- Главная
- Node
- «Արժեքների կրթության խթանումը բարձրագույն ուսումնական հաստատություններում»․ ԵՊՀ-ում անցկացվեց «VAKE» մեթոդաբանությանը նվիրված վերապատրաստման դասընթաց
Июня 15, 2026 | 14:26
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
«Արժեքների կրթության խթանումը բարձրագույն ուսումնական հաստատություններում»․ ԵՊՀ-ում անցկացվեց «VAKE» մեթոդաբանությանը նվիրված վերապատրաստման դասընթաց
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Մարինե Յաղուբյանը պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացրեց «Արժեքների կրթության խթանումը բարձրագույն ուսումնական հաստատություններում» թեմայով վերապատրաստման երկօրյա դասընթաց, որին մասնակցեց ֆակուլտետի 38 դասախոս։
Դասընթացի առանցքում էր «VAKE» (Values and Knowledge Education՝ արժեքների և գիտելիքի կրթություն) մեթոդաբանությունը, որը միավորում է գիտելիքի ձեռքբերումը և արժեքային կրթությունը՝ նպաստելով ուսանողների քննադատական մտածողության, բարոյական դատողությունների և հիմնավորված որոշումներ կայացնելու կարողությունների զարգացմանը։
Վերապատրաստման ընթացքում Մարինե Յաղուբյանը ներկայացրեց ժամանակակից կրթական միջավայրում «VAKE» մոդելի տեսական հիմքերը, դրա ձևավորման սկզբունքները և բարձրագույն կրթության ոլորտում կիրառման հնարավորությունները։ Նա անդրադարձավ մեթոդաբանության հիմնական գաղափարներին՝ ընդգծելով, որ կրթությունը պետք է ոչ միայն գիտելիք փոխանցի, այլև նպաստի անձի արժեքային համակարգի ձևավորմանը, սոցիալական պատասխանատվության և քաղաքացիական գիտակցության զարգացմանը։
Դասընթացի մասնակիցները ծանոթացան «VAKE» մեթոդի փուլերին և գործնական կիրառման քայլաշարին։ Մասնավորապես, ներկայացվեցին «դիլեմայի պատմությունների» կիրառման առանձնահատկությունները, որոնց միջոցով ուսանողները բախվում են իրական կամ պայմանական բարոյական խնդիրների և ներգրավվում քննարկումների մեջ։ Այնուհետև նրանք հավաքագրում և վերլուծում են անհրաժեշտ տեղեկությունը, համադրում տարբեր տեսակետներ, ձևավորում փաստարկված դիրքորոշումներ և ներկայացնում իրենց եզրակացությունները։
Վերապատրաստման կարևոր բաղադրիչներից էր քննադատական մտածողության զարգացման և բարոյական կողմնորոշման դերի քննարկումը գիտական փաստերի յուրացման գործընթացում։ Շեշտադրվեց, որ ժամանակակից բարձրագույն կրթության պայմաններում ուսանողը պետք է կարողանա ոչ միայն տիրապետել մասնագիտական գիտելիքներին, այլև գնահատել դրանց սոցիալական, մշակութային և էթիկական հետևանքները։
Դասընթացի շրջանակում ներկայացվեցին նաև տարբեր առարկաների դասավանդման փորձից վերցված օրինակներ, որոնց միջոցով ցուցադրվեց, թե ինչպես կարելի է «VAKE» մեթոդաբանությունը ներդնել ուսումնական գործընթացում՝ խթանելով ուսանողների ակտիվ մասնակցությունը, համագործակցային ուսուցումը և հիմնավորված քննարկումների մշակույթը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան գործնական առաջադրանքների և խմբային քննարկումների միջոցով մշակելու սեփական դասընթացներում մեթոդի կիրառման տարբերակներ։
Վերապատրաստման ավարտին մասնակիցները նշեցին, որ ներկայացված մոտեցումները կարող են արդյունավետ գործիք լինել ոչ միայն ուսանողների գիտելիքների խորացման, այլև նրանց արժեքային, քաղաքացիական և մասնագիտական կարողությունների զարգացման համար։ Դասընթացը կարևոր քայլ էր կրթության որակի բարձրացման և արժեքահենք ուսուցման սկզբունքների տարածման ուղղությամբ՝ նպաստելով համալսարանական կրթության ժամանակակից պահանջներին համապատասխան միջավայրի ձևավորմանը։