Կյանքի 76 տարում իր մահկանացուն է կնքել անվանի տնտեսագետ, հասարակական֊քաղաքական գործիչ, Երևանի պետական համալսարանի երկարամյա դասախոս, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, ֆինանսահաշվային ամբիոնի նախկին վարիչ (2003–2007), տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲԱԲԿԵՆԻ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ։
Վարդան Բաբկենի Բոստանջյանը ծնվել է 1949 թ. սեպտեմբերի 9-ին Երեւանում։
1966 թ. ավարտել է թիվ 3 միջնակարգ դպրոցը, 1971 թ.՝ ԵրՊԻ տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1977 թ.՝ ասպիրանտուրան: 1979 թ. պաշտպանել է թեկնածուական, 1993 թ.՝ դոկտորական ատենախոսությունը:
1971-1974 թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ ինժեներ: 1978-1993 թթ. եղել է Հայաստանի պետպլանի տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ, ապա՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն: 1990-1994 թթ․ և 1994-1998 թթ. եղել է Երեւանի խորհրդային շրջանի շրջխորհրդի պատգամավոր: 1993-1999 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի աշխատակազմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ, ապա՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վերլուծության վարչության պետ։ 1994-1996 թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի վարչության անդամ։ 1999-2003, 2007-2012 և 2017-2018 թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: 1998-2000 թթ.՝ ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարության կոլեգիայի անդամ:
Պրոֆեսորի վաստակը նշանակալի է երկրի տնտեսական քաղաքականության, պետական կառավարման և օրենսդրական դաշտի ձևավորման գործում և մշտապես կմնա մեր երկրի զարգացման պատմության մեջ։
2001 - 2002 թթ. աշխատել է ՀՀ տարաբնակեցման սխեմայի մշակման ծրագրի խորհրդատու, 2001-2003 թթ.՝ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի տնտեսագիտական խմբի ղեկավար: 2004 – 2006 և 2007 - 2020 թթ. եղել է Երևան քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգի մշակման խմբի ղեկավարը, իսկ 2005 - 2006 թթ․ ՀՀ-ում հողերի խոշորացման ծրագրի մշակման խմբի ղեկավար: 2017-2018 թթ.՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Հեղինակ և համահեղինակ է ավելի քան 80 օրենսդրական նախաձեռնությունների։
Պրոֆեսոր Բոստանջյանն ավելի քան չորս տասնամյակ գիտամանկավարժական գործունեություն է ծավալել հանրապետության տարբեր բուհերում: Պրոֆեսորի մանկավարժական ուղին Երևանի պետական համալսարանում սկսվել է 2003 թվականից, երբ նա համալսարան է հրավիրվել որպես Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ։ 2003–2007 թվականներին ղեկավարել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնը՝ նպաստելով գիտական և ուսումնական բարեփոխումների ներդրմանը։ 2012 թվականից ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի պրոֆեսոր է: 2004–2025 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող 015 տնտեսագիտության մասնագիտական խորհրդի անդամ։

Հեղինակ է ավելի քան 300 գիտական հրապարակումների: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է շուրջ 90 թեկնածուական և դոկտորական ատենախոսություն։ 2020 թվականին ընտրվել է «Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:
ԵՊՀ-ում ծավալած գիտամանկավարժական բեղուն գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով (2024 թ.), որը Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հանձնել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Վարդան Բոստանջյանը պարգեւատրվել է նաև ՀՀ երախտագիտության մեդալով (2017 թ., ՀՀ), «Ինժեներական փառք» շքանշանով (2014 թ., ՌԴ), Սեւծովյան երկրների տնտեսական համագործակցության ԽՎ արծաթե մեդալով (2013 թ.): Արժանացել է Համամիութենական մրցանակաբաշխության դափնեկրի կոչման (1980 թ.):
Պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը նշանակալի ավանդ է ունեցել ՀՀ տնտեսական քաղաքականության ձևավորման, կայացման և զարգացման գործում։ Որպես պատգամավոր հեղինակել է մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, նրա ղեկավարությամբ մշակվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր ծրագրեր: Նրա գիտամանկավարժական երկարամյա գործունեությունը կարևոր դեր է ունեցել տնտեսագետների նոր սերունդների կերտման գործում։
Վարդան Բոստանջյանի՝ ԵՊՀ գիտակրթական կյանքում ունեցած անուրանալի վաստակն ու ներդրումը՝ որպես ժառանգություն, ընդմիշտ կմնա Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պատմության մեջ։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ղեկավարությունը իր խորին ցավակցությունն է հայտնում պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և Հայաստանի կրթական ու գիտական համայնքին։
Նրա հիշատակը միշտ վառ կմնա որպես գիտնական, մանկավարժ և բացառիկ անհատ: