
Եվրոպագիտություն
Մագիստրոսական ծրագիր
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնն իրականացնում է «Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագիրը, որը մշակվել է Եվրոպայի առաջատար հետազոտական համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ: Այս ծրագրի նպատակն է եվրոպական կառույցների քաղաքականության, տնտեսության, գործընկերության և անվտանգության համակարգերի ուսումնասիրության միջոցով զարգացնել ուսանողների վերլուծական հմտությունները և խնդիրների լուծման կարողությունները:
Ծրագիրը պատրաստում է եվրոպական ինտեգրման արդյունավետության գնահատման ու եվրոպականացման գործընթացների վերլուծության բարձրակարգ մասնագետներ, որոնք տիրապետում են համեմատական եվրոպագիտության մեթոդաբանությանը, ինչպես նաև եվրոպական ինտեգրման մոդելների և ռազմավարությունների մշակման համար պահանջվող կիրառական խնդիրների լուծման գործիքակազմին:
Դասընթացներն անցկացվում են հայերենով և անգլերենով:
Դասավանդում են դասախոսներ Հայաստանից և եվրոպական այլ երկրներից:
1,5 (մեկ ու կես) տարվա տևողությամբ 90 կրեդիտ «Եվրոպագիտություն» միջմասնագիտական մագիստրոսական կրթական ծրագրի նպատկն է ուսանողներին ապահովել գիտելիքներով, հմտություններով և կարողություններով, որոնք անհրաժեշտ են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, գիտահետազոտական կենտրոններում, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպություններում աշխատելու համար: Այդ նպատակներին հասնելու համար կենտրոնն անցկացնում է նորարական և միջմասնագիտական դասընթացներ:
«Եվրոպագիտություն» մասնագիտության մագիստրոսական ծրագրի արտադրական և ուսումնական պրակտիկաների տևողությունը կազմում է ութ շաբաթ: Յուրաքանչյուր ուսանող ունի հնարավորություն ընտրելու կամ առաջարկելու իր նախընտրած միջազգային կազմակերպությունը կամ պետական կառույցը: Եվրոպագիտության ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան անցնում են հետևյալ կառույցներում (ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ արդարադատության և ֆինանսների նախարարություններում, բանկային համակարգում, Մարդու իրավունքների գրասենյակում):
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ
«Եվրոպագիտություն» մասնագիտության մագիստրոսական ծրագիրը բաց է բոլոր այն դիմորդների համար, որոնք ունեն բակալավրի աստիճան և տիրապետում են հայերենին, անգլերենին:
Ընդունելության հարցաշար
1. Եվրախորհրդի հիմնադրումն ու ընդլայնումը:
2. Եվրախորհրդի ինստիտուցիոնալ համակարգն ու գործառույթները:
3. Եվրաինտեգրման քաղաքական, սոցիալական, տնտեսական և հոգևոր-մշակութային նախադրյալները:
4. ՀՀ-Եվրախորհուրդ համագործակցության հիմնական ձևաչափերը:
5. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի դերն ու նշանակությունը ՀՀ-ում:
6. ԵԱՀԿ-ի հիմնադրումն ու ընդլայնումը:
7. ԵԱՀԿ-ի ինստիտուցիոնալ համակարգն ու գործառույթները:
8. ՀՀ-ԵԱՀԿ համագործակցության հիմնական ձևաչափերը:
9. Եվրամիության հիմնադրումն ու ընդլայնումը:
10. Եվրամիության ինստիտուցիոնալ համակարգն ու գործառույթները:
11. Խորհրդարանական ժողովրդավարության մշակույթը ԵՄ անդամ պետություններում:
12. Կուսակցություններն ու քաղաքական խմբերը Եվրոպական խորհրդարանում:
13. Եվրոպական քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ համակարգը (հասարակական կազմակերպություններ, արհմիություններ, սոցիալական ցանցեր):
14. Եվրոպական հարևանության քաղաքականության սուբյեկտները, նպատակներն ու խնդիրները:
15. Արևելյան գործընկերության սուբյեկտները, նպատակներն ու խնդիրները:
16. ՀՀ-ԵՄ գործընկերության և համագործակցության հիմնական մակարդակները:
17. ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության ընդհանուր բնութագիրը Հարավային Կովկասում:
18. Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և Եվրոպական ընթացակարգերը (ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ):
19. Հարավային Կովկասը եվրաինտեգրման գործընթացում:
20. ՀՀ քաղաքական համակարգը եվրաինտեգրման գործընթացում:
21. ՀՀ կուսակցությունները եվրաինտեգրման գործընթացում:
22. ՀՀ տնտեսությունը Կոպենհագենի տնտեսական չափանիշների տեսանկյունից: