- Главная
- Node
- Երիտասարդ իրավաբանները ճանաչողական այցով եղել են Գերմանիայի բուհերում և իրավակիրառ հաստատություններում. միջազգային փորձի ուսումնասիրություն
Июля 16, 2026 | 12:43
Երիտասարդ իրավաբանները ճանաչողական այցով եղել են Գերմանիայի բուհերում և իրավակիրառ հաստատություններում. միջազգային փորձի ուսումնասիրություն
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության շրջանակում երիտասարդ հայ իրավաբանների համար կազմակերպվել է ճանաչողական այց Գերմանիա։ Ծրագրի մասնակիցները ծանոթացել են Գերմանիայի արդարադատության համակարգի գործունեությանը, այցելել առաջատար բուհեր, գիտահետազոտական և իրավակիրառ հաստատություններ, ինչպես նաև մասնակցել մասնագիտական հանդիպումների և քննարկումների։
Մասնագիտական գիտելիքների ընդլայնում և միջազգային փորձ
Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և IRZ-ի համագործակցությամբ անցկացված դատախաղերին մասնակցած երիտասարդ իրավաբաններ՝ ներկայացուցիչներ ԵՊՀ-ից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Շիրակի պետական և Վանաձորի պետական համալսարաններից։
Ծրագրի նպատակն էր մասնակիցներին հնարավորություն ընձեռել անմիջականորեն ծանոթանալու Գերմանիայի արդարադատության համակարգի, իրավակիրառ մարմինների և գիտահետազոտական հաստատությունների գործունեությանը, ընդլայնելու մասնագիտական գիտելիքներն ու միջազգային փորձը, ինչպես նաև ձևավորելու ոլորտի վերաբերյալ համեմատական պատկերացումներ։
Ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելել են Դյուսելդորֆի երկրամասային դատարան, որտեղ նրանց համար դասախոսությամբ հանդես է եկել դատարանի նախագահող դատավոր, դոկտոր Վերա Դրեսը։ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի արդարադատության նախարարությունում մասնակիցները ծանոթացել են Գերմանիայում բարձրագույն իրավաբանական կրթության առանձնահատկություններին․ թեմայի շուրջ զեկույցներով հանդես են եկել նախարարության ավագ խորհրդական, դոկտոր Քրիստիան Ռայթեմայերը և խորհրդական Շտեֆան Հակերտը։
Մասնակիցներն այցելել են նաև Դյուսելդորֆի դատախազություն, որտեղ դատախազ Ռադբոդ Ռադը ներկայացրել է Գերմանիայի դատախազության կառուցվածքն ու գործառույթները, իսկ Դյուսելդորֆի ոստիկանություն կատարած այցի ընթացքում նրանք ծանոթացել են ոստիկանության աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններին։
Իրավակիրառ հաստատությունների գերմանական փորձը
Ճանաչողական այցի ծրագրում ընդգրկված էին նաև հանդիպումներ Քյոլնի բարձրագույն երկրամասային դատարանում, որտեղ մասնակիցներին ընդունել և բանախոսություն են ներկայացրել դատարանի փոխնախագահ Սուզաննե Վերներուսը և նախագահող դատավոր Միրիամ Մյուլերը: Քյոլնի գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ծրագրի մասնակիցները լսել են դատախազների խորհրդի նախագահ Ուլրիխ Կլոյզերի բանախոսությունը: Կազմակերպվել են նաև հանդիպումներ Քյոլնի երկրամասային դատարանում, Ռայնբախի քրեակատարողական հիմնարկում և Պրոբացիայի և դատական աջակցության ծառայության Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Հայդելբերգի մասնաճյուղում։
Ակադեմիական ոլորտի առանձնահատկությունների ուսումնասիրություն. տեսական գիտելիքների գործնական ամրապնդում
Ծրագրի կարևոր բաղադրիչներից էին նաև ակադեմիական ոլորտի հանդիպումները։ Մասնակիցներն այցելել են Մաքս Պլանկի անվան արտասահմանյան հանրային և միջազգային իրավունքի ինստիտուտ (MPI), որտեղ դասախոսությամբ հանդես է եկել դոկտոր Մաթիաս Հարթվիգը, ինչպես նաև Հայդելբերգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որտեղ նրանց ընդունել և բանախոսություն է ներկայացրել ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Պիքենբրոքը։
Պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կենտրոնական գրասենյակում։ Հանդիպման ընթացքում մասնակիցները զրուցել են հիմնադրամի գործադիր տնօրեն, դոկտոր Շտեֆան Հյուլզհյորստերի և հիմնադրամի այլ ներկայացուցիչների հետ։ Դոկտոր, պրոֆեսոր Բիժան Նովրուզիանը ներկայացրել է կիրառական գիտությունների ուսումնական հաստատությունների կառուցվածքի և գործունեության առանձնահատկությունները։
Համագործակցության շարունակականությունը՝ տեսլականում
Մասնակիցների հավաստմամբ՝ նմանօրինակ ճանաչողական ծրագրերը նպաստում են երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, տեսական գիտելիքների գործնական ամրապնդմանը, միջազգային փորձի ուսումնասիրմանը և միջազգային մասնագիտական համագործակցության ընդլայնմանը։
Ծրագրի պատասխանատուները փաստեցին, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) միջև ձևավորված համագործակցությունը կլինի շարունակական՝ նպաստելով իրավաբանական կրթության որակի բարձրացմանը, միջազգային փորձի փոխանակմանը և երիտասարդ իրավաբանների մասնագիտական զարգացմանը։