- Главная
- Node
- Մեկ կիսամյակ Ենայում․ ինչպես «Էրազմուս+»-ը փոխեց ԵՊՀ ուսանողի կյանքը
Августа 24, 2026 | 12:00
Կրթություն
Ուսանողական
Մեկ կիսամյակ Ենայում․ ինչպես «Էրազմուս+»-ը փոխեց ԵՊՀ ուսանողի կյանքը
«Պատկերացրեք՝ նոր երկիր, նոր քաղաք, որտեղ չունես հասանելիություն համացանցին, չունես հեռախոսահամար, իսկ շուրջբոլորը անծանոթ մարդիկ են, ձեռքերումդ՝ ծանր ճամպրուկներ։ Հենց այդպես սկսվեց իմ գերմանական պատմությունը»,- այսպես է նկարագրում Գերմանիայում իր առաջին օրը ԵՊՀ ուսանող Էլեն Ավագյանը, որը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում մեկ կիսամյակ սովորել է Ֆրիդրիխ Շիլլերի անվան Ենայի համալսարանում։ Սակայն այդ պատմությունը սկսվել էր շատ ավելի վաղ՝ ԵՊՀ լսարաններում։
Երբ համալսարանը դառնում է հնարավորությունների հարթակ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի «Միջմշակութային հաղորդակցություն» կրթական ծրագրի ուսանող Էլեն Ավագյանի համար համալսարանական կյանքը երբեք չի սահմանափակվել միայն դասերով։ Նրա խոսքով՝ ուսանողական տարիները մարդու կյանքի այն շրջանն են, երբ ձևավորվում են ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլև բնավորությունը, մտածողությունն ու աշխարհայացքը։
«Համալսարանը հենց այս բոլոր տարրերի համադրությունն է, որտեղ ուսանողը ոչ միայն մասնագետ է դառնում, այլև ձևավորվում է որպես մարդ»,- նշում է նա։
Բարձր առաջադիմությունը, օտար լեզուների նկատմամբ հետաքրքրությունը, կամավորական աշխատանքներն ու ուսանողական ակտիվ կյանքը ժամանակի ընթացքում նրան բերեցին մի նպատակի՝ սովորել արտերկրում։ Եվ այդ նպատակը շուտով իրականություն դարձավ։
Երբ ամեն ինչ սկսվում է զրոյից
«Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում Գերմանիայի Ենա քաղաքում անցկացրած ամիսները Էլենի համար եղել են ոչ միայն կրթական, այլև անձնական մեծ աճի շրջան։
«Ես ծանոթացա նոր երկրի մշակույթին, տարբեր ազգությունների մարդկանց, ինչպես նաև Գերմանիայում բնակվող հայերի և հայկական համայնքի հետ»,– պատմում է նա, սակայն արտերկրում ուսանելու ամենադժվար հատվածը, ըստ նրա, առաջին օրերն էին։
«Մոտ ութ ժամ ճանապարհ գնալուց հետո հասանք բնակարան, որը լիովին դատարկ էր։ Այդ պահին ես մտածում էի՝ մենք պետք է զրոյից կառուցենք մեր փոքրիկ տունը»,- հիշում է ուսանողը՝ ընդգծելով, որ նոր միջավայրին հարմարվելը հեշտ չէր․ կենցաղային հարցեր, եղանակ, սնունդ, համալսարանական կյանք՝ ամեն ինչ նոր էր։ Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ։
Այդ հարցում հատուկ դեր ունեցավ համալսարանի «Welcome Buddy Program»-ը («Ուսանողական ուղեկցման ծրագիր»), որի շրջանակում օտարերկրյա ուսանողներին աջակցում էին տեղացի ուսանողները։
«Իմ ուղեկից-ընկերը Սոֆին էր։ Նա հետագայում դարձավ նաև իմ լավ ընկերուհին։ Նրա շնորհիվ շատ ավելի հեշտ հաղթահարեցի առաջին դժվարությունները։ Սոֆիի հետ անցկացրած ժամանակը Գերմանիայի իմ ամենաթանկ հիշողություններից մեկն է»,- ասում է Էլենը։
ԵՊՀ ուսանողի համար հետաքրքիր բացահայտում էր նաև կրթության կազմակերպման ձևը։ Ենայի համալսարանում ուսանողներն իրենք էին ընտրում դասընթացներն ու կազմում անհատական դասացուցակը։ Նրա խոսքով՝ դասերն ավելի ինտերակտիվ էին, իսկ դասախոսները մեծ ուշադրություն էին դարձնում քննադատական և վերլուծական մտածողության, ինչպես նաև ինքնուրույն աշխատանք կատարելու հմտությունների զարգացմանը։
«Գերմանիայում դասաժամերն ավելի երկար էին, բայց շաբաթական ավելի քիչ ժամեր կային։ Հետաքրքիր էր նաև այն, որ համալսարանում զանգ գոյություն չուներ, և դասի ավարտին ուսանողները մի քանի անգամ հարվածում էին սեղանին՝ որպես շնորհակալություն դասախոսին և դասի ավարտ։ ԵՊՀ-ում մեծ ուշադրություն է դարձվում դասերին ուսանողների ներկայությանը, և նույնը նկատեցի նաև Գերմանիայում․ այնտեղ ևս շատ էին կարևորում պատասխանատվությունն ու կարգապահությունը»,- նշում է ուսանողը։
