ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում ս.թ. փետրվարի 13-ին տեղի ունեցավ Տյառնընդառաջի տոնակատարություն՝ կազմակերպված ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի և սոցիոլոգիայի ֆակուլտետների ՈՒԽ մշակույթի հանձնաժողովների նախաձեռնությամբ:
Միջոցառումն ազդարարվեց քահանայի օրհնությամբ և տերունական աղոթքով, որոնց հաջորդեցին շուրջպարն ու ազգային երգերի կատարումները:
Ավանդույթի համաձայն՝ վառվեց Տյառնընդառաջի խարույկը, որի շուրջ էլ համախմբվեցին ուսանողները: Հետայդու ներկաները վայելեցին տոնի խորհրդանիշ աղանձն ու քաղցրավենիքը՝ ամբողջացնելով տոնական կոլորիտը:
ՏՈՆ ՔԱՌԱՍՆՕՐՅԱ ԳԱԼՍՏԵԱՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ Ի ՏԱՃԱՐՆ
Տյառնընդառաջը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու անշարժ տոներից է: Հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը նշվում է փետրվարի 13-14-ին՝ Սուրբ ծնունդից 40 օր հետո: Ըստ ավանդության՝ տոնի անվանումը՝ «Ելանել ընդ առաջ Տեառն», առաջացել է, երբ Սիմոն անունով ծերունին ընդառաջ է ելել մանուկ Հիսուսին:
Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեի երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակ է կատարվում՝ ավետելով Տերունի տոնի սկիզբը։ Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ: Երիտասարդներին՝ նախ նորապսակներին ու նշանվածներին է վերապահված եկեղեցու բակում խարույկն առաջինը վառելու իրավունքը: Ի դեպ, հնում խարույկի վրայով ցատկելու իրավունք ունեին միայն արական սեռի ներկայացուցիչները: Ով խարույկի վրայով ամենաբարձրը ցատկեր, նա ողջ կյանքում կլիներ ուժեղ ու բախտավոր:
Հայագիտության մեջ ընդունված տեսակետների համաձայն՝ տոնը ժառանգվել է կրակի՝ օջախի կրակը վառ պահելու հեթանոսական հավատալիքներից: Վերջիններս էլ աղերսվում են հեթանոս աստվածներ Տիրի, Վահագնի, Միհրի հետ:
Տոնի ամենից տարածված բաղադրիչը կրակի, խարույկի արարողությունն է: Խարույկը վառել են գիհու, ինչպես նաև թթենու ճյուղերից՝ դրան հետ օգտագործելով նաև ծղոտ ու չոր խոտ:



