Սույն թվականի հունիսի 30-ին Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ՀՀ ազգային անվտանգության հետազոտությունների և կանխատեսումների բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ «Դաշնակցային քաղաքականության վերաիմաստավորման հիմնախնդիրները ազգային անվտանգության համատեքստում» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին ոլորտի փորձագետներ, ԵՊՀ ՀՀԻ տարբեր ստորաբաժանումների գիտաշխատողներ, ինչպես նաև ուսանողներ ԵՊՀ-ից և այլ գիտակրթական հաստատություններից:
Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ Վահրամ Պետրոսյանը և միջոցառման մոդերատոր, ՀՀ ազգային անվտանգության հետազոտությունների և կանխատեսումների բաժնի վարիչ Նարեկ Գրիգորյանը։
Քննարկման ընթացքում զեկուցումներով հանդես եկան ՀՀԻ գիտաշխատողներ և հրավիրյալ բանախոսներ։ Առանձնահատուկ հետաքրքրությամբ լսվեցին ՀՀ ԳԱԱ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանի, ՀՀ ազգային անվտանգության հետազոտությունների և կանխատեսումների բաժնի աշխատակից, գնդապետ, ռազմագիտության թեկնածու, դոցենտ Ավագ Բաղդանյանի, ՀՀ ազգային անվտանգության հետազոտությունների և կանխատեսումների բաժնի աշխատակից, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Բաղդասարյանի զեկույցները: «Հայաստանի Հանրապետության արդյունավետ արտաքին քաղաքականության իրականացման տեսական և կիրառական գործիքները արդի միջազգային հարաբերությունների փոխակերպումների համատեքստում» թեմայով բանախոսության շրջանակում Հրաչյա Թաշչյանը ներկայացրեց ռազմաքաղաքական և տնտեսական ակտորների գրավիտացիոն դաշտում տեղ գտնող փոխակերպումների ու տարածաշրջանային տեկտոնիկ տեղաշարժերի համատեքստում Հայաստանի Հանրապետության առջև առկա հնարավորություններն ու ծագող ռիսկերը և մարտահրավերները:
Գնդապետ Ավագ Բաղդանյանն իր զեկույցի շրջանակում անդրադարձավ դաշնակցային քաղաքականության վերաիմաստավորման հիմնախնդիրներին՝ դրանք դիտարկելով Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման համատեքստում։ Բանախոսը կարևորեց ոչ միայն և ոչ այնքան տարածաշրջանային և արտատարածաշրջանային դաշնակիցների, որքան անվտանգային ողջ ճարտարապետության դիտարկման անհրաժեշտությունը: Ընդգծվեց նաև, որ դաշինքները պետք է գնահատվեն ոչ թե քաղաքական հայտարարությունների, այլ կոնկրետ անվտանգային ու ռազմաքաղաքական խնդիրների լուծման տեսանկյուններից: ՀՀ ազգային անվտանգության հետազոտությունների և կանխատեսումների բաժնի աշխատակից, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Բաղդասարյանն իր «Դաշինքային քաղաքականության հոգեբանական առանձնահատկությունները, սպառնալիքների ընկալման կոգնիտիվ մոդելները և կոլեկտիվ ինքնությունը» զեկույցում դիտարկեց հոգեբանական վախերի և սպառնալիքի ընկալման մի շարք կոգնիտիվ մոդելներ: Դիտարկվեց նաև դաշինքների կայունություն - ընկալումների միասնականություն կապն ու փոխկախվածությունը:
Զեկույցներին հաջորդած ակտիվ մասնագիտական քննարկման ընթացքում բանախոսներն ու քննարկման մասնակիցները (ՀՀԻ ՀՀ-ՉԺՀ, ՀՀ-Հնդկաստան հարաբերությունների և ռազմավարական համագործակցության բաժնի ղեկավար՝ Նելլի Մինասյան, ՀՀԻ ռազմավարական խաղերի, սցենարային վերլուծությունների և մոդելավորման խմբի ղեկավար՝ Սառա Մկրտչյան, ՀՀԻ հայ-ռուսական հարաբերությունների հետազոտական բաժնի ղեկավար՝ Աշոտ Ենգոյան, ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի ղեկավար՝ Աշոտ Հայրունի, Բ. Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության հետազոտական լաբորատորիայի ղեկավար՝ Վարդան Մխիթարյան, ՀՀԻ ՀՀ-արաբական պետություններ, ՀՀ-Իսրայել հարաբերությունների հետազոտական խմբի ղեկավար՝ Մուշեղ Ղահրիյան) ներկայացրին իրենց մասնագիտական դիտարկումները, գնահատականներն ու փորձագիտական առաջարկությունները։
Ամփոփելով կլոր-սեղան քննարկումը՝ ՀՀԻ տնօրեն Վահրամ Պետրոսյանն ընդգծեց, որ ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը առանձնահատուկ կարևորում է նմանատիպ ձևաչափերով գիտահետազոտական միջոցառումների անցկացումը՝ որպես մասնագիտական երկխոսության, գիտական համագործակցության և հետազոտական արդյունքների հանրայնացման արդյունավետ հարթակ։