Գիտելիքից այն կողմ․ ուսանողական կյանքի իրական արժեքը
- Էլե՛ն, թեև դեռ ուսանող եք, արդեն հասցրել եք համատեղել ուսումը, կամավորական գործունեությունը, միջազգային ծրագրերին մասնակցությունն ու ճանապարհորդությունները։ Ինչպե՞ս եք գնահատում համալսարանական կյանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռության կարևորությունը։
- Իմ կարծիքով՝ ուսանողը պետք է և՛ սովորի, և՛ ժամանակ գտնի հանգստի, ընկերների և ինքնազարգացման համար։ Երբեմն դժվար է համատեղել ամեն ինչ, հատկապես քննաշրջանների ընթացքում, բայց ժամանակի ճիշտ կառավարման դեպքում հնարավոր է պահպանել հավասարակշռությունը։
- Ձեր կարծիքով՝ ո՞րն է համալսարանական կյանքի ամենամեծ արժեքը։
- Ինձ համար համալսարանական կյանքի ամենամեծ արժեքը այն փորձառություններն ու փոփոխություններն են, որոնք մարդը ապրում և հաղթահարում է այդ տարիներին։ Համալսարանը սովորեցնում է ոչ միայն մասնագիտություն, այլև կենսակերպ՝ ինչպես շփվել մարդկանց հետ, հարմարվել նոր միջավայրին, հաղթահարել դժվարությունները և ինքնուրույն որոշումներ կայացնել։ Հենց ուսանողական տարիներին ես դարձա ավելի անկախ, պատասխանատու և ինքնավստահ։
- Եթե մեկ նախադասությամբ բնութագրեք Ձեր համալսարանական կյանքը, ինչպիսի՞ն կլինի այն։
- Իմ համալսարանական կյանքը բացահայտումների, աճի և ինքնուրույն դառնալու ճանապարհ է։
- Էլե՛ն, ըստ Ձեզ՝ համալսարանի ընձեռած հնարավորություններից որո՞նք են, որ հաճախ ուսանողները չեն օգտագործում։
- Շատ ուսանողներ լիարժեք չեն օգտվում փոխանակման ծրագրերից, կամավորություններից, միջազգային դասընթացներից և լեզվական հնարավորություններից։ Իրականում համալսարանը շատ դռներ է բացում, պարզապես պետք է ակտիվ լինել և չվախենալ փորձելուց։
- Ի՞նչն է այսօր պակասում համալսարանական կյանքում, որ այն առավել արդյունավետ և ժամանակակից լինի ուսանողների համար։
- Կարծում եմ՝ երբեմն պակասում է ավելի պրակտիկ և ժամանակակից մոտեցումը։ Շատ կարևոր է, որ ուսանողները հնարավորություն ունենան ավելի շատ կիրառական աշխատանքների, միջազգային համագործակցությունների և տեխնոլոգիական ռեսուրսների։
ԵՊՀ-ն ինձ տվել է կրթական ամուր հիմք, զարգացրել լեզվական և հաղորդակցական հմտություններս և հնարավորություն տվել մասնակցելու տարբեր ծրագրերի, որոնցից ամենակարևորներից մեկը «Էրազմուս+»-ն էր։
Էլենի համար կարևոր դեր է ունեցել նաև կամավորական տարբեր ծրագրերին և համալսարանական նախաձեռնություններին մասնակցությունը, որոնք նպաստել են նրա անձնական և մասնագիտական զարգացմանը։
Նա իր հաջողությունը չի չափում միայն «Էրազմուս+» միջազգային ծրագրի մասնակից դառնալով։ Ուսանողը մեծ ձեռքբերում է համարում նաև այն, որ կարողացել է ինքնուրույն հարմարվել նոր երկրին ու միջավայրին, կազմակերպել առօրյան և հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։ Գերմանիայում անցկացրած ամիսները նրան ոչ միայն նոր գիտելիքներ են տվել, այլև օգնել են դառնալու ավելի ինքնավստահ, պատասխանատու և հասուն։
Արտերկրում սովորելու փորձը նաև հնարավորություն է տվել ծանոթանալու տարբեր մշակույթների, շփվելու աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուսանողների հետ և ճանապարհորդելու եվրոպական մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Չեխիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և Հունգարիայում։ Թեև յուրաքանչյուր ճանապարհորդություն երբեմն երկար ու հոգնեցուցիչ էր, նոր երկրներ ու մշակույթներ բացահայտելու հնարավորությունը, ինչպես Էլենն է ասում, անփոխարինելի փորձառություն էր։
Էլենը ցանկանում է կրթությունը շարունակել Հայաստանում․ նա նպատակ ունի դառնալու իր ոլորտի լավագույն մասնագետներից մեկը՝ շարունակաբար զարգացնելով գիտելիքներն ու հմտությունները։