- Գլխավոր
- Նորություններ
- 30 տարի ԵՊՀ հրատարակչական գործի զարգացման ճանապարհին. Արա Բարխուդարյանը պարգևատրվեց արծաթե մեդալով
Հուլիս 21, 2026 | 11:34
Գիտություն
Ենթակառուցվածքներ
Կրթություն
30 տարի ԵՊՀ հրատարակչական գործի զարգացման ճանապարհին. Արա Բարխուդարյանը պարգևատրվեց արծաթե մեդալով
Գնահատանքի արժանացավ ԵՊՀ հրատարակչության օպերատիվ պոլիգրաֆիական աշխատանքների պատասխանատու Արա Բարխուդարյանի՝ երեք տասնամյակ տևած մասնագիտական ուղին։ Երկարամյա բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական վարպետության և գործունեության 30-ամյակի առթիվ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նրան պարգևատրեց ԵՊՀ արծաթե մեդալով։
Պարգևատրումը խորհրդանշում է երախտագիտություն այն մարդկանց հանդեպ, որոնք տարիներ շարունակ իրենց պատասխանատու և նվիրական աշխատանքով նպաստել են համալսարանի կրթական, գիտական, հրատարակչական և մյուս ոլորտների զարգացմանը։
Շնորհավորելով Արա Բարխուդարյանին՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ համալսարանի ձեռքբերումների հիմքում ոչ միայն գիտական ու կրթական հաջողություններն են, այլև այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ բացառիկ պատասխանատվությամբ ապահովում են համալսարանի ամենօրյա բնականոն աշխատանքը։
«Երեսուն տարվա անընդմեջ ու բարեխիղճ աշխատանքը վկայում է ոչ միայն մասնագիտական բարձր որակների, այլև համալսարանի նկատմամբ նվիրվածության մասին։ Արա Բարխուդարյանի աշխատանքը կարևոր ներդրում է ԵՊՀ հրատարակչական գործունեության կայացման և զարգացման գործում։ Վստահ եմ, որ նրա փորձն ու նվիրումը դեռ երկար կշարունակեն ծառայել համալսարանին»,- ընդգծեց ռեկտորը:
Իր հերթին Արա Բարխուդարյանը երախտագիտություն հայտնեց գնահատանքի և պարգևի համար՝ նշելով, որ այն մեծ պատասխանատվություն և պարտավորեցնող է իր երկարամյա աշխատանքի համար։
«Երեսուն տարվա ընթացքում ԵՊՀ-ն դարձել է իմ կյանքի կարևոր մասը, և այս պարգևն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Այն գնահատանք է անցած ճանապարհի նկատմամբ և միաժամանակ պարտավորեցնող՝ շարունակելու աշխատել նույն պատասխանատվությամբ ու նվիրումով»,- հավելեց Արա Բարխուդարյանը։