Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտում տեղի ունեցավ «Միկրոբային մետագենոմիկայի և էկոլոգիական մանրէաբանության արդի ձեռքբերումները» («Current Advances in Microbial Metagenomics and Environmental Microbiology») խորագրով համատեղ գիտական սեմինարը:
Միջոցառումը կազմակերպվել էր Մանրէաբանական հայկական ասոցիացիայի, «ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ» ՊՈԱԿ-ի և Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով: Սեմինարի նպատակն էր մեկտեղել հայաստանյան և միջազգային առաջատար գիտնականներին՝ քննարկելու մանրէաբանության, բիոինֆորմատիկայի և կիրառական կենսատեխնոլոգիայի արդի միտումներն ու նորագույն հետազոտությունները:
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Մանրէաբանական հայկական ասոցիացիայի նախագահը, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները: Բանախոսներն ընդգծեցին նմանօրինակ գիտական հարթակների դերը փորձի փոխանակման, երիտասարդ հետազոտողների ներգրավման և գիտական կառույցների միջև կապերի սերտացման գործում։
Սեմինարն անցկացվեց անգլերենով: Երկու հիմնական գիտական նիստերից բաղկացած սեմինարի ընթացքում հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետները ներկայացրին իրենց վերջին հետազոտությունների արդյունքները։
Առաջին գիտական նիստը (նախագահող՝ պրոֆ. Հովիկ Փանոսյան) մեկնարկեց Պրետորիայի համալսարանի (Հարավային Աֆրիկա) պրոֆեսոր Օլեգ Ռևայի հատուկ դասախոսությամբ՝ նվիրված հողի միկրոբիոմի վերականգնմանը: Նիստի շրջանակում զեկուցումներով հանդես եկան նաև Արթուր Համբարձումյանը, Հովիկ Փանոսյանը և Ինգա Բազուկյանը։ Նրանք անդրադարձան բարձր ջերմաստիճանային կոմպոստների մետագենոմային ուսումնասիրություններին, Հայաստանի էքստրեմոֆիլ մանրէների կենսատեխնոլոգիական պոտենցիալին, ինչպես նաև մեղուների աղիքային միկրոբիոմի վրա միջատասպանների ազդեցությանը:
Երկրորդ գիտական նիստը (նախագահող՝ դոկտոր Արթուր Համբարձումյան) ամբողջությամբ նվիրված էր կիրառական կենսատեխնոլոգիաներին և բիոինֆորմատիկական մոդելավորմանը: Զեկուցումներ ներկայացրին Անի Պալոյանը, Արմինե Մարգարյանը, Ռազմիկ Սարգսյանն ու Արմեն Սարգսյանը։ Քննարկված թեմաները ներառում էին տաք աղբյուրներից ֆերմենտների անջատումը, հանքավայրերի տարածքներից կենսավերականգնման (bioremediation) ներուժ (պոտենցիալ) ունեցող մանրէների մեկուսացումը, քարաքոսերի գենոմային ուսումնասիրությունները և համակարգչային մոդելավորմամբ ֆերմենտների հատկությունների փոփոխումը:
Մասնակիցների ուշադրության կենտրոնում էին ժամանակակից կենսաբանության հարակից մի շարք ուղղություններ, մասնավորապես՝
- միկրոբային մետագենոմիկա, էկոլոգիա և էքստրեմոֆիլ կենսաբանություն,
- մոլեկուլային մանրէաբանություն և օմիքս (omics) տեխնոլոգիաներ,
- կենսավերականգնում (Bioremediation) և կիրառական կենսատեխնոլոգիա,
- բիոինֆորմատիկա։
Սեմինարն ավարտվեց ամփոփիչ քննարկմամբ, որի ընթացքում նախանշվեցին հետագա համատեղ գիտական ծրագրերը, միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու նոր նախագծերի մեկնարկը: Ընդմիջումների և ոչ պաշտոնական շփումների ընթացքում մասնակիցները փոխանակեցին բազմաթիվ գաղափարներ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նմանատիպ միջոցառումների կարևորությունը հայկական գիտական միտքը միջազգային հարթակներում ինտեգրելու գործում:









