Ս.թ. դեկտեմբերի 4-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տնտեսագիտություն» և «Կառավարում» կրթական ծրագրերի երրորդ կուրսի ուսանողների համար «Միկրոէկոնոմիկա» դասընթացի շրջանակում ֆակուլտետի նախաձեռնությամբ անցկացվեց «Անբարեխիղճ մրցակցության և գերիշխող դիրքի չարաշահման խնդիրների շուրջ» թեմայով դասախոսություն:
Բանախոսները ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության պետ Արեգ Հովհաննիսյանն ու Հանձնաժողովի համակենտրոնացումների, պետական օժանդակության գնահատման և շուկաների վերլուծության վարչության պետ Աննա Պետրոսյանն էին:
Դասախոսության շրջանակում բանախոսներն ուսանողներին ներկայացրին անբարեխիղճ մրցակցությանը վերաբերող մասնագիտական տեղեկություններ, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև գործարարների շրջանում տնտեսական մրցակցության խթանման հնարավորությունները:
Դասախոսության նպատակներն էին խորացնել և ամրապնդել ուսանողների տեսական գիտելիքները, ծանոթացնել դիտարկվող հիմնախնդիրների վերաբերյալ ՀՀ զարգացումներին, կարգավորումների մշակման կառուցակարգերին և կատարողական առանձնահատկություններին:
Ժամանակակից աշխատաշուկան բանիմաց, որակյալ և մրցունակ կադրերով համալրելու նպատակով ֆակուլտետում կարևորվում է նմանօրինակ դասախոսությունների անցկացումը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին տեսական գիտելիքներից բացի ձեռք բերելու նաև գործնական գիտելիքներ և հմտություններ: