- Главная
- Node
- ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը տոնեց հոբելյանական 20-ամյակը
Июня 12, 2026 | 16:51
Միջոցառումներ
Մշակույթ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը տոնեց հոբելյանական 20-ամյակը
Հայաստանի անկախության տարիներին մայր բուհի մշակութային կյանքը նոր վերելք ապրեց, երբ 2006 թվականի հունիսի 6-ին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ստեղծվեց ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը։ Կառույցի հիմնական առաքելությունը դարձավ համալսարանականների մշակութային կյանքի կազմակերպումը, ինչպես նաև շնորհալի ուսանողների համար ինքնադրսևորվելու հարթակ ստեղծելը:
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նա ընդգծեց, որ ԵՊՀ մշակույթի կենտրոնը «յուրօրինակ շունչ է հաղորդում» համալսարանին:
«Այս տարիների ընթացքում կենտրոնի աջակցությամբ և հենց այստեղ անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ դեսպանատների հետ համագործակցությամբ կազմակերպվող միջոցառումներից մինչև թատերական ներկայացումներ ու համերգներ: Հատկապես վերջին տարիներին կենտրոնն իր գործունեությամբ նոր թափ է ստացել՝ համալսարանի մշակութային կյանքը բերելով նոր մակարդակի»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ անհրաժեշտ է շարունակել կենտրոնը պահել որպես «փոխակերպվող կենդանի օրգանիզմ»՝ միավորելով տարբեր սերունդների:
Պրոռեկտորը նաև արժևորեց կենտրոնի նախկին ղեկավար Կարինե Դավթյանի և ներկայիս տնօրեն Սարգիս Հովսեփյանի գործունեությունն ու դերակատարումը կենտրոնի զարգացման գործում։
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Սարգիս Հովսեփյանը շեշտեց արվեստի կարևորությունը անձի ձևավորման հարցում: Նրա համոզմամբ՝ այն մարդը, որը հնարավորություն ունի դրսևորվելու արվեստում ու մշակույթում, դառնում է ավելի երջանիկ և բարի: Տնօրենը նաև կոչ արեց ուսանողներին ու դասախոսներին հանդես գալու նոր առաջարկներով՝ կենտրոնի գործունեությունն ավելի բազմազան դարձնելու համար:
Հոբելյանական երեկոն հարուստ էր մշակութային կատարումներով։
«Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները ներկայացրին բեմադրություն՝ Ավետիք Իսահակյանի «Ծառա Սիմոնը» ստեղծագործության հիման վրա (գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Եղիազարյան):
Աղջիկների պարային համույթը հանդես եկավ Սայաթ-Նովայի «Քամանչա» ստեղծագործության հնչյունների ներքո բեմադրված պարային համարով (գեղարվեստական ղեկավար՝ Անի Հարոյան):
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը հանդես եկավ Սայաթ-Նովայի երգերի շարքով, ինչպես նաև կատարեց Ջո Դասենի հանրահայտ «Champs-Élysées» ստեղծագործությունը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան, գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան):
Երեկոն եզրափակվեց «YSU Band»-ի աշխույժ ու ժամանակակից ռիթմերով և երաժշտական կատարումներով (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Հակոբյան):
Միջոցառման ավարտին Կարինե Դավթյանը համոզմունք հայտնեց, որ կենտրոնի գործունեությունը համալսարանի կյանքում հարատև է լինելու:
Հոբելյանական միջոցառումը ևս մեկ անգամ փաստեց, որ 20-ամյա պատմություն ունեցող Մշակույթի կենտրոնը համալսարանական համայնքը համախմբող ամուր օղակ է:












