- Главная
- Node
- Միջազգային փորձ, մասնագիտական աճ և համագործակցության հեռանկարներ. ԵՊՀ ուսանողները Եկատերինբուրգից վերադարձել են նոր փորձառությամբ
Июля 21, 2026 | 15:38
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
Միջազգային փորձ, մասնագիտական աճ և համագործակցության հեռանկարներ. ԵՊՀ ուսանողները Եկատերինբուրգից վերադարձել են նոր փորձառությամբ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Ուրալի պետական իրավաբանական համալսարանի իրավաբանական կլինիկաների միջև ձևավորված համագործակցության շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ մասնակցել են ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող «Ամառային համալսարան» ամենամյա միջազգային ծրագրին՝ ծանոթանալով իրավական համակարգի միջազգային փորձին, ընդլայնելով մասնագիտական գիտելիքներն ու բացահայտելով միջմշակութային հաղորդակցության նոր հորիզոններ:
«Ամառային համալսարան» միջազգային կրթական ծրագրին ԵՊՀ-ից մասնակցել են ուսանողներ Էլեոնորա Թումանյանը, Էմի Մուրադյանը և Անաստասիա Հայրապետյանը:
Խթանելով միջազգային համագործակցությունը՝ նպաստել մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը
Միավորելով տարբեր երկրների ուսանողների՝ ծրագիրը միտված էր կատարելագործելու մասնակիցների մասնագիտական գիտելիքները, խթանելու միջազգային համագործակցությունը և ընդլայնելու միջմշակութային փորձը։ Ուսանողները մասնակցել են թեմատիկ դասախոսությունների, գործնական քննարկումների և իրավիճակների վերլուծությունների՝ նվիրված իրավունքի տարբեր ճյուղերին, միջազգային իրավունքի արդի զարգացումներին, թվային տեխնոլոգիաների իրավական կարգավորմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև ժամանակակից իրավական մարտահրավերներին։
«Ամառային համալսարան»-ի շրջանակում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու տարբեր երկրների իրավական համակարգերի առանձնահատկություններին, համեմատելու իրավական կարգավորումները, ինչպես նաև քննարկելու միջազգային փորձը ոլորտի մասնագետների և օտարերկրյա ուսանողների հետ: Բացի դրանից՝ իրավաբան ուսանողների համար կազմակերպվել են նաև ճանաչողական և մասնագիտական այցեր Ուրալի պետական իրավաբանական համալսարան, որտեղ նրանք ծանոթացել են բուհի կրթական միջավայրին և իրավաբանական կրթության առանձնահատկություններին, այցելել Սվերդլովսկի շրջանի օրենսդիր մարմին, Փաստաբանների կոլեգիա և փաստաբանական բյուրոներ՝ տեղում ծանոթանալով նրանց աշխատանքի կազմակերպման ու գործունեության առանձնահատկություններին։
Միջմշակութային հաղորդակցություն և փորձի փոխանակում
Ուսանողների խոսքով՝ ամենաջերմ իրադարձություններից էր ազգային հյուրընկալության երեկոն, որի ընթացքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները ներկայացրել են հայկական մշակույթը, ավանդույթներն ու ազգային խոհանոցը։
Մշակութային բաղադրիչի շրջանակում նրանք այցելել են նաև ՌԴ-ի հայտնի սրբավայրեր, եղել են Եվրոպա-Ասիա աշխարհագրական սահմանագծին, շրջել Եկատերինբուրգում և բացահայտել քաղաքի պատմամշակութային ժառանգությունը։
ԵՊՀ ուսանողների մշակած ծրագիրը, բարձր գնահատականը և համագործակցության հեռանկարը
Կարևորագույն փուլերից էր «ХакАтом» նախագծի իրականացումը, որի ընթացքում տարբեր բուհերի ուսանողներից բաղկացած թիմերը լուծել են գործնական խնդիրներ՝ սկսած ինժեներատեխնիկական առաջադրանքներից մինչև միջուկային տեխնոլոգիաների իրավական կարգավորումը, էթիկա, էկոլոգիա և թվայնացում։ Նախագծի շրջանակում ԵՊՀ ուսանողները հաջողությամբ ներկայացրել են իրենց մշակած ծրագիրը, որն արժանացել է կազմակերպիչների և մասնակիցների բարձր գնահատականին ու հավանությանը։
Ուրախությամբ արձանագրելով այս հաջողված փորձը՝ ֆակուլտետում լիահույս են, որ երկկողմ համագործակցության շրջանակում ապագայում ևս համատեղ կիրագործվեն բազմաթիվ այլ նախագծեր ու կրթական ծրագրեր։