Ս.թ. դեկտեմբերի 19-ին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ անցկացրին «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության հիմնական գործառույթները» թեմայով հանդիպում։
Հանդիպման բանախոսներն էին ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության պետ Կարեն Ալավերդյանը և նույն վարչության ֆինանսական հաշվետվությունների մշտադիտարկման և աուդիտի կարգավորման բաժնի պետ Գոռ Քոչարյանը։ Բանախոսներն ուսանողներին ներկայացրին ՀՀ ֆինանսների նախարարության, մասնավորապես՝ Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչության նպատակները, աշխատանքային գործառույթները, առանձնահատկությունները, մասնագիտական աճի ու կարիերայի հնարավորությունները:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարարության հետ գործակցությանը, շեշտեց, որ այն ավելի է ամրապնդվել ԵՊՀ-ի և նախարարության միջև նախորդ տարի կնքված հուշագրի շնորհիվ, որը տարբեր ուղղություններով ակտիվորեն համագործակցելու հեռանկարներ է ստեղծել:
«Ոլորտի մասնագետ գործընկերների հետ մշակեցինք 2023-2024 ուստարվա գործողությունների պլան, որը ներառում է նախարարության ստորաբաժանումների ու ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների փոխայցելություններ, հանդիպումներ ուսանողների հետ, ԵՊՀ դասախոսների հետ համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու հնարավորություններ, ուսումնական պրակտիկայի կազմակերպում նախարարությունում, Արցախից բռնի տեղահանված ուսանողների հետազոտական աշխատանքների խթանում, մասնագիտական քննարկումներ և այլն»,- ասաց Կարինե Նազարյանը:
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանն ընդգծեց, որ ֆակուլտետը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում պետական և մասնավոր ոլորտների գործատուների հետ կապի ամրապնդմանը:
«Մեր համոզմամբ՝ անհնար է ապահովել որակյալ կրթություն բացառապես ակադեմիական եղանակներով, անհրաժեշտ է ակադեմիական-հետազոտական-պրակտիկ բաղադրիչների համակցություն, և հենց այդ պրակտիկ բաղադրիչն ուժեղացնելու նպատակով է, որ պարբերաբար անցկացնում ենք նմանատիպ միջոցառումներ: Այսկերպ ուսանողները հնարավորություն են ունենում հարցեր ուղղելու, անմիջաբար շփվելու նախարարության ստորաբաժանումների մասնագետների հետ, որոնք ներկայացնում են իրենց փորձառությունը, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, տեղի ունեցող կարգավորումները և զարգացումները»,- նշեց ֆակուլտետի դեկանը:
ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, ողջունելով ուսանողներին, ընդգծեց, որ իրենց ուսանողական տարիներին գործատուների հետ հանդիպելու նման հնարավորություններ գրեթե չկային: Նախարարության գլխավոր քարտուղարը հույս հայտնեց՝ ամրապնդելու գործակցային կապերը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի հետ և հետագայում ընդլայնելու համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակը:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Ֆինանսներ» և «Կառավարում» կրթական ծրագրերի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և նախարարության ներկայացուցիչներ: