
Եվրոպագիտություն
Магистерская программа
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնն իրականացնում է «Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագիրը, որը մշակվել է Եվրոպայի առաջատար հետազոտական համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ: Այս ծրագրի նպատակն է եվրոպական կառույցների քաղաքականության, տնտեսության, գործընկերության և անվտանգության համակարգերի ուսումնասիրության միջոցով զարգացնել ուսանողների վերլուծական հմտությունները և խնդիրների լուծման կարողությունները:
Ծրագիրը պատրաստում է եվրոպական ինտեգրման արդյունավետության գնահատման ու եվրոպականացման գործընթացների վերլուծության բարձրակարգ մասնագետներ, որոնք տիրապետում են համեմատական եվրոպագիտության մեթոդաբանությանը, ինչպես նաև եվրոպական ինտեգրման մոդելների և ռազմավարությունների մշակման համար պահանջվող կիրառական խնդիրների լուծման գործիքակազմին:
Դասընթացներն անցկացվում են հայերենով և անգլերենով:
Դասավանդում են դասախոսներ Հայաստանից և եվրոպական այլ երկրներից:
1,5 (մեկ ու կես) տարվա տևողությամբ 90 կրեդիտ «Եվրոպագիտություն» միջմասնագիտական մագիստրոսական կրթական ծրագրի նպատկն է ապահովել ուսանողներին գիտելիքներով, հմտություններով և կարողություններով, որոնք անհրաժեշտ են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, գիտահետազոտական կենտրոններում, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպություններում աշխատելու համար: Այդ նպատակներին հասնելու համար կենտրոնն անցկացնում է նորարական և միջմասնագատական դասընթացներ:
«Եվրոպագիտություն» մասնագիտության մագիստրոսական ծրագրի արտադրական և ուսումնական պրակտիկաների տևողությունը կազմում է ութ շաբաթ: Յուրաքանչյուր ուսանող ունի հնարավորություն ընտրելու կամ առաջարկելու իր նախընտրած միջազգային կազմակերպությունը կամ պետական կառույցը: Եվրոպագիտության ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան անցնում են հետևյալ կառույցներում (ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ արդարադատության և ֆինանսների նախարարություններում, բանկային համակարգում, Մարդու իրավունքների գրասենյակում):
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ
«Եվրոպագիտություն» մասնագիտության մագիստրոսական ծրագիրը բաց է բոլոր այն դիմորդների համար, ովքեր ունեն բակալավրի աստիճան և տիրապետում են հայերենին, անգլերենին: