
- Node
- Բաց հարթակ նոր գաղափարների համար. ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը 20 տարեկան է
Июня 12, 2026 | 11:30
Միջոցառումներ
Մշակույթ
Բաց հարթակ նոր գաղափարների համար. ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը 20 տարեկան է
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնն այսօր նշում է իր հիմնադրման 20-ամյակը: Արդեն երկու տասնամյակ է՝ համալսարանական այս օջախը մեկ հարթակում համախմբում է տարբեր ֆակուլտետների ուսանողներին՝ համարձակ գաղափարները վերածելով արվեստի:
Հոբելյանական օրվա առթիվ կենտրոնի սաները պատրաստել են տոնական հատուկ ծրագիր՝ մշակութային տարբեր խմբերի մասնակցությամբ: Իսկ թե ինչ ճանապարհ է անցել կենտրոնը, և ինչպիսին է նրա ապագայի տեսլականը, զրուցել ենք կենտրոնի տնօրեն Սարգիս Հովսեփյանի հետ:
Գլխավոր ուղերձը՝ բաց հարթակ սեփական գաղափարների համար
Սարգիս Հովսեփյանի խոսքով՝ 20-ամյա հոբելյանի գլխավոր ուղերձն ուղղված է համալսարանական ողջ հանրույթին: Կենտրոնը ոչ միայն գործում ու զարգանում է, այլև իր դռները լայն բացում է ինչպես ուսանողների, այնպես էլ աշխատակիցների առաջ:
«Մենք խրախուսում ենք նոր նախաձեռնությունները: Ուզում ենք, որ մարդիկ չսահմանափակվեն միայն նրանով, ինչ արդեն կա կենտրոնում, այլ գան սեփական գաղափարներով: Կենտրոնը պատրաստ է ստեղծելու հնարավորություններ՝ տրամադրելու տարածք, ժամանակ և տեխնիկական միջոցներ»,- նշում է Սարգիս Հովսեփյանը:
Կենտրոնի 4 հիմնական ստեղծագործական ուղղությունները
Այսօր կենտրոնի տարբեր խմբերում ներգրավված է շուրջ 70 ուսանող: Հետաքրքրական է, որ արվեստի շուրջ համախմբված երիտասարդների ֆակուլտետային աշխարհագրությունը բազմազան է՝ հումանիտարից մինչև ճշգրիտ գիտություններ: Օրինակ՝ կենտրոնի բենդում և երգչախմբում սիրով հանդես են գալիս նույնիսկ ապագա ֆիզիկոսներ:
Սարգիս Հովսեփյանի խոսքով՝ կենտրոնում ակտիվ գործում են հետևյալ խմբերը՝ աղջիկների պարային համույթ, որի այցեքարտը հայկական ազգային պարերն են, ինչը, սակայն, չի խանգարում համույթին անդրադառնալու նաև այլ ժողովուրդների մշակույթներին ու ժամանակակից պարային ուղղություններին, երգչախումբ, որը երգում է ԵՊՀ և ՀՀ օրհներգերը պաշտոնական միջոցառումներին, ինչպես նաև ունի առանձին երգացանկ, «YSU Band»-ը, որը կատարում է ժամանակակից երաժշտություն և թարմ շունչ հաղորդում համալսարանական առօրյային, նոր թատերախումբ, որն արդեն հասցրել է բեմադրել իր առաջին ներկայացումը և այժմ ակտիվորեն աշխատում է երկրորդի ուղղությամբ:
Թևեր՝ դեպի մեծ բեմեր
Բուհական մշակութային օջախների ամենամեծ առանձնահատկությունը սերնդափոխության արագ տեմպն է: Սարգիս Հովսեփյանի ձևակերպմամբ՝ սա կենտրոնի «ճակատագիրն» է, որն իր հետ բերում է անդադար հոսունություն, բայց միևնույն ժամանակ՝ նոր տաղանդների բացահայտման բերկրանք։
«Մեր խմբերը սիրողական խմբեր են, որտեղ ուսանողները փորձում են ինքնադրսևորվել: Բայց ունենք դեպքեր, երբ սաները, սկսելով այստեղից, հետագայում ստեղծում են իրենց մասնագիտական ուղին հենց արվեստի ոլորտում»,- ընդգծում է կենտրոնի տնօրենը:
Բացի ներհամալսարանական կյանքից՝ կենտրոնն ակտիվորեն ընդլայնում է նաև իր աշխարհագրությունը:
«Արդեն երկրորդ տարին է՝ համագործակցում ենք Վրաստանի հայ համայնքի հետ և մասնակցում «Սայաթ-Նովա» փառատոնին՝ ներկայացնելով հայկական մշակույթը: Մշտական և պարբերական է Վրաստանի հետ կապը, սակայն մտադիր ենք ընդլայնել աշխարհագրությունը՝ սերտ համագործակցելով նաև այլ երկրների հետ»,- ասում է կենտրոնի տնօրենն ու մատնանշում, որ մշակույթի կենտրոնում տարվա մեջ մի քանի անգամ համերգներով են հանդես գալիս տարբեր երկրներից ժամանած խմբեր, ինչպես նաև կազմակերպվում են ՀՀ-ում գործող մի շարք դեսպանատների միջոցառումները:
Սթորիթելինգ, կինոակումբ և փառատոներ. մշակույթի կենտրոնի ռազմավարական ուղղությունները
ԵՊՀ մշակույթի կենտրոնում ուսանողներին սովորեցնում են ոչ միայն բեմական խոսք կամ երաժշտական հմտություններ, այլև ամենակարևորը՝ լինել ազատ, համարձակ և չվախենալ նոր բան փորձելուց: Իսկ դեպի ապագա նայող ռազմավարությունը խոստանում է է՛լ ավելի հետաքրքիր նախագծեր:
«Պատրաստվում ենք ստեղծելու կինոակումբ, որտեղ կկազմակերպվեն ֆիլմերի դիտումներ և քննարկումներ ոլորտի մասնագետների հետ: Նաև ինքս ուզում եմ խումբ կազմել՝ սթորիթելինգի (storytelling) և տեքստի հետ աշխատանքի հմտություններ փոխանցելու համար: Մեր ռազմավարական նպատակն է փոխել այն ընկալումը, թե կենտրոնը միայն պատրաստի առաջարկներ տվող է: Մենք ուզում ենք լինել հարթակ ուսանողական նախաձեռնությունների համար: Նաև մտադիր ենք կազմակերպել համահայկական ուսանողական փառատոներ, որտեղ ԵՊՀ-ն կլինի առաջատար և կունենա առաջնային ազդեցություն»,- շեշտում է Սարգիս Հովսեփյանը:


